Հարատև կռիվ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ

Հարատև կռիվ

Հայրենիքի առկայությունը յուրաքանչյուր ազգի կազմության, հարատևման և զարգացման կարևորագույն ազդակներից է: Պատահական չէ, որ որևէ ազգի պատկանելիությունը, ազգի մասնիկներին միմյանց կապող գաղափարը հայրենակցություն բառով է բացատրվում: Հայրենիքն առանցք է, որտեղ համախմբվում է իրեն ազգ համարող մարդկային հավաքականությունը: Հաճախ ազգի և հայրենիք համարվող տարածաշրջանի անվանումները նույն արմատից են սերում:

Ազգային դաստիարակության մեջ այս առումով մեծ տեղ է հատկացվում հայրենասիրության իմաստին: Ազգի հարատևման համար նվիրումը, զոհաբերությունը հայրենասիրությամբ է բնորոշվում:

Առօրյա կյանքում հայրենիքի և հայրենասիրության վեհ գաղափարներն ու իմաստները հաճախ նկատելի չեն լինում: Հանուն վեհ գաղափարների պայքարն ու զոհաբերությունն արտացոլվում է պատմության մեջ շրջադարձային պահերին:
Սակայն դա չի նշանակում, որ ազգային գաղափարների անտեսման և առօրյա կենցաղային մանրուքների մեջ մտնելով երբևէ արժեզրկվում են այդ իմաստները՝ իրենց տեղը զիջելով անցողիկ, քաղքենի բարքերին:

Համաշխարհայնացման հետևանքով համամարդկային արժեքների խեղաթյուրման հորձանուտում այլասերվում է նաև պետության դերն ու անելիքը հայրենիքի և ազգի նկատմամբ: Այսպիսով՝ պետությունը դիտվում է ոչ թե որպես ազգի և հայրենիքի պահապան կառույց, այլ հասարակության սոցիալական հարցերը լուծող ու առօրյա կենցաղային հոգսերը փարատող մարմին: Պետության այս ձևախեղման հիմնական շահառուն անպիտան, աթոռամոլ և անողնաշար իշխանություններն են, ինչպես Հայաստանի Հանրապետությունում գործող և «վերընտրված» իշխանությունները: Պատահական չէ, որ հանրության ազգային առողջ գաղափարախոսություն ու ազգային արժեքներ կրող խավերը, հայրենիքի կորստին ականատես լինելով, պահանջում էին օր առաջ այս իշխանությունների հեռացումը: Դավաճանությունն այլևս իրողություն է, որը պատմությունը, այս աղետը
պատուհասած իշխանությունների ճակատին խարանելուց բացի, այլ ելք չի նախատեսում:

Վերը նշված տեսական վերլուծությունը պետական համակարգի այլասերման հարցով իրականություն դարձավ Հայաստանի Հանրապետության՝ հունիսի 20-ին կայացած ընտրություններում: Թեև գործող իշխանությունը գլխավոր դավաճանի խարանը կրող վարչապետի գլխավորությամբ կարողացավ զանգվածային խաբեության միջոցով ձեռք բերել քվեների մեծամասնությունը, սակայն գաղափարական ունայնությունն ակներև է և համատարած: Թատերաբեմում անընդհատ կրկնվող ժողովրդի կամքի, ժողովրդավարության, վրեժի ու ցասումի քողարկումներով այս բեմադրությունն այլ բան չէ, քան պատուհասած աղետի շարունակության սկիզբ: Հայրենիքի կորուստը, ազգային ինքնության ճգնաժամը, հայրենասիրությունը որպես հետամնացություն և գավառամտություն ներկայացնելը՝ ազգին դեպի կործանում տանող ուղու շարունակությունն է:

Իմաստներն ու արժեքները ոչնչացվում են հանուն իշխանության պահպանման: Սրանով է բնորոշվում մերօրյա քաղաքական դաշտը, իսկ այս իրողության ճեղքումը կարող է տեղի ունենալ միայն ասպետականության ոգով օժտված անհատականությունների հարատև վճռական պայքարով:

Ուրեմն, ինչպես ՀՅԴ հիմնադիր, հայկական ազատագրական պայքարի ռահվիրա Քրիստափոր Միքայելյանն իր «Ամբոխային տրամաբանություն» աշխատության մեջ է հուշում՝  «Յարատեւ կռիւ-յաճախ եւ երկար ժամանակ գուցէ անյաջող՝ չնայած երբեմն նույնիսկ իր լայն ծաւալին,- ահա թե ուր է մեր փրկութեան բանալին: Պահպանե՛նք շարունակե՛նք կռիւը, որպէսզի լայնանայ, ընդարձակւի, եւ ընդարձակւելով՝ յարատեւի-ահա դէպի մեր նպատակը տանող միակ ճանապարհը»:

«Ապառաժ»-ի խմբագրական

30 հունիսի, 2021թ.

1