Հարգանքի տուրք՝ Սումգայիթյան ջարդերի 35-րդ տարելիցին

Այսօր՝ փետրվարի 28-ին, Սումգայիթյան ջարդերի 35-րդ տարելիցին Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական և հոգևոր ներկայացուցիչները Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին։
Համալիրում ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ։
1988թ․ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջկենտրոններում ԼՂ-ի՝ մայր Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով անցկացվող խաղաղ ցույցերիը ճնշելու, և ի պատասխան 1988թ․ փետրվարի 20-ին արցախահայության արդարացի և իրավական որոշման՝ Խորհրդային Ադրբեջանի հայաբնակ շրջաններում սկսվեցին հայ բնակչության ջարդեր և զանգվածային տեղահանություններ։
Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտությունը բռնի ուժով ճնշելու Խորհրդային Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության առաջին զոհերը դարձան Սումգայիթ քաղաքի հայ բնակիչները։
1988թ․ փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում նախապես մշակված ծրագրով տեղի հայերին դաժանաբար սպանում, ողջակիզում, խոշտանգում և անմարդկային կտտանքների էին ենթարկում, թալանում և այրում նրանց տները։ Ադրբեջանցիները չխնայեցին ո՛չ նորածնիններին, ո՛չ կանանց և աղջիկներին, ո՛չ տարեցներին։
Սումգայիթում և ապա հայաբնակ այլ շրջաններում 20-րդ դարավերջին մարդկության դեմ իրագործված ոճրագործությունը ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն, որը սակայն առ այսօր ճանաչված և դատապարտված չէ։
Ջարդերի հիշողությունը դաջված է Արցախի ժողովրդի հիշողության մեջ։ Այն մոռացնել չեն տալիս տեղի ունեցող դեպքերը։ Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանը վարում էր հենց այդ նույն ցեղասպանական քաղաքականությունը։