Հարազատները չգիտեն՝ որտեղ փարատեն իրենց վիշտը, որտեղ ծաղիկներ խոնարհեն․․․
Արցախյան պատերազմը մեզանից հազարավոր կյանքեր է խլել: Ցավոք, շատ շատերն անգամ չեն հասցրել ճաշակել կյանքի քաղցրությունները․ նրանք թողել են միայն չսպիացող վերքեր և խոսուն հայացքներով շիրմաքարեր։ Գերեզմաններն են սոսկ հարազատների սփոփման վայրը, որտեղ կարողանում են զրուցել տղաների հետ, խնկարկել նրանց հիշատակը։ Սակայն 2023 թվականի՝ Արցախի հայաթափումից հետո մեր տղաների սուրբ շիրիմները մնացին գերության մեջ․ այսօր հարազատները չգիտեն՝ որտեղ փարատեն իրենց վիշտը, որտեղ ծաղիկներ խոնարհեն։
2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Վլադիմիրի Խաչատրյանի հարազատները չեն կարողանում ներել իրենց, որ Արթուրին մենակ են թողել․․․
-Արթուրն ինձ համար եղբայր էր։ Վերջին տարիներին ապրում էր մեր ընտանիքի հետ։ Նրա ներկայությունը մեր տանը հանգստություն ու մի յուրահատուկ խաղաղություն էր բերում։ Նրա մեջ այնքա՜ն բարություն ու ազնվություն կար։ Սիրում էր նվերներով տուն գալ, ուրախացնել տղայիս՝ Գրիշային, ու միշտ ասում էր, որ ինքը չի տեսել, թող փոքրիկը լավ մանկություն տեսնի։ Տոն օրերին ծաղիկներ էր նվիրում ինձ․ առհասարակ հոգատար էր բոլորի հանդեպ։ Շատ էր սիրում ժամանակ անցկացնել երեխաների հետ, մանկան պես հրճվում էր, խաղում հետները։ Սեպտեմբերի 26-ին դուրս եկավ բակ ու նկարեց մեր շենքի երեխաներին։ Դա վերջին հանդիպումն էր փոքրիկների հետ։
Սեպտեմբերի 27-ից Արթուրն իր ծառայակից ընկերների հետ մարտի դաշտում էր։ Հոկտեմբերի կեսերից կտրվեց նրա հետ կապը։ Բոլորս սպասում էինք, աղոթում, աղերսում Աստծուն, որ նա տուն վերադառնա, սակայն անգութ ճակատագիրը շարունակում էր իր սև գործը․․․ Արթուրը դարձավ լուսավոր մի հուշ և երբեք չմարող ցավ։ Տղաս շատ է հիշում նրան ու ամեն օր հարցնում է, թե երբ է վերադառնալու Արթուրը։ Դժվարանում եմ պատասխանել։ Ինձ համար ցավալի է, որ ասեմ՝ մեր սիրելի Արթուրը այլևս չի վերադառնալու։ Սիրտս թեթևանում է գեթ նրանով, երբ հիշում եմ, որ Արթուրին կարողացել եմ ընտանեկան ջերմություն տալ,-պատմում է Օվսաննան՝ Արթուրի եղբոր կինը, որն այսօր ապրում է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում։
Արցախի տեղահանումից հետո Խաչատրյանների գերդաստանը ցրվել է Հայաստանի տարբեր մարզերով մեկ։ Ինչպես բոլոր արցախցիները, նրանք նույնպես ծանր են տանում իրարից բաժանող հեռավորությունը, առանձնապես մորմոքվում Արցախում մենակ մնացած Արթուրի համար, որի հանդեպ ճակատագիրն ի վերուստ էր կայացրել իր անարդար որոշումը։ Արթուրը փոքրիկ քրոջ՝ Հերմինեի հետ պիտի հայտնվեր Հայաստանի մանկատներից մեկում, ապա արցախցի ընտանիքի կողմից որդեգրվեր ու․․․ կրկին որբանար։ Հանկարծակի հիվանդությունից կյանքից հեռացան՝ սկզբից մայրը, ապա հայրը։ Շուշիկ և Վլադիմիր Խաչատրյանների որդեգրած երեխաների հոգսն ընկավ նրանց հարազատների վրա։ Ընտանիքը, որտեղ ապրում էր, բազմանդամ էր։ Մորը փոխարինած Հերսիկ Խաչատրյանը տղային բարի աչքով էր նայում, խնամում՝ ինչպես հարազատի։ Տարիներն անցնում էին գլորվելով, և Արթուրը կարողանում էր դիմանալ կյանքի մարտահրավերներին ու կայանալ՝ որպես Արցախի լիարժեք քաղաքացի։ Ավարտելով Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը՝ ընդունվեց ԱրՊՀ իրավագիտության բաժինը և ձեռք բերեց իրավաբանի մասնագիտություն։ Նոր կյանք էր ցանկանում ստեղծել, ու դրան հասնելու, սրտում ամբարած երազանքներն ի կատար ածելու համար տարբեր աշխատանքներ էր կատարում՝ ուսմանը զուգահեռ։ 2020 թվականին ծառայում էր ԱՀ ՊԲ շարքերում։
Հերոսի քույրը՝ Հերմինեն, չի հաշտվում այն մտքի հետ, որ էլ չի կարողանալու ծաղիկներ խոնարհել եղբոր հիշատակին։
-Եղբայրս կրկին է որբացել։ Նրան թողել ենք մենակ ու գերության մեջ։ Վախենում եմ մտածել անգամ, թե թշնամու կողմից ինչպիսի վայրագություններ կարող են կատարվել մեր տղաների շիրմաքարերի հետ։ Արցախից ինձ հետ բերել եմ եղբորս նկարը ու ամեն օր խոսում եմ հետը, մտաբերում խորհուրդները։ Արթուրն ինձ ապրելու ուժ է տալիս
ու երկնքից հսկում մեզ։ Միակ երազանքս՝ Արցախ վերադառնալն է ու եղբորս գերեզմանին այցելելը,-ասում է Հերմինեն։
Ցավոք, Խաչատրյանների գերդաստանը 2020 թվականից հետո շատ կորուստներ է ունեցել։ Սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհվել է Ռազմիկ Խաչատրյանը, նույն օրը Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում թշնամու հրետակոծությունների զոհ են դարձել փոքրիկ Միքայելն ու Հայկն, իսկ բոլորովին վերջերս Լոռու մարզի Մեծավան գյուղում շմոլ գազի թունավորումից մահացել է ընտանիքի կրտսեր զավակը՝ Հարութը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ