Հանդիպման մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահների տելեգրամյան ալիքը

Այսօր ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Ա.Ա. Վոլկովը հանդիպում է անցկացրել Արցախի մի խումբ հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ռուս խաղաղապահների տելեգրամյան ալիքում:
Հրապարակված լուսանկարից պարզ է դառնում, որ հանդիպմանը ներկա էին «Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը, «Իմ իրավունքը» շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանը, ԼՂՀ Շուշիի շրջանի նախկին դատախազ, այժմ ԱՀ Նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ Վահրամ Ղահրամանյանը:

Ինչպես տեղեկանում ենք խաղաղապահների տելեգրամյան ալիքից, հանդիպման ընթացքում Ա.Ա. Վոլկովը ներկայացրել է խաղաղապահ զորակազմի դիրքորոշումը ընթացող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը կանխելու համար:
Հատկանշական է, որ «ընդդիմադիր ներկայացող» և Արցախում հաճախ հակառուսական տրամադրություններ տարածող անձանց չի հետաքրքրել և չի մտահոգել գլխիվայր դրված Հայաստանի ու Ադրբեջանի դրոշների առկայությունը:

Մահոգիչ է հատկապես, որ թափանցիկություն պահանջող և հանրությանը անաչառ տեղեկատվության փոխանցման ջատագով ֆեյսբուքյան ակտիվիստները, որոնք մասնակից էին նշյալ հանդիպմանը, որևէ տեղեկատվություն չեն հրապարակել հանդիպման մասին: