Արցախցիների սոցիալական խնդիրների քննարկման նպատակով հանդիպում
Հոկտեմբերի 27-ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում կայացել է հանդիպում արցախցիների հետ։ Հանդիպումը հրավիրել էին «Մայր Հայաստան» շարժումը և «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը։ «Մայր Հայաստան» շարժումը և «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակն այս տարվա հունիսից համատեղ ծրագիր են իրականացնում՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին անվճար իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով։
Կատարված աշխատանքների մասին ընթացիկ հաշվետվություն ներկայացնելու, արցախցիների սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելու, հաճախ կրկնվող խնդիրների վերաբերյալ մասնագիտական պատասխաններ հնչեցնելու և արցախցիների վերադարձի իրավունքի իրացման հնարավորությունների վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար հրավիրվել է հավաք, որին ակտիվ մասնակցություն են ունեցել արցախցի մեր հայրենակիցները։ Նրանք իրենց հուզող հարցերն են բարձրաձայնել, քննարկել Արցախ վերադարձի հնարավորության, ՀՀ քաղաքացիության ընդունման, սոցիալական ու այլ խնդիրների վերաբերող հարցեր։