Հարգանքի տուրք՝ Սումգայիթյան ջարդերի 35-րդ տարելիցին
Գլխավոր » Լրահոս » Հարգանքի տուրք՝ Սումգայիթյան ջարդերի 35-րդ տարելիցին

Հարգանքի տուրք՝ Սումգայիթյան ջարդերի 35-րդ տարելիցին

Այսօր՝ փետրվարի 28-ին, Սումգայիթյան ջարդերի 35-րդ տարելիցին Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական և հոգևոր ներկայացուցիչները  Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին։

Համալիրում ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ։

1988թ․ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջկենտրոններում ԼՂ-ի՝ մայր Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով անցկացվող խաղաղ ցույցերիը ճնշելու, և ի պատասխան 1988թ․ փետրվարի 20-ին արցախահայության արդարացի և իրավական որոշման՝  Խորհրդային Ադրբեջանի հայաբնակ շրջաններում սկսվեցին հայ բնակչության ջարդեր և զանգվածային տեղահանություններ։

Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտությունը բռնի ուժով ճնշելու Խորհրդային Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության առաջին զոհերը դարձան Սումգայիթ քաղաքի հայ բնակիչները։

1988թ․ փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում նախապես մշակված ծրագրով  տեղի հայերին դաժանաբար սպանում, ողջակիզում, խոշտանգում և անմարդկային կտտանքների էին ենթարկում, թալանում և այրում նրանց տները։ Ադրբեջանցիները չխնայեցին ո՛չ նորածնիններին, ո՛չ կանանց և աղջիկներին, ո՛չ տարեցներին։

Սումգայիթում և ապա հայաբնակ այլ շրջաններում  20-րդ դարավերջին մարդկության դեմ իրագործված ոճրագործությունը ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն, որը սակայն առ այսօր ճանաչված և դատապարտված չէ։

Ջարդերի հիշողությունը դաջված է Արցախի  ժողովրդի հիշողության մեջ։ Այն մոռացնել չեն տալիս տեղի ունեցող դեպքերը։ Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանը վարում էր հենց այդ նույն ցեղասպանական քաղաքականությունը։

1