Քաղաքական ճարտասանությունների փոխարեն հստակ պատասխանեք՝ ի՞նչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում. Գեղամ Ստեփանյան
Գլխավոր » Լրահոս » Քաղաքական ճարտասանությունների փոխարեն հստակ պատասխանեք՝ ի՞նչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում. Գեղամ Ստեփանյան

Քաղաքական ճարտասանությունների փոխարեն հստակ պատասխանեք՝ ի՞նչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում. Գեղամ Ստեփանյան

Ապրիլի 14-ին կայացած ԱՀ ԱԺ արտահերթ նիստում ելույթ է ունեցել «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը.

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Տպավորություն է, որ Արցախի ժողովրդին նստեցրել են դատապարտյալի աթոռին ու առանց փաստաբանի մեղադրանքներ են առաջադրում և փորձում դատավճիռ կայացնել։ Մեղադրյալին անգամ թույլ չեն տալիս իր խոսքն ասել, իսկ մեղսագրվող արարքն այն է, որ ժողովուրդն ուղղակի ուզում է իր հայրենիքում ապրել, իրացնել միջազգային փաստաթղթերով մարդուն շնորհված իրավունքներն ու ազատությունները։

Երեկ և այսօր Հայաստանի Հանրապետության խորհրդարանում հնչած հայտարարությունները բառի բուն իմաստով ահաբեկման մեջ են գցել Արցախի ժողովրդին: Երբեմն բացահայտ, երբեմն տողատակերում առկա իրողություններն ուղղակիորեն խոցում են պատերազմի, տեղահանության, մարդկային ու անմարդկային զրկանքների միջով անցած մեր հանրությանը, որ բազմաթիվ անորոշությունների առերեսվելով` կառչել է այս մի բուռ մնացած Արցախից և որևէ գնով չի պատրաստվում բաց թողնելու այն։

Երկու հայկական հանրապետությունների տարբեր կառույցների, այդ թվում՝ նաև խորհրդարանների միջև համագործակցության բացակայությունն էլ մեզ՝ Արցախի խորհրդարանականներիս, զրկել է հնարավորությունից տեղեկանալու կատարվող զարգացումներին և ազդելու գործընթացների վրա։ Այդ իսկ պատճառով որպես երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի անդամ՝ ուղիղ և հրապարակային հարցադրում եմ ուզում անել ՀՀ իշխանություններին՝ վարչապետի գլխավորությամբ.

— Քաղաքական ճարտասանությունների, աճպարարությունների փոխարեն հստակ պատասխանեք՝ ի՞նչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում, արդյո՞ք դա նշանակում է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, արդյո՞ք այսպես կոչված խաղաղության օրակարգն Արցախը Ադրբեջանին բռնակցել է նշանակում: Արցախում ապրող 120 հազար մարդ, Արցախի ներկայով և ապագայով իրապես մտահոգ հայությունն այսօր անորոշության մեջ սպասում է այդ հարցի պատասխանին։ Անընդհատ խոսում եք Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների մասին՝ առանց հստակ հայտարարելու, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Եթե Ադրբեջանի կազմում եք պատկերացնում այդ իրավունքները, ապա ո՛չ իրավունքների, ո՛չ էլ առավել ևս ազատությունների մասին այլևս խոսելու կարիք չկա, որովհետև ուղղակի չի լինելու այն մարդը՝ Արցախում ապրող հայը, որի իրավունքները պետք է երաշխավորվեն: Սա ապացուցման կարիք չունեցող պարզ ճշմարտություն է և վերջ։

Եթե միջազգային հանրությունն է մեզ պարտադրում, այս հարցում իրականում խիստ կասկածներ ունեմ, ապա հենց նույն միջազգային հանրությանը պետք է հասկացնել բոլոր եղանակներով, բոլոր խողովակներն օգտագործելով, որ.

— Հարգելի՛ միջազգային հանրություն, ընտրություն ես կատարում կա՛մ հայ ժողովրդի նոր ցեղասպանության ու տեղահանության, կա՛մ էլ տարբեր ատյաններից պարբերաբար թմբկահարվող մարդու իրավունքների և ազատությունների միջև, կա՛մ աջակցում ես բռնապետ ու ռազմական հանցագործին, կա՛մ էլ կանգնում ես ցեղասպանության վտանգի տակ գտնվող ժողովրդի կողքին։ Այլ տարբերակ չկա։ Արցախն առանձին վերցրած չի պատկանում ո՛չ ինձ, ո՛չ մյուսին, ո՛չ էլ երրորդին, այն պատկանում է համայն հայությանը:

Այս իմաստով տեղին են Սպարապետի խոսքերը. «Դարերի մեռած պատմությունը թա՛փ տվեք ձեր հոգուց, մի՛ մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղե՛ք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը»: Շնորհակալություն»:

1