Համախմբում պետության հիմնասյուների առանցքով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Համախմբում պետության հիմնասյուների առանցքով

Համախմբում պետության հիմնասյուների առանցքով

Տրամաբանական է, որ Արցախի կրած ծանր պարտությունից հետո երկրում ստեղծված իրավիճակը բնականոն դարձնելու և պատերազմի հետևանքով առաջացած վերքերն ամոքելու համար պետական համակարգը պետք է նոր մոտեցումների և հայեցակարգերի վրա հիմնված նախաձեռնություն ցուցաբերի: Մի բան, որ վերջին ամիսների ընթացքում տեղի է ունենում Արցախում:

Արդեն իսկ պատրաստ է Արցախի նոր Սահմանադրության նախագիծ: Նախատեսվում է, որ հաջորդ տարվա առաջին ամիսներին Սահմանադրության փոփոխության համար տեղի ունենա հանրաքվե:

Պետական կառավարման համակարգում լայն լիազորություններով նշանակվեց նոր պետնախարար:

Այս բոլորը կարծես թե տեղի են ունենում քաղաքական ներքին համախոհության մթնոլորտում, որի ակնառու վկայությունը դարձավ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած համաարցախյան բազմահազարանոց հանրահավաքը:

Հանրության մոտ կան և՛ սպասելիքներ, և՛ ակնկալիքներ, իսկ այս օրերին որևէ պաշտոնի ստանձնումը կրկնակի ծանր պատասխանատվություն է պահանջում՝ առաջին հերթին հանրության մոտ ստեղծված ընկճվածությունը փարատելու համար և, զուգահեռաբար, կենցաղային ծանր պայմանների բարելավման և ապագայի հույսի ներշնչման առումով:

Այս անհրաժեշտությունը չի կարող անտեսվել որևէ քաղաքական հոսանքի կամ ուժի կողմից:

Հանրային վերոնշյալ ակնկալիքների բավարարման համար ամենագործնական և իր արդյունավետությունն ապացուցած կարևորագույն կառույցը պետական համակարգն է: Արցախի անկախության ավելի քան 30 տարիների ընթացքում ստեղծվել է պետական կառավարման համակարգ՝ իր բոլոր ոլորտներով և մասնագիտական ենթաբաժանումներով: Պետությունը դիտարկվում է որպես ամբողջական համակարգ, որի բոլոր ենթակառուցվածքները փոխկապակցված են և լրացնում են իրար:

Անշուշտ, կարևոր են բոլոր ենթակառուցվածքները, սակայն Արցախի նման պատերազմական երկրում առաջնայինը պաշտպանական անվտանգային համակարգն է:

Պաշտպանական համակարգը նախ և առաջ Արցախի պաշտպանության բանակն է, ապա՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու ԱԻՆ համակարգերը:

Պաշտպանության բանակը, բացի պաշտպանական դեր ունենալուց, Արցախի ժողովրդի համար ունի բարոյական և հոգեմտավոր արժեք: Յուրաքանչյուր արցախցի Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման, պահպանման և զարգացման գործում իր ներդրումը, նվիրումը, արյունն ու քրտինքն ունի:

Այդ առումով՝ շատերի համար անհասկանալի կարող է դառնալ պետության գոյությունն առանց Պաշտպանական բանակի:

Իզուր չէ, որ թշնամին, բոլոր պետական կառույցներն անտեսելով, նախ և առաջ պահանջում է Արցախի բանակի կազմալուծում, քանի որ մեր հակառակորդը ևս հասկացել է, որ Արցախի պետական համակարգն անիմաստ է դառնում առանց բանակի գոյության:

Արցախի պետական համակարգում յուրաքանչյուր փոփոխություն պետք է հիմնված լինի պետության կարևորագույն բաղադրիչի և պետության կազմավորման փիլիսոփայական ակունքների ու հիմնասյուների պահպանման վրա:

Այսպիսով՝ հնարավոր կլինի պահպանել համախմբվածությունն ու միասնականությունը, որոնք մեր պայմաններում առանցքային կարևորություն են ներկայացնում: 

«Ապառաժ»-ի խմբագրական

30 սեպտեմբերի, 2022թ.

1