Համազգայինի գործունեությունը հետպատերազմյան Արցախում
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, որպես Հայ Հեղափոխական Դաշնակցության ուղեկից կառույց, իր գործունեությունն Արցախի գրասենյակի միջոցով սկսել է 2018 թվականից: «Ապառաժ»-ը պարբերաբար անդրադարձել է գրասենյակի գործունեությանը:
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը համաշխարհային կառույց է, որն զբաղվում է կրթամշակութային գործունեությամբ: Իր գործունեության ընթացքում միությունը Արցախի համայնքներում մշակութային ու կրթական կյանքի աշխուժացմանն ուղղված մի շարք ծրագրեր է իրականացրել, այդ թվում՝ ինտելեկտուալ-զարգացնող խաղեր, գրական հանդիպումներ, շրջանաձև ընթերցանություններ, գրական քննարկումներ, ստեղծագործող երիտասարդների հետ հանդիպումներ, ստեղծագործական մրցույթներ, թատերական ներկայացումներ, համերգներ և այլն:
Արցախի գրասենյակը նաև գրքեր է հրատարակում և փորձում է այդ ճանապարհով ոչ միայն օժանդակել Արցախի երիտասարդ գրողներին, այլև Համազգայինի միջոցով հեղինակներին ներկայացնել Հայրենիքում ու Սփյուռքում:
Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախի պետական դրամատիկական թատրոնում բեմադրված, Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված «Լուսաբացից առաջ» ներկայացումը (հեղինակ՝ Հերմինե Ավագյան, ռեժիսոր՝ Ռուզան Խաչատրյան) օրերս արժանացել է ՀՀ թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակաբաշխության «Ժյուրիի հատուկ մրցանակ»-ին։
Պատերազմյան և հետպատերազմյան շրջանում չի դադարել Համազգային հայ կրթական և մշակութային միության գործունեությունն Արցախում: Այս առիթով զրուցել ենք գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի հետ։
Այսօր, առավել քան երբևէ, կարևորվում է Արցախի մշակույթի ջահը վառ պահելու խնդիրը՝ ինչպես Արցախի ներսում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս։
Հ. Ավագյանի խոսքով՝ ռազմադաշտը միայն առաջնագիծը չէ, այլև՝ մշակույթը, որն ամեն օր ենթարկվում է թշնամու ոտնձգություններին։ Պետք է համախմբվել նաև այդ առաջնագիծը պահելու համար, որովհետև սա ազգային ինքնության պահպանման գլխավոր գրավականներից է։ Գրասենյակի տնօրենը կարևորում է, որ այսօր, առավել քան երբևէ, մեր ազգայինը պահելու-պահպանելու, ներկայացնելու կարիք ունենք, և այդ ճանապարհին Համազգայինը անխոնջ մարտիկներից է։
Համազգայինի անցած ճանապարհն ապացույցն է այն իրողության, որ նրա գործունեության առանցքը միշտ եղել ու մնում է կրթության և մշակույթի ջահակիրը լինելը։
Նա ընդգծում է նաև, որ Արցախը Համազգային հայ կրթական և մշակութային միության գործունեության ուշադրության ներքո է և այդպիսին պետք է լինի նաև մյուս ազգային կառույցների համար, որովհետև միայն ձեռք ձեռքի տալով կարող ենք որևէ արդյունքի հասնել։
Եթե խոսքը վերաբերում է հայրենի մշակույթի պահպանմանն ու տարածմանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը միշտ բաց է համագործակցության համար։ Շատ երիտասարդներ են դիմում միությանը՝ համագործակցության ծրագրերով՝ թե Արցախից և թե նրա սահմաններից դուրս։ Համազգայինը ողջունում է լավ առաջարկները, և իրենք էլ հանդես են գալիս նոր ծրագրերով։
«Պատերազմից առաջ Արցախի Համազգայինի գրասենյակը որդեգրել էր հետևյալ առաքելությունը՝ իր գործունեությունն ուղղել գլխավորապես Արցախի սահմանամերձ համայքներում տարբեր մշակութային միջոցառումների կազմակերպմանը, իսկ այսօր Արցախից մնացած այս փոքրիկ մասնիկն ամբողջությամբ սահմանամերձ է, թուրքը մեր գլխին կանգնած է և դա պետք է ոչ թե ընկճի, այլ զգոնություն հաղորդի մեր անելիքներին, կրկնապատկի մեր եռանդը, որովհետև այլ ելք չունենք,- ասում է Հ.Ավագյանը և շեշտում,- Արցախը եղել ու պետք է մնա հայության մշակութային բնօրրանը, և այս մասին պետք է ներկայացվի Արցախի սահմաններից դուրս՝ ցույց տալու՝ ով ենք և ուր ենք գնում»: Նրա կարծիքով՝ Սփյուռքի մեր բոլոր կառույցները պետք է ձեռք ձեռքի տան այս խնդրի շուրջ, թե չէ թշնամին մեր աչքի առաջ հողին է հավասարեցնում մեր բռնազավթված տարածքների պատմական հուշարձանները և փորձ անում՝ բոլոր ձևերով ջնջել մեր պատմական մշակութային հետքերը:
«Սա մարտահրավեր է: Հիմա մենք բազում մարտահրավերներ ունենք: Օրհասական ժամանակներ ենք ապրում: Գործելու ժամանակներ են, սպասելու տեղ չկա։ Համազգայինը փորձում է իր ուժերի չափով այդ ամենի առաջամարտիկներից մեկը լինել»,-ընդգծեց նա։
Պատերազմի օրերին, տեսնելով, թե որքան սթրեսային վիճակում են Արցախից տեղահանված մանուկները և նրանց մայրիկները, Համազգայինի Արցախի գրասենյակը կյանքի է կոչել «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագիրը, որի նպատակն էր արվեստի խմբակների միջոցով նեցուկ լինել արցախցի մանուկներին։
«Անցած տարվա նոյեմբերի մեկից՝ պատերազմի օրերին, սկսեցինք գործել Երևանում, հետո՝ Աբովյան քաղաքում, այնուհետև՝ Դիլիջանում, իսկ հունվարից հետո, երբ ընտանիքները սկսեցին Արցախ վերադառնալ, մեր խմբակները տեղափոխվեցին մայրաքաղաք Ստեփանակերտ ու տարբեր գյուղեր»,-մեզ հետ զրույցում նշեց Հերմինե Ավագյանը։
Այս պահին Համազգայինի Արցախի գրասենյակը Արցախի տարբեր գյուղերում և մայրաքաղաքում արվեստի ու դասապատրաստման խմբակներ է շարունակում կազմակերպել, որոնց մասնակցում են Արցախի փոքրիկները՝ հիմնականում 8-12 տարեկան։ Գործում է ԲՈՒՀ ընդունվողների համար հայոց լեզվի գիտելիքների ամրապնդման խմբակ, որը նախատեսված է տասներկուերորդ դասարանցիների համար։
Շուրջ տասնութ ուսուցիչներ ներգրավված են խմբակների այս ծրագրին, իսկ երեխաների թիվը մոտ հարյուրութսուն-երկու հարյուր է։
Հունիսին Ստեփանակերտում Համազգայինի Արցախի գրասենյակը կազմակերպելու է «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագրի նկարչության խմբակների մասնակից երեխաների նկարների ցուցահանդես, որում ընդգրկված կլինեն մանուկների՝ պատերազմի օրերից առ այսօր նկարած նկարները։
«Դուք կտեսնենք՝ ինչ էին նկարում երեխաները պատերազմի օրերին և ինչ են նկարում հիմա: Չէ՞ որ նկարչությունն էլ մի յուրահատուկ ճանապարհ է դեպի մեր ներսը, նկարչությունը օգնում է լույս ու հույս հաղորդել մեր ներաշխարհին»,- ասաց Հերմինե Ավագյանը։
Համազգայինի այս տարվա ծրագրերից էր նաև Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը, որը կայացել է Երևանում և շարունակություն կունենա։ Ցուցահանդեսին ներկայացված մոտ հարյուր լուսանկարներն արվել են պատերազմի քառասունչորս օրերի ընթացքում, Արցախի տարբեր վայրերում, որտեղ թեժ մարտեր էին ընթանում։ Դավիթը նաև նկարել է թիկունքը, ավերված քաղաքներն ու գյուղերը, մարդկային ճակատագրերը։
Մեզ հետ զրույցում Հերմինե Ավագյանը նշեց, որ նպատակ ունեն այս ցուցահանդեսի միջոցով ցույց տալ, թե ինչ է կատարվել Արցախում, որն է այս պատերազմի աչքերը։ «Ցուցահանդեսը այդպես էլ կոչվում է՝ «Պատերազմի աչքերը»։ Նպատակ ունենք այն իրականացնել Ստեփանակերտում, ՀՀ տարբեր վայրերում և ՀՀ սահմաններից դուրս»,- նշեց Ավագյանը։
Այս տարվա ծրագրերից Հերմինե Ավագյանը նշեց նաև Հակոբ Կարապենցին նվիրված գրքի հրատարակումը Համազգայինի Արցախի գրասենյակի կողմից։ Գրքի հեղինակը արցախցի երիտասարդ գրականագետ Նանար Սիմոնյանն է, ով իր գրքում զետեղել է Կարապենցի ստեղծագործությունների գրականագիտական և փիլիսոփայական վերլուծությունը։
«Գիրքը օրեր առաջ է լույս տեսել: Այն կնվիրենք Արցախի ԲՈՒՀ-երին ու գրադարաններին՝ հաշվի առնելով, որ հեղինակը մեծամասամբ անծանոթ է Արցախի ընթերցասերներին»,-եզրափակեց Հերմինե Ավագյանը։
Առաջիկա օրերին Համազգայինի Արցախի գրասենյակի կողմից լույս կտեսնի նաև Հադրութի շնորհալի գրողներից մեկի՝ Վիտալի Պետրոսյանի բանաստեղծությունների ժողովածուն, որը կարևոր նվեր է ընթերցասերներին։ «Այս գրքում կգտնեք պատերազմի, կորստի, մորմոքի, քաղաքական խաղերի, հայրենիքի վտանգված ճակատագրի շուրջ բանաստեղծի մտորումներն ու ապրումները։ Ժամանակակից գրական աշխարհում Վիտալի Պետրոսյանը հանդես է գալիս իր տարբերվող ու հարուստ խոսքով»,- ասում է Ավագյանը։
Շատ անելիքներ ու ծրագրեր ունեն, բայց այս պահին բոլորի միտքը մեկ ուղղությամբ է բևեռված՝ միայն թե հայրենիքը կարողանա դուրս գալ այս օրհասից, միայն թե փրկությունը չուշանա, իսկ փրկությունը, ըստ գրասենյակի տնօրենի, ներսից պետք է սկսվի, ներսի զտումից ու ախտահանումից։ Մշակույթն ու կրթությունը չեն կարող առողջ բերք տալ, եթե աճում են մոլախոտերով շրջապատված։
Վահագն Խաչատրյան