Հանրային ռադիոն ունակ է ավելի ներկայանալի ու պահանջված լինել. Այսօր ռադիոյի միջազգային օրն է
Ռադիոյի միջազգային օրը, ինչպես ընդհանրապես յուրաքանչյուր մասնագիտական տոների դեպքում, ռադիոյի աշխատակիցներին որոշակի տոնական տրամադրություն է հաղորդում: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է Արցախի հանրային ռադիոյի գլխավոր խմբագիր Արայիկ Վանյանը` անդրադառնալով օրվա կարևորությանն ու խորհրդին: Նրա խոսքով, միևնույն ժամանակ, որքան էլ այնուամենայնիվ, կորոնավիրուսային համավարակի պայմանավորված իրավիճակն իր ազդեցությունը թողնում է տրամադրության վրա: Բնականաբար, այսօր ևս Հանրային ռադիոն շարունակում է աշխատել իր բնականոն ընթացքով: Իհարկե, արտակարգ իրավիճակը աշխատանքի կազմակերպման մեջ որոշակի խմբագրումներ է մտցրել: Նվազագույնի են հասցվել անմիջական հարցազրույցներն ու հանդիպումները, որոնք հնարավորինս կազմակերպվում են հեռավար ձևաչափով:
Անդրադառնալով Արցախյան լրատվադաշտում Հանրային ռադիոյի ներկայության վերաբերյալ հարցին, գլխավոր խմբագիրը մասնավորապես ասաց.
«Արցախյան լրատվադաշտում ռադիոն ներկա է, սակայն ոչ այն չափով, որքանով կարող էր: Այսօր ռադիոն ունակ է ավելի ներկայանալի ու պահանջված լինել ռադիոլսողի մոտ, քան ներկայիս իրականությունն է: Նույնիսկ մասնավոր ռադիոկայանները, ելակետ են ընդունում աշխատանքի միանգամայն այլ` մեծ ծավալներ: Մինչդեռ` Արցախի հանրային ռադիոն, վերջին մի քանի տարիներին աշխատում է հինգժամյա եթերաժամով, ինչը չենք կարող բավարար համարել: Նույնը վերաբերում է նաև ստուդիական ձայնի որակական հատկանիշներին: Հանրային ռադիոյի տեխնիկական վերազինումը` ստուդիաների կահավորմամբ ու սարքավորումներով և ժամանակակից այլ միջոցներով, վաղուց արդեն հրատապ անհրաժեշտություն է: Այդ առումով ներկայիս պայմանները բավականին հեռու են ժամանակակից ռադիոյի պահանջներից և որևէ չափորոշչի չեն համապատասխանում»,-մանրամասնեց Ա. Վանյանը` հավելելով, որ ձայնային բարձր որակի ապահովման դեպքում միայն, հնարավոր է ունենալ ռադիո, որը կարելի է հեռարձակել շուրջօրյա: Նրա հաղորդմամբ, այդ ուղղությամբ որոշակի ուսումնասիրություններ ժամանակին կատարվել են, սակայն առ այսօր գործնական որևէ լուծում չունենք: