Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ

Փետրվարի 19-ը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշանավորվում է որպես Գիրք նվիրելու օր: Այդ կապակցությամբ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը այցելել է Արցախի մայր բուհ և Համազգայինի Արցախի ու Երևանի գրասենյակների կողմից հրատարակված գրքերից նվիրել Արցախի պետական համալսարանի գրադարանին: ԱրՊՀ գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Համազգային հայ կրթական և մշակութային միությանը՝ նվիրատվության և համագործակցության համար։

Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը և Արցախի պետական համալսարանի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանը այցելել են Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի միջնակարգ դպրոց։
Նախիջևանիկի միջնակարգ դպրոցում ներկայացվել են Համազգայինի Արցախի և Երեւանի գրասենյակների կողմից հրատարակված մի շարք գրքեր, Հ. Ավագյանը ներկաներին ծանոթացրել է Համազգայինի գործունեությանը, խոսել կատարվող աշխատանքների մասին, անդրադարձել գիրք նվիրելու օրվան և այդ կապակցությամբ գրքեր հանձնեց դպրոցի գրադարանին։

ԱրՊՀ դասախոս Զարինե Սառաջյանը հետաքրքիր դասախոսությամբ ներկայացրել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կյանքի ու գործունեության մասին դրվագներ՝ դասախոսությանը մասնակից դարձնելով աշակերտներին։ Աշակերտների հետ Զ.Սառաջյանը կազմակերպել է Թումանյանին նվիրված հետաքրքիր զարգացնող խաղեր։ Հաղթող թիմերը արժանացել են խրախուսական մրցանակների։
Դպրոցի աշակերտները, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարդիթեր Միրզոյանի նախաձեռնությամբ պատրաստել էին գեղեցիկ ցերեկույթ՝ նվիրված հայ մեծերի կյանքին։ Վարդիթեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ այն շարունակական է լինելու։
Հ. Ավագյանը և Զ. Սառաջյանը նվերներ են հանձնել դպրոցին և շնորհակալություն հայտնել հյուրընկալ վերաբերմունքի համար։