Հանդիպում ավագ և երիտասարդ սերնդի ուսուցիչների միջև
Հոկտեմբերի 5-ին Ուսուցչի մասնագիտական տոն օրվա առթիվ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության «Արտակ Իշխանյան» խումբը նախաձեռնել է հանդիպում ավագ և երիտասարդ սերնդի ուսուցիչների միջև:
Թեյախմության սեղանի շուրջ ջերմ ու հետաքրքիր քննարկումներ են արվել ուսուցման ժամանակակից մեթոդաբանության, ստեղծված արհավիրքից դուրս գալու եղանակների, կրթական համակարգում առկա թերությունների, ուսուցչի մեծ պատասխանատվության ու առաքելության վերաբերյալ:
ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, դասախոս Մելանյա Բալայանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպված միջոցառման համար, նշեց, որ երկրի անվտանգության հիմքը դրվում է հենց դպրոցում, և, ցավոք, այսօրվա դպրոցը բարեփոխումների կարիք է զգում:
Հայ իրականության մեջ ուսուցչի դերը միշտ էլ բարձր է եղել: Կորյունն իր «Վարք Մաշտոցի» գրքում Մաշտոցին մեծարում է ոչ թե տառերը ստեղծելու, այլ իր ուսուցիչը լինելու համար:
«Ուսուցիչները երկրի վրա քայլող աստվածներ են», — իր խոսքում շեշտեց Ա. Սարգսյանը: Ըստ նրա՝ ուսուցիչը և դաշնակցականը ունեն նմանություն, այն, որ դաշնակցական և ուսուցիչ ոչ թե դառնում են, այլ ծնվում:
ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, դասախոս Վահրամ Բալայանի խոսքով՝ մենք պարտված հողում չենք ապրում, այս հողը պարտություններից զատ նաև շատ հաղթանակներ է տեսել, ուստի մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք լավագույն ավանդույթները մատաղ սերնդին ներկայացնելու գործում:
Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամներ:
Միջոցառման ավարտին ուսուցիչներն ու դասախոսները ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից ստացան խորհրդանշական նվերներ ու ծաղիկներ: