Հանուն արդարության եւ խաղաղության
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայից իր ուժերի դուրսբերման մասին, կանաչ լույս վառվեց Թուրքիայի համար՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու: 2019թ. առաջին ամիսներին Սիրիայի պետական ուժերի մի շարք հաջողություններից հետո խաղաղության հաստատման հույս էր ծագում: Ստեղծված փխրուն հավասարակշռությունն այս անգամ խախտվեց հատկապես այն ուժերի կողմից, որ թվում էր, թե հենց խաղաղություն հաստատելու պատրվակով են գտնվում տարածաշրջանում:
Թուրքիան միշտ էլ տարածքային խնդիրներ է ունեցել Սիրիայի հետ: Իսկ Սիրիայում և Իրաքում քրդական կիսանկախ պետությունների հաստատումը վերջին շրջանում մտահոգիչ երևույթ է դարձել Թուրքիայի համար՝ երկրի տարածքային ամբողջականության առումով:
Հյուսիսային Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելով՝ Թուրքիան միանգամից լուծում է երկու հարց՝ Սիրիայի հետ տարածքային հարցը և քրդական զինյալ խմբերի հեռացումն իր սահմաններից: Ինչևէ, տարածաշրջանը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, պայթյունավտանգ իրավիճակը շարունակվում է Արցախից ընդամենը 400 կմ դեպի հարավ-արևելք: Այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, ուղղակի ազդեցություն կարող է ունենալ նաև Արցախյան հիմնահարցի թեժացման, ինչպես նաև լուծման ուղղությամբ տարվող երևացող և աներևույթ պայմանավորվածությունների վրա:
Թուրքիայի պարագայում միջազգային հանրության մեղմ վերաբերմունքը ապացուցում է չբացահայտված պայմանավորվածության առկայությունը: Թուրքիայի նման սանձարձակութունը կարող է օրինակ դառնալ նաև «կրտսեր եղբոր»՝ Ադրբեջանի համար: Պատահական չէ, որ Սիրիայի վրա հարձակման շաբաթը չլրացած՝ Թուրքիայի նախագահը Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարում է, որ «Թուրքիան պատրաստ է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու համար»:
Հայկական կողմին մնում է պատրաստ լինել ցանկացած զարգացման:
Նախևառաջ, քրդերի օրինակն ապացուցեց, որ սեփական ուժերի վրա հենվելը և բանակի ամրապնդումը խաղաղության պահպանման գլխավոր երաշխիքն է: Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստ լինենք պատերազմին և այդ պատերազմը ևս մեկ անգամ հաղթանակով պսակելուն:
Անհրաժեշտություն է նաև օր առաջ փարատել երկու հայկական պետությունների իշխանությունների միջև առկա անհանդուրժողականության մթնոլորտը: Այս լարված մթնոլորտը մեղմացնելու համար պետք է օրինականացնել երկու հայկական պետությունների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները՝ խոցելի չդարձնելու համար հայկական զույգ պետությունների իրավական հարաբերությունները միջազգային մակարդակում: Պատեհ առիթ է միջպետական ռազմավարական դաշինքի կնքման համար:
Ներքին ինքնակազմակերպման գործընթացներին զուգահեռ՝ կարևոր է նաև միջազգային մակարդակով հարթակներ ստեղծելու աշխատանքը: Այդ ուղղությամբ Արցախի և Հայաստանի հանրապետությունների արտաքին գերատեսչությունները չպետք է դադար ունենան: Այստեղ կարևոր անելիք ունեն նաև Սփյուռքի հայկական կազմակերպություններն ու առանձին անհատներ: ՀՅԴ-ն միշտ կարևորել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Անցյալ շաբաթ այդ ուղղությամբ տարվող հարատեւ աշխատանքի մի բաժինը միս ու արյուն դարձավ: ՀՅԴ-ի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միասնական ջանքերով Արցախում կայացավ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը:
«Ապառաժ»-ի խմբագրական, 17 հոկտոմբորի, 2019թ.