Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արցախի համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ
Գլխավոր » Լրահոս » Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արցախի համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ

Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արցախի համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ

Մայիսի 25-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և թեմական խորհրդի անդամների մասնակցությամբ կայացավ հանդիպում Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում, ի թիվս Արցախի թեմի գրասենյակի կողմից տարվող աշխատանքների մասին հաշվետվության և անելիքների մասին իրազեկման, կարևորվեց արցախահայության միասնականության անհրաժեշտությունը՝ միտված համահավաք վերադարձի հասնելուն: Սրբազանի խոսքով՝ վերադարձ կլինի Քրիստոսով: Իսկ մինչ այդ պետք է շարունակել առաջ նայել և հավատալ, որ կտեսնենք այդ երանելի օրը, երբ նորից մեր ոտքը կդիպչի Արցախի հողին:

Մայիսի 22-ին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և թեմական խորհրդի անդամները հանդիպել էին Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» պետհավատարմագրված համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։

Սրբազանն իր խոսքում անդրադարձավ Արցախի հետ առնչվող պետական ու հասարակական տարբեր կառույցների, անհատների հետ հանդիպումների կարևորությանը, մասնավորապես ընդգծելով, որ նման հանդիպումները նախ միտված են պահպանելու արցախահայության միասնությունը՝ անկախ բնակության վայրից, քննարկելու մեր պետականության պահպանման հիմնախնդրի կարևորությունը, Արցախում ներկայումս տիրող իրավիճակը, առավելապես կապված Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության մի կողմից ոչնչացման, մյուս կողմից միջազգային հարթակներում միանգամայն խեղաթյուրված ներկայացնելու փաստերին և այդ ամենին հակադարձելու գործիքակազմերը։

Արցախի թեմի գրասենյակի կողմից տարվող աշխատանքների մասին ներկայացրեցին խորհրդի անդամներ՝ գրասենյակի ղեկավար Մելանյա Բալայանը, ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը, թեմական խորհրդի անդամներ Արմինե Ալեքսանյանը և Կարեն Միրզոյանը։ Իր խոսքում «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դ․ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և կարևորեց նման հանդիպումները՝ հավաստիացնելով, որ միշտ պատրաստ են լինել եկեղեցու կողքին։ Վերջում ներկաներն աղոթք հնչեցրեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների համար։

1