Համազգային չապաքինված ցավի մթնոլորտում «գունեղ տոնակատարության» մասին խոսելը անարգանք է զոհերի հիշատակին
ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների վերաբերյալ Կառավարությա նիստում արված հայտարարության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«Կառավարության վերջին նիստում հայտարարվեց սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվող «մասշտաբային և գունագեղ տոնակատարության» մասին։
Անառարկելիորեն, Սեպտեմբերի 21-ը մեր ազգային, պետական տոնացույցի ամենաարժեքավոր օրերից է։ Ուղիղ երեսուն տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի ժողովուրդը քվեարկեց անկախ պետություն ստեղծելու օգտին: Անցնող տարիները պետականաշինության, մեր հաղթանակներն ամրապնդելու ժամանակներ էին, և մեր հավաքական ճիգն ուղղված էր անցած ճանապարհն արժևորելու, մեր բացթողումները խմբագրելու և համազգային կամքով արժանապատիվ ապագա կառուցելու նպատակին։ Ավաղ, վերջին երեք տարիները և, հատկապես, 44-օրյա պատերազմը ոչ միայն խաթարեցին մեր պետականության ընթացքը, այլև անդառնալի մարդկային, ազգային-պետական կորուստների մատնեցին մեր հասարակությանը՝ երկիրը կանգնեցնելով անորոշ ապագայի առջև։
Այսօր հազարավոր զոհերի, խոցված ինքնիշխանության, անվտանգային լրջագույն մարտահրավերների, գերիների, համազգային չապաքինված ցավի մթնոլորտում «գունեղ տոնակատարության» մասին խոսելը կոռեկտ չէ: Այն անարգանք է մեր զոհերի հիշատակին և արդարացիորեն հարուցել է հերոս տղաների ծնողների, ընտանիքի անդամների և մեր հասարակության վրդովմունքը։
Մենք չենք հրաժարվում մեր անկախությունն արժևորելու խորհրդից, բայց դրա լավագույն դրսևորումը պիտի լիներ մեր պետականության ամրագրումը, պետական և ազգային ինստիտուտների նկատմամբ իշխանության նախաձեռնած հետևողական կազմաքանդման և նսեմացման արշավի դադարեցումը, երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորումն ու սպառնալիքների իրական դիմագրավումը։
Համոզված ենք, որ Անկախության 30-ամյակի առիթով պետական հանձնաժողով ձևավորելու պայմաններում կարելի էր երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտին համարժեք համեստությամբ արժևորել տոնը։
«Հայաստան» դաշինքը, միաժամանակ, հայտարարում, որ իր քաղաքական ողջ կարելիությունները ծառայեցնելու է մեր պետականության ամրապնդմանն ու ազգային շահերի սպասարկմանը»։