Համազգայինի ուսանողական հավաքը աշխարհասփյուռ հայ երիտասարդներին հայրենիքում համախմբելու եւս մեկ հնարավորություն է
Արմատներով սիրիահայ, Ավստրալիայում բնակություն հաստատած Վանիի եւ Վարդիի համար Համազգայինի ուսանողական ֆորումը աշխարհի տարբեր ծայրերում հաստատված հայ ուսանողներին հայրենիքում համախմբելու, սեփական արմատներին եւ մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու եւս մեկ հնարավորություն է:
Հավաքի մասնակից երիտասարդներն ուրախությամբ են կիսվում տպավորություններով, շնորհակալ են Համազգայինին՝ հայրենիքը մոտիկից ճանաչելու, նոր հայ ընկերներ ձեռք բերելու հնարավորության համար: Արդյունքների մասին Վանին հիացմունքով է խոսում. Ֆորումի անցած տարվա մասնակից հալեպահայ երիտասարդը, մոտիկից ճանաչելով հայրենիքը, տեղափոխվել եւ բնակություն է հաստատել Հայաստանում: Ուսանողական հավաքի այս տարվա մեկ այլ մասնակից, ով ԱՄՆ-ից է եւ հայկական շրջանակին այդքան մոտ չէր՝ տպավորված էր եւ ուրախ Հայաստան այցելության համար:
Երիտասարդները հիացմունքով են խոսում ուսանողական հավաքի շրջանակներում այցերի, հանդիպումների եւ միջոցառումների մասին:
Տեսնելով ուսանողական հավաքի մասնակից երիտասարդների ոգեւորությունը՝ պետք է արձանագրել, որ ֆորումի նպատակը եւ առաքելությունը արդարացված է:
2025-ին կնշվի Համազգայինի ուսանողական հավաքի 30-ամյակը, տարիներ շարունակ Համազգայինը համախմբում է աշխարհասփյուռ հայ համալսարանականներին, նրանց համար ճանաչելի դարձնում Հայրենիքը:
2024-ի հուլիսի 13-ին մեկնարկած Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ավանդական ուսանողական 29-րդ հավաքը (ֆորում) ավարտվեց: Հուլիսի 13-24-ը տեւած Համազգայինի ուսանողական հավաքին մասնակցեցին սփյուռքի տարբեր գաղութներից՝ Միացյալ Նահանգներից, Լիբանանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Ավստրալիայից, ինչպես նաեւ՝ Հայաստանից եւ Արցախից 20 հայ երիտասարդներ:
Ուսանողական ֆորումի մասնակիցները այցելեցին Հայաստանի տեսարժան վայրեր, եղան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ուր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախի ազատագրական պայքարի անմահացած հերոսներին: Այնուհետեւ երիտասարդները Ծիծեռնակաբերդում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ֆորումի շրջանակներում ուսանող-երիտասարդներն այցելեցին նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության խորհրդարան, ուր հանդիպում ունեցան «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ:
Նրանք վերադարձան՝ հոգում տանելով մի փոքրիկ Հայաստան, ափսոսանք հայտնելով, որ այս անգամ հնարավորություն չունեցան այցելելու հերոսական Արցախ:
Ապառաժ