Համաժամանակյա քայլերթ Արցախում և հանրահավաք Կոռնիձորում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Համաժամանակյա քայլերթ Արցախում և հանրահավաք Կոռնիձորում

Համաժամանակյա քայլերթ Արցախում և հանրահավաք Կոռնիձորում

Այսօր Ստեփանակերտից քաղաքացիները երթով շարժվել են Կոռնիձորում «Կամավորական շարժում» ՀԿ կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի» համաժողովրդական հանրահավաքի մասնակիցներին ընդառաջ։

Երթը մեկնարկել է Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրից և ուղևորվել դեպի Ստեփանակերտ-Գորիս մայրուղու սկզբնամաս՝ Զառին Բաղ կոչվող տեղամաս։

Ակցիայի նպատակը Արցախի ու Հայաստանի ժողովրդի միասնականության ընդգծումն էր, Արցախը հայկական պահելու միասնական պայքարի ու կամքի արտահայտումը և մեր անհամաձայնությունը՝ պարտադրվող սահմաններին։

Քայլերթի ավարտին ելույթներ են ունեցել ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Տիրուհի Գասպարյանը, «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի անդամներ Արշակ Աբրահամյանն ու Դավիթ Բաղրյանը։

ՀՅԴ ԱԵՄ-ի ԿՎ Անդամ Տիրուհի Գասպարյանը ելույթի իր խոսքում ասել է, որ այստեղ հավաքվելու նպատակը մեր արժանապատվությանը, մեր կամքի ուժին, Արցախ-Հայաստանին տեր լինելու մեր պատրաստակամությանը, այս հողի վրա ապրելու ու պայքարելու մեր նպատակին այո ասելն էր։

«Մեզանից մի քանի կիլոմետր այն կողմ՝ սահմանամերձ Կոռնիձոր գյուղում մեր հայրենակիցներն են հավաքվել, ովքեր Մայր Հայաստանի տարբեր անկյուններից եկել են ասելու, որ մեր կողքին են, որ համամիտ են մեր այո-ին և կողմ են մեր ոչ-ին, որ մեզ պես տերն են Արցախին և չեն ընդունելու այն, ինչ փորձում են պարտադրել: Մենք տեր կլինենք մեր պատմական իրավունքներին, մենք չենք ընկրկի ոչ մի փորձության առջև. սա է մեր ուղերձը Ադրբեջանին և ողջ աշխարհին․․․ Զիջումը երբեք քաղաքականություն չպիտի դառնա», ասել է Տ․ Գասպարյանը։

Նախաձեռնող խմբի անդամ Արշակ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ երթին միացած արցախցիներն ապացուցում են, որ որքան էլ ՀՀ վարչապետն ու իշխող վարչակազմը փորձեն ձեռքերը լվանալ Արցախից, դա նրանց մոտ չի ստացվելու: Արցախը եղել է, կա ու մնալու է հայկական:

«Ապրիլի 23-ից սկսած մեր թշնամին, եռակողմ հայտարարությունն ու միջազգային բոլոր կազմակերպություններին անտեսելով, հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով փորձում է մեզ ճնշել, արցախցուն իր տնից հանել: Արցախը արցախցունն է»,- իր խոսքում նշել է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամ Դավիթ Բաղրյանը:


Քայլերթի մասնակիցներից Արմեն Պետրոսյանն էլ իր խոսքում ասել է, որ ՀՀ-ի իշխանությունը օկուպացիայի ենթարկած իշխանությունը կպնում է մեր սրբություններին, մեր լեռներին, փորձում է գերի մնացած Արարատի կարգավիճակը հավասարեցնել պետական սահմանի ներսում գտնվող Արագածի հետ, որն անընդունելի է:

1