Հանդիպում՝ լի կարոտով, հույսով ու հավատով․․․
Մեկ տարի է անցել Արցախի տեղահանումից։ Մեկ տարի՝ լի ցավով, կարոտով, հույսով ու հավատով։ Ու հենց այդ անդիմադրելի ապրումները ստիպեցին Արցախի Մարտունու շրջանի Եմիշճան գյուղի բնակիչներին հանդիպել իրար հետ։ Հանդիպումը լի էր հուզմունքով, ջերմությամբ ու կարոտով։ Անվերջ գրկախառնություններ ու երանության հասնող հիշողություններ․․․ Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող եմիշճանցիների ուրախությանը չափ չկար․ շատ էին կարոտել իրար։
Նրանք չեն կարողանում հարմարվել իրականությանը, Արցախից բացի որիշ ոչ մի տեղ իրենց լիարժեք չեն զգում։ Եմիշճանցիները վերապրեցին անցածը, կրկին ցավ ապրեցին Արցախի կորստի համար, հարգեցին զոհերի հիշատակը, հիշեցին բոլորին։ Եվ ինչպես աշխարհով մեկ ցրված բոլոր արցախցիները, նրանք միայն մի բան են երազում՝ վերադառնալ հայրենի բնօրրան։ Իսկ մինչ այդ երանելի օրը կգա, նրանք որոշեցին հաճախակի հանդիպել իրար հետ․ չէ՞ որ այսօր, ավելի քան երբևէ, արցախցիներին հարկավոր է միասնական և ուժեղ լինել․․․