Համայն աշխարհը պետք է իմանա հայկական հարուստ մշակույթի մասին, որի պահպանումն այսօր ավելի քան անհրաժեշտ է
Գլխավոր » Լրահոս » Համայն աշխարհը պետք է իմանա հայկական հարուստ մշակույթի մասին, որի պահպանումն այսօր ավելի քան անհրաժեշտ է

Համայն աշխարհը պետք է իմանա հայկական հարուստ մշակույթի մասին, որի պահպանումն այսօր ավելի քան անհրաժեշտ է

Արցախցի երաժիշտ Հակոբ Բաբայանը 6 տարեկան էր, երբ դժբախտ պատահարի պատճառով կորցրեց տեսողությունը, և նրա համար աշխարհը հավերժ մութ մնաց։ Սակայն Հակոբը չկորցրեց ամենակարևորը դա կյանքի հանդեպ ունեցած հույսն ու հավատն էր։ Նա իր մեջ գտավ այն անչափելի ուժը, որ իրեն թևեր տվեց ապրելու և ստեղծագործելու։ Իր կամքի ուժի ու տաղանդի շնորհիվ դարձավ ճանաչված երաժիշտ․․․

Արցախի հայաթափումից հետո Հակոբը բարեկամների հետ ապրում է Երևան քաղաքում։

Մանկությունը հիշում է դառնությամբ

-Ծնվել եմ Արցախի Խնապատ գյուղում։ Մանկությունս համընկել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին։ Հիշողությանս մեջ հայրս ու հորեղբայրներս են, որ գնում էին մարտի դաշտ, իսկ, երբ վերադառնում էին, մեր գերդաստանում ցնծում էին բոլորը։ Պատերազմի հաղթական ավարտից հետո  շարունակվում էին աղետալի իրադարձություններ լինել։ 1995-ի ապրիլի 6-ն էր, իմ ծննդյան օրը։ Հորեղբորս տղաների հետ որոշեցինք այն նշել բնության գրկում։ «Ճղպրոտ» էր կոչվում այդ տեղամասը։ Օրը ճակատագրական էր մեզ համար։ Փոքր էինք և չէինք հասկանում, որ ամենուր պատերազմի հետքեր են՝ չպայթած ռումբեր և ականներ։ Հենց այդ ռումբերից մեկն էլ պատահեց մեզ ու պայթեց մեր ոտքերի տակ։ Միայն երեկոյան մեր ծնողները կարողացան գտնել մեզ։ Եղբայրներս չփրկվեցին, իսկ ես կորցրի մեկ աչքս։ Երկար բուժում ստացա Երևան քաղաքում, հետո վերադարձա գյուղ ու 1996-ի սեպտեմբերին հաճախեցի դպրոց։ Երկու տարի հետո, սակայն, ես կորցրի նաև մյուս աչքս։ Լրիվությամբ կորցնելով տեսողությունս՝ տեղափոխվեցի Երևան և ուսումս շարունակեցի տեսողական խնդիրներ ունեցող հ․ 14 հատուկ դպրոցում։ Այնտեղ սովորեցի 10 տարի, որի ընթացքում հաճախում էի շվիի խմբակ։ Դպրոցական արձակուրդներին միշտ գնում էի գյուղ։ Հարազատներիս, ընկերներիս, համագյուղացիներիս միջավայրը հոգեհարազատ էր ինձ։ Այնտեղ երջանկանում էի ինձ ապրումակցող մարդկանց կողքին։ Խնապատում ես զգում էի մեր բնաշխարհի ողջ հմայքը, բնության հնչյունները հասնում էին մինչև հոգուս խորքը։ Թեև ոչինչ չէի տեսնում, սակայն պատկերացնում էի գյուղիս ամեն մի մասնիկը, ու դա ուժ էր տալիս ինձ։

Հակոբը նպատակ ուներ և հաստատակամորեն գնում էր նրա հետևից։ 2010-ին նա ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողնվագարանների շվիի բաժինը։ Հպարտությամբ է թվարկում իր ունեցած ելույթները

-Երբ ավարտել եմ կոնսերվատորիան, վերադարձել եմ Արցախ։ Աշխատանքի եմ անցել Ասկերանի «Բերդ» համույթում՝ որպես մենակատար։ Երազում էի, որ մեր մշակույթը լսելի լինի ամբողջ աշխարհում։ Տարբեր բեմերում բազմաթիվ ելույթներ եմ ունեցել, որոնցից յուրաքանչյուրը հիշում եմ սրտի թրթիռով։ Ամեն մի ելույթ առանձնահատուկ էր ինձ համար։

Առաջին ելույթս 2000-ին էր՝ Երևանի Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում։ Ներկայացել եմ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված միջոցառումների, արժանացել եմ պատվոգրերի։ Մասնակցել եմ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Իմ Հայաստան» դուդուկի համահայկական 2-րդ, «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոններին, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ցուցահանդեսին, «Հայկական հեքիաթները երեխաների աչքերով» միջոցառմանը՝ արժանանալով հավաստագրերի, շնորհակալագրերի և մեդալների։ Ուսման մեջ ցուցաբերած առաջադիմության համար «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից արժանացել եմ դրամական պարգևի և հավաստագրի։ Դպրոցական 11 ընկերներիս հետ մեկնել եմ Փարիզ և նվագել հովանավոր Ալեն Միկլիդարյանի հետ հանդիպման ժամանակ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպված համերգի ժամանակ նվագել եմ Արցախի պետական կամերային նվագախմբի հետ։

2016-ին Երևանի «Գաֆեշճյան» արվեստի կենտրոնում հանդես եմ եկել մենահամերգով։ Այդ ողջ տարիների ընթացքում ես նվագել եմ ու կշարունակեմ նվագել, որ համայն աշխարհն իմանա հայկական հարուստ մշակույթի մասին, որի պահպանումն այսօր ավելի քան անհրաժեշտ է։ Ցավոք, Արցախում ամեն ինչ կիսատ թողեցի․ սկսել էի շարականների կատարումների նկարահանումներս։ Հասցրել էի միայն նկարահանումներ անել Շուշիում՝ 2020-ի սեպտեմբերի սկզբներին։

Հայաստանում հաստատվելուց հետո

Արցախի շրջափակման ժամանակ գյուղում էի։ Բոլոր արցախցիների նման դիմանում էի ու սպասում կյանքի ճանապարհի բացմանը։ Սակայն առողջական խնդիրներիս պատճառով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ստիպված տեղափոխվեցի Հայաստան ու չկարողացա այլևս հետ վերադառնալ։ Հետո մեկօրյա պատերազմ, Արցախի բռնատեղահանում․․․ Ծանր ապրումների և անորոշ իրավիճակի մեջ հայտնվեցինք բոլորս։ Հանգամանքներից ելնելով՝ մեկնեցի Ռուսաստան և մի քանի ամիս այնտեղ մնալուց հետո վերադարձա Հայաստան։ Շարունակում եմ ապրել Արցախ վերադառնալու հույսով։ Ինձ օգնում են հիշողությունները, այն գեղեցիկն ու վեհը, որ մնացել են իմ հայրնեի հողում։ Այստեղ դժվարություններ, իհարկե, կան։ Ինչքան էլ նվագեմ, ստեղծագործեմ, ապրեմ հուշերով, միևնույն է, ապրուստի միջոցներ են հարկավոր։ Ցանկանում եմ աշխատանք գտնել և մտածում եմ, որ հարմար կլինի, եթե ես ելույթներ ունենամ պանդոկ-ռեստորաններում և վաստակեմ իմ հանապազօրյա հացը։ Եթե հարմար աշխատանքներ առաջարկվեն, ուրախությամբ կընդունեմ։ Շատ եմ սիրում Գյումրի քաղաքը։ Կցանկանայի աշխատել ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1