Մենք չենք հարմարվում այն մտքի հետ, որ Արցախն այլևս մերը չէ. Վիտյա Յարամիշյան
Հարցազրույց ԱրՊՀ պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանի հետ
—Արցախի տեղահանումից հետո արցախցիները ծանր հոգեբանական ճնշվածության և ընկճվածության մեջ են հայտնվել։ Թեև անցել է ավելի քան մեկ տարի, սակայն խնդիրը դեռևս մնում է։ Ի՞նչ խորհուրդ կտաք նման իրավիճակից հնարավորինս դուրս գալու և առաջ նայելու համար։
-Հասկանալու համար, թե ի՞նչ կարելի է անել, պետք է կարողանանք սթափ գնահատենք այն, ինչ կատարվել է: Արցախի հայությունը հայտնվել է զանգվածային գոյաբանական ճգնաժամի ճիրաններում: Ճգնաժամն իրավիճակ է, որը հոգեկանում առաջ է բերում բազմաթիվ բացասական հույզեր՝ անհանգստություն, վախ, զայրույթ, հուսահատություն, ցավ, անորոշություն, որոնք խանգարում են նորմալ գործելուն: Դրանց պատճառները կարող են տարբեր լինել՝ տեխնոգեն աղետներից մինչև հարազատի կորուստ: Մեր պարագայում պատճառն, ակնհայտորեն, բռնի տեղահանությունն է, դաժան հայրենազրկումը:
Մասնագետները գիտեն, որ հոգեկանն ունակ է իր ճկունության և փոխհատուցման մեխանիզմների շնորհիվ վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, բայց ոչ այն դեպքում, երբ փլուզվել են կայուն կառույցները, օրինակ՝ հիմնարար համոզմունքները: Այս իրավիճակը նման է տան փլուզմանը, ու, եթե քանդված տունը կարելի է շինանյութով վերակառուցել, ապա «փլուզված» հոգեկանը ինքնուրույն վերակառուցել, այն էլ՝ հասուն տարիքում, խիստ բարդ է: Բարդ է, բայց ոչ անհնարին: Եթե կան մարդիկ, ովքեր անկեղծ ցանկություն ունեն օգնելու դժվարության մեջ հայտնված մարդկանց, ապա կարելի է մի քանի խորհուրդներ տալ:
Եղե՛ք մարդկանց կողքին, կարեկցե՛ք: Փորձե՛ք հասկանալ զգացմունքները, մի՛ դատեք, մի՛ մեղադրեք, մի՛ վիճեք: Առաջարկե՛ք գործնական օգնություն՝ առօրյա գործերում: Հնարավորինս ցուցաբերեք սոցիալական աջակցություն. զրուցեք, միասին զբոսնեք, հյուր գնացեք կամ ընդունեք: Կազմակերպե՛ք ճիշտ սնուցում, թույլ մի՛ տվեք ալկոհոլի, դեղերի չարաշահում: Խրախուսե՛ք ֆիզիկական ակտիվությունը, կատարե՛ք կանոնավոր վարժություններ: Առողջ քունը կարևոր է մարմնի վերականգնման և մտավոր հավասարակշռության համար: Մարդուն հեռու պահեք նոր սթրեսային գործոնների ազդեցությունից: Եղեք համբերատար և աջակցող: Իմացեք, որ վերականգնումը ժամանակ է պահանջում. արագ արդյունքների մի՛ սպասեք:
Սակայն, հաշվի առեք, որ այս բոլորն ընդհանրական խորհուրդներ են, իսկ ինձ համար, որպես հոգեբանի, կարևորը դրական, կառուցողական մտածողությունն է: Օգնե՛ք մարդուն՝ կենտրոնանալու կյանքի դրական կողմերի վրա, այնպես, ինչպես փոքրիկ երեխան քայլել սովորելու համար հենվում է հասանելի առարկաների վրա, բռնում է մեկնած ձեռքը:
Մի՛ փորձեք լուծել բոլոր խնդիրները: Ձեր խնդիրն է՝ աջակցել մարդուն դժվար պահերին: Եվ մի՛ մոռացեք դիմել մասնագետի օգնությանը: Միայն նա կարող է կոնկրետ գնահատում կատարել և վերականգնման ռազմավարություն մշակել: Եթե մարդը լուրջ վնասվածք է ստացել, նա կարող է նաև հոգեթերապևտի օգնության կարիք ունենալ:
—Ձեր սոցիալական էջերում հաճախակի եք գրառումներ կատարում, որոնք բավականին արձագանք են ստանում մարդկանց կողմից։ Արցախցիներից դիմե՞լ են արդյոք ձեր մասնագիտական օգնությանը․․․
— Երբ Արցախից նոր էինք տեղահանվել, ես անհետաձգելիորեն ներգարվվեցի իմ հայրենակիցներին աջակցության ցուցաբերման աշխատանքներում, բազմամասնագիտական խմբի (հոգեբան, հոգեբույժ) կազմում ծավալուն աշխատանք կատարեցինք Արարատի մարզում, մասնավորապես, Մասիս, Արտաշատ, Վեդի խոշորացված համայնքներում՝ մեր ժողովրդին պատուհասած աղետի ծավալները գնահատելու, ինչպես նաև վերականգնողական աշխատանքների ռազմավարություն մշակելու համար: Փորձեցինք աջակցել Արցախի պետական համալսարանի ուսանողներին՝ տեղական բուհերում նրանց ներառելու, հետագա ուսումնառությունը սահուն կազմակերպելու համար: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես բնավորությումբ հանգիստ մարդ եմ, սակայն հավակնություններով՝ ոչ այնքան: Դասախոսական աշխատանքի անցա մի շարք պետական բուհերում, ստանձնեցի Հայաստանում ճանաչված մասնավոր բուհերից մեկի՝ «Հայբուսա» համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչի պարտականությունները: Այժմ ներգրավված եմ գիտահետազոտական աշխատանքում, որի թեման կրկին վերաբերում է արցախցիների էթնիկ ինքնության պահպանման, հիմնարար համոզմունքների վերակառուցման, նոր միջավայրում արդյունավետ հարմարման հիմնախնդիրներին:
— Ինչպե՞ս պետք է մոտենալ ինտեգրման հարցին, քանի որ մարդկանց մեծ մասը չի կարողանում հարմարվել նոր միջավայրին․․․
— Հարմարումը համապարփակ հասկացություն է: Այն ունի բազմաթիվ կողմեր՝ սոցիալ-կենցաղային, ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալ-հոգեբանական: Նրա ընթացքը նույնպես փուլային է, ու որոշակի ժամանակ է պահանջում, ինչպես պահանջում է մեր աչքի բիբը՝ փակ սենյակի մթությանը հարմարվելու համար: Առավել բարդը, այո՛, հոգեբանական հարմարումն է, քանի որ ենթադրում է հոգեկան ներքին կառույցների վերադասավորություն, ինչին սովորաբար ընդդիմանում է մեր կայուն դիրքորոշումների, համոզմունքների, սովորույթների, վարքի մոդելների՝ տարիներով մշակված համակարգը: Ընդ որում, հարմարվել սոցիալ-կենցաղային մակարդակով, այսինքն՝ ընտելանալ ու հաշտվել՝ դեռևս չի նշանակում հարմարվել նպատակներին: Պատկերացնելու համար բերեմ կալանավորների, գերիների օրինակը, ովքեր, գուցե, ընտելացել են անազատության պայմաններին կամ հաշտվել են իրավիճակին կամ ենթարկվել են ճակատագրի խաղին, սակայն այդպիսի իրավիճակը չի նշանակում, թե նրանք երջանիկ ու ինքնաիրականացած են իրենց զգում: Նման իրավիճակ ունենք արցախցիների պարագայում: Մեր հայրենակիցների կապվածությունն իրենց փոքր հայրենիքին հանրահայտ է: Մենք չենք հարմարվում այն մտքի հետ, որ Արցախն այլևս մերը չէ, կորուսյալ է՝ այստեղից բխող հետևանքներով…
-Ինչպիսի՞ մոտեցում պետք է ցուցաբերվի ծնողի և առհասարակ միջավայրի կողմից երեխաների հանդեպ, որ նրանք նոր միջավայրում իրենց խոցելի չզգան․․․
— Երեխաները մեր ապագան են, մեր հարստությունը: Մեծահասակները, թերևս, պետք է ձգտեն երեխաներին հեռու պահել ծանրագույն ապրումներից, որովհետև, ինչպես հայտնի է հոգեբանությանը, մանկական տրավմաները կարող են արտամղվել, այսինքն՝ հայտնվել ենթագիտակցական մակարդակում, հիշողության խորը շերտերում և տարիներ հետո դրսևորվել ու թույլ չտալ մարդուն, որպեսզի լիարժեք կյանքով ապրի:
Ինձ ճիշտ հասկացեք. ես կատարվածի մասին երեխաներին չպատմելու, նրանց անզգամ, ապազգային, կոսմոպոլիտ դաստիարակելու քարոզ չեմ անում, այլ կոչ եմ անում խնայել նրանց գերզգայուն և խոցելի, դեռևս լիարժեք չձևավորված հոգեկանը անդառնալի հոգեվնասումներից: «Ինչպե՞ս դա անել» հարցին ես արդեն փորձել եմ պատասխանել առաջին հարցին տրված անդրադարձում, իսկ այստեղ կավելացնեմ. կարիք չկա տեղի-անտեղի երեխաներին ներգրավել «մեծերի» գործերում: Նրանք հրաշալի ամեն ինչ հասկանում են, մեծերից ոչ պակաս ապրումներ են ունենում, բայց, միևնույն ժամանակ, միտված են լինում ոչ թե դեպի անցյալը, այլ դեպի ապագան: Ուստի եկեք երեխաների համար ապահովենք զարգանալու, կրթվելու, ներկա իրավիճակին հարմարվելու լիարժեք պայմաններ, ոգեշնչենք նրանց Շառլ Ազնավուրի, Մարշալ Բաղրամյանի օրինակներով, ովքեր ոչ միայն չեն նահանջել դժվարություններից, այլև հասել են մեծ հաջողությունների:
—Ձեր խոսքն ուղղված արցախահայությանը․ հնարավո՞ր եք համարում մեր վերադարձն Արցախ․․․
—Ես ամեն ինչն էլ հնարավոր եմ համարում: Ապագան նման է ամպին. կարող է կուտակվել, մթնել, բայց կարող է նաև ցրվել, անհայտանալ, կարող է անձրև տեղալ, կարող է արև շողալ: Նույնիսկ ամենածանր մղձավանջներում մենք չէինք պատկերացնում, թե Արցախի լիակատար հայաթափումը հնարավոր է: Այժմ էլ չպետք է բացառենք, որ մի «գեղեցիկ օր» կլինի Արցախի հայության հավաքական վերադարձը: Մեզ համար կարևոր է ոչ թե գուշակություններ անելը, այլ հավատալը: Հավատն ապրեցնում է, կյանք է տալիս: Ուրեմն, մենք՝ Ձեզ հետ միասին, գտանք բանաձև. նույնիսկ ամենաբարդ իրավիճակում կյանքն իմաստալից դարձնելու համար պետք է այդ կյանքով ապրել, արարել, ծրագրեր ու երազանքներ ունենալ, գործողություններ պլանավորել, կատարել փոքրիկ, բայց կառուցողական «ատոմային» քայլեր:
Որևէ տեղ հասնելու համար պետք է այդ ուղղությամբ գնալ: Հակառակ լուծում այդ խնդրի համար ինձ հայտնի չէ: Վերջում ցանկանում եմ իմ սիրելի հայրենակիցներին մաղթել ոգու ամրություն, դիմադրողականություն, անսահման հավատ ու անսպառ եռանդ, և, իհարկե, հավաքական վերադարձ: Հավատացեք. վերջը դեռ չի եղել: Վերջը երբեք չի գալիս: Լինում է դժվարություն, որը պետք է հաղթահարել:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ