Հանրությանը ներարկել պայքարի ոգի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Հանրությանը ներարկել պայքարի ոգի

Հանրությանը ներարկել պայքարի ոգի

Ճգնաժամերի կառավարման համար անհրաժեշտ պայման է կարգապահությունը: Կարգապահությունն իր մեջ ենթադրում է համատարած և առանց խտրականության կանոնների ու կարգերի կիրառում:

Դեկտեմբերի 12-ից Արցախի շրջափակումը ճգնաժամային կարգավիճակ է ստեղծել երկրում, իսկ դրա կառավարումն առաջնային օրակարգ է իշխանությունների համար:

Շուրջ մեկ ամիս է, որ մարդասիրական օգնություններով և ռուս խաղաղապահների, ինչպես նաև Կարմիր խաչի ներգործուն մասնակցությամբ Արցախում նվազել է շրջափակման հետևանքով առաջացած առաջին անհրաժեշտության ապրանքների սղությունը: Արդեն բնակչությունը վարժվել էր իրողությանը և անտարբերության մթնոլորտ էր տիրում բուն խնդրի՝ շրջափակման նկատմամբ: Այդ անտարբերությանը նպաստեց նաև իշխանությունների որոշումը՝ «խիստ անհրաժեշտ պայմաններում» քաղաքացիների երթևեկության արտոնումը: Սակայն իրադարձությունների զարգացումը թույլ չտվեց, որ դյուրահավատության և միամտության «ցանկալի» մթնոլորտը  շարունակվի:

Հունիսի 16-ից Հայաստանի Հանրապետության տարածքում, Հակարի գետի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման պատրվակով փոխվեց իրավիճակը:

Ադրբեջանական կողմն արգելափակեց Արցախ մուտք գործող մարդասիրական օգնությունների և դեղորայքի մատակարարումը, մինչև իսկ չթույլատրվեց ծայրահեղ կացության մեջ գտնվող հիվանդների տեղափոխումը մայր Հայաստան: Խոչնդոտներ ստեղծվեցին նաև ռուս խաղաղապահների տեղաշարժի համար:

Այս պայմաններում Արցախում առաջնային խնդիր է խուճապային տրամադրությունների զսպումը: Այդ կարևոր հանգամանքը առաջին հերթին պետք է լինի Արցախի իշխանությունների ամենօրյա օրակարգում: Հանրության հետ բաց, անկաշկանդ զրույցը, ստույգ տեղեկատվությունը և, ինչպես նշվեց, կարգապահությունը այն գործոնները պետք է դառնան, որոնց միջոցով պետք է նվազագույնի հասցնել խուճապային իրավիճակները:

Արցախի իշխանությունները փոխանակ վերջին ամիսներին զորաշարժի ենթարկեն պետական, հանրային և մասնավոր բոլոր կարգի ներուժը, անում են ճիշտ հակառակը՝ ցուցաբերում են անճարակություն և կեղծ պատրվակներով փորձում են արդարացնել իրենց գործողությունները՝ հատելով իրենց կողմից սահմանված կարմիր գծերը:

Պետական կուռ համակարգի պահպանումը չի նշանակում, որ պետք է կատարել անհասկանալի փոփոխություններ պետական կառույցների գործառույթների մեջ, հաճախակի կադրային փոփոխություններով խառնաշփոթ ստեղծել, խորացնել անորոշությունը և այդ ամենի արդյունքում անհուսության տրամադրություններ սերմանել հանրության մեջ:

Հանրությանը պետք է փոխանցել գաղափարական լիցք: Նպատակը դարձնել ոչ թե «լավ ապրուստի» ապահովումը, այլ, դժվար ապրելակերպով հանդերձ, hայրենիքում ազատ ու անկախ ապրելու պայքարի համար պատրաստակամությունը: Ահա այն բանալի գաղափարախոսությունը, որն այսօր պետք է տիրական լինի Արցախում:

«Ապառաժ»-ի խմբագրական

17 հունիսի, 2023թ.

1