Համերգը հիշատակի հուշ-երեկո էր, երախտիքի խոսք՝ այստեղ ապրող մեր հայրենակիցներին. Զաքար Քեշիշյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Համերգը հիշատակի հուշ-երեկո էր, երախտիքի խոսք՝ այստեղ ապրող մեր հայրենակիցներին. Զաքար Քեշիշյան

Համերգը հիշատակի հուշ-երեկո էր, երախտիքի խոսք՝ այստեղ ապրող մեր հայրենակիցներին. Զաքար Քեշիշյան

«Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար, լիբանանահայ Զաքար Քեշիշյանը կրկին Արցախում է:

Առաջին անգամ Զաքար Քեշիշյանը Արցախ էր ժամանել 1988 թ-ին՝ Երևանից մի խումբ ուսանողների հետ համերգներ տալու և առաջին հայացքից սիրահարվել Արցախին։ Այդ օրից ի վեր նա տարվա 10 ամիսը Լիբանանում է, իսկ մյուս 2 ամիսը՝ Շուշիում, այժմ՝ Ստեփանակերտում: Հորից ժառանգաբար փոխանցված սերն առ երաժշտություն նրան ստիպում է և՛ Լիբանանում, և՛ Արցախում զբաղվել նույն գործով:

«Ապառաժ»-ը զրուցել է Զաքար Քեշիշյանի հետ՝  պատերազմից հետո նրա ապրումների և Արցախում նրա ծրագրերի մասին:

-Ի՞նչն է Ձեզ ամեն անգամ  Արցախ բերում:

-Իմ հայկական պատկանելությունն ու հայեցի դաստիարակությունը:

Զաքար Քեշիշյանը, հավատարիմ մնալով ՀՅԴ «Դեպի երկիր» կոչին, 29 տարի առաջ եկավ Շուշի, որտեղ և հիմնեց «Վարանդա» երգչախումբը:

-Դուք ամեն տարի լինում էիք Արցախում: Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք այս անգամ՝ պատերազմից հետո Արցախ մուտք գործելիս:

-29 տարի անընդհատ գալով Արցախ՝ այս անգամ ինձ համար սոսկալի ծանր էր  գալ Արցախ, անցնել Շուշիի տակով և չմտնել Շուշի, անցնել այն ճանապարհով, որտեղ մենք բազմաթիվ նահատակներ ենք ունեցել: Սակայն գալով Արցախ, շփվելով արցախցի մեր հայրենակիցների հետ՝ հոգեփոխվեցի, խաղաղվեցի, հավատով լցվեցի վաղվա օրվա հանդեպ ու սկսեցի աշխատանքները երգչախմբի հետ:

-Ինչպե՞ս ստեղծվեց «Վարանդա» երգչախումբը:

-«Վարանդա» երգչախումբը ստեղծել եմ Շուշիի ազատագրած տաում: Այդ ժամանակ ստեղծեցինք «Արամ Մանուկյան» վարժարանը, որի հիմնադիրներից եմ: Այդտեղ ունեինք մշակութային խմբեր, որոնցից մեկն էլ «Վարանդա» երգչախումբն է: Այդ օրից ի վեր ամեն տարի ես 2 ամիս նվիրում եմ երգչախմբին՝ պատրաստելով նոր համերգներ՝ նոր երգացանկով: Այս 29 տարիների ընթացքում ստեղծվել են 164 երգեր՝ երգչախմբի համար:

Երչախումբը համարվում է Բեյրութի համազգայինի իմ «Այգ» երիտասարդական և «Կարկաչ» մանկապատանեական երգչախմբերի քույր երգչախումբը, որոնց հետ միացյալ համերգներ ենք ունեցել Լիբանանում, Երևանում և Գյումրիում:

 -Այժմ  ի՞նչ վիճակում է «Վարանդա» երգչախումբը:

-«Վարանդա» երգչախմբից 30 հոգի են այստեղ, մնացածները դժբախտաբար, Արցախում չեն: Մոտ 50 հոգի տակավին Երևան, Գորիս, Էջմիածին և Գյումրի քաղաքներում են հաստատված: Սակայն նրանք, ովքեր այստեղ էին, այդ հիմքի վրա հավաքվեցին Ստեփանակերտի տարբեր երաժշտական կամ արվեստի և հանրակրթական դպրոցից աշակերտներ՝ տրված հայտարարությունից հետո: Շուրջ 90 հոգանոց երգչախմբով մենք կազմակերպեցինք մեր համերգը:

-Ինչպիսի՞ ծրագրեր կյանքի կոչեցիք Արցախում:

-Այս տարի, երբ մենք կորցրինք Շուշին, Արցախում իմ ծառայողական ձևաչափը փոխվեց:

Oգոստոսի 25-ին Ստեփանակերտի մշակույթի պալատում կայացավ «Ղողանջ հիշատակի, երախտիքի ու վերապրումի» խորագրով համերգային ծրագիրը։ Համերգին ելույթ են ունեցել Շուշիի «Վարանդա» երգչախմբի երիտասարդական կազմը, ես՝դաշնակահար Նադեժդա Սարգսյանի նվագակցությամբ։

Թեև կոտրած սրտով, սակայն ձեզ նման տոկուն կամքով կրկին ձեզ հետ եմ՝ ձեզ հետ ապրելու, արարելու, ոգևորվելու, զորանալու, մեր հավաքական ու ավանդական լավատեսությունը, պայծառամտությունը, հույսն ու հավատը, պայքարելու ու կորցրածը հետ բերելու, կամքն ու կորովը վերագտնելու:

-Ո՞րն էր համերգի ուղերձը:

-Համերգը  հիշատակի հուշ-երեկո էր, երախտիքի խոսք՝ այստեղ ապրող մեր հայրենակիցներին, ովքեր, այստեղ ապրելով պահում են այս հողը և վերապրումի,  որովհետև պատերազմից հետո մեզ պարտադրված չակերտներում պարտությունից հետո մեր երկիրը վերակերտելու կարիք կա:

Համերգն առաջին հերթին իմ հոգու ճիչն էր, իմ հարգանքի ու երախտագիտության, իմ խոնարհումի արտահայտությունն էր բոլոր այն նահատակների հիշատակի առջև, որոնք գերագույն զոհողությամբ, կյանքի գնով զենքերը ձեռքներին ելան պաշտպանելու մեր հայրենիքն ու արժանապատվությունը:

Իմ խոնարհումն ու հպարտությունը նաև բոլոր այն քաջերին, որոնք, ընկածների զենքն ու զրահը վերցրած, այսօր էլ խրոխտ կանգնած են մեր հայրենիքի եզերքի անվեր պատվի պաշտպանությանն ի խնդիր: Եվ վերջապես, իմ խոնարհումն ու հպարտությունը Արցախում ապրող, հայրենի հողը չլքող, մեր վաղվա պայծառ օրվա նկատմամբ հույսն ու հավատը չկորցնող, ատամները պինդ սեղմած, անպարագծելի կորուստն ու ցավը արժանապատվորեն գրկած, բայց արցախցու անկոտրում ու հնավանդ կամքն ու ոգին իր մեջ ամբարած, կռո ճուղուպուր իմ պաշտելի հայրենակիցներիս նկատմամբ:

Հաջորդ համերգը կայացել է սեպտեմբերի 2-ին, որը ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից որդեգրվել է որպես  Արցախի անկախության 30-ամյակի գլխավոր միջոցառում: Սեպտեմբերի 3-ին կրկնել ենք համերգը, իսկ ամսի 6-ին, 7-ին, 8-ին ելույթներ կունենանք աշակերտների համար:

-Ինչպիսի՞ երգացանկով է հանդես եկել երգչախումբը:

-Երգացանկը ընտրել եմ երգչախմբի համար անցնող 29 տարիների ընթացքում գրված  այն երգերից, որոնք հնչել են գուցե 15-20 տարի առաջ: Սա լավ առիթ է վերստին այդ երգերը հնչեցնելու համար:

-Վերջերս հասարակական դաշտում  շատ են քննարկումները և քննադատությունները Արցախում կազմակերպվող համերգների շուրջ: Ո՞րն է Ձեր տեսակետը այս հարցի շուրջ:

Իմ կարծիքով բոլոր ձեռնարկները պետք է պատշաճ մակարդակի լինեն: Հիմա «տաշի-տուշի» համերգներ կազմակերպելու ժամանակը չէ: Համերգները պետք է ունենան բովանդակություն, որոնք համապատասխանում են այսօրվա մեր իրականությանը, որովհետև ամեն մի համերգ արտահայտությունն է այն կացության, որի մեջ ապրում է տվյալ ժողովուրդը: Խոսքն, իհարկե, արվեստի լուրջ համերգների մասին է, ոչ թե ռաբիզ:

Մեր համերգային ծրագրերը իրենց բովանդակությամբ համապատասխանում են մեր առօրյային, որոնք մեզ լիցքավորելու են ապրելու, արարելու ուժով և ի վերջո հաղթելու եռանդ ու հույս են տալու:

-Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակից ելքն ու մեր ապագան:

-Շուշին ու Հադրութը վերստին ազատագրելու գաղափարախոսությունը շարունակում է Վանը, Մուշը, Սասունը ազատագրելու գաղափարախոսությանը: Եթե մենք հավատում ենք Միացյալ Հայաստանի գաղափարին և նվիրված ենք այդ գաղափարին,վաղ թե ուշ հասնելու ենք այդ նպատակին, իսկ նրանք, ովքեր չեն հավատում, արդեն կորցրել են այդ հողերը:

1