Համախմբում ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջ
Նորաստեղծ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը վերջերս սկսել է իր հանդիպումները Արցախի տարբեր համայնքներում։
Շարժման ծավալած գործունեության և ապագա անելիքների մասին «Ապառաժ»-ի հարցերին պատասխանել է շարժման գործադիր կոմիտեի անդամ Նարինե Աղաբալյանը։
— Տիկին Աղաբալյան, նորաստեղծ շարժումը շատ արագ հանրային վայելում ստացավ։ Ի՞նչ է այն, ե՞րբ և ինչպե՞ս է ձևավորվել ու ի՞նչ առաքելություն ունի։
— Արցախի անվտանգության և զարգացման ճակատը հանրային շարժում է, որը կազմավորվել է վերջերս, սակայն դրան նախորդել են երկարատև քննարկումներ։ Շուրջ 3 ամիս այդ քննարկումներին մասնակցել են 100-ից ավել քաղաքացիներ՝ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պարզապես անհատներ` Ռ. Վարդանյանի նախաձեռնությամբ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու և ընդհանրապես Արցախի շուրջ զարգացումները քննարկելու և ճշտելու մեր անելիքները։ Քննարկումների արդյունքում ձևավորվել է Արցախի ապագայի տեսլականը՝ «Արցախ — 2035» տեսլականը, իսկ նախաձեռնող խումբը ձեռնարկել է հանրային շարժման ստեղծումը։ Հունիսի 1-ին տեղի է ունեցել ճակատի հիմնադիր ժողովը և շուրջ 140 քաղաքացիներ, ովքեր մասնակցել են ժողովին, ընտրել են խորհուրդ, խորհուրդն էլ ընտրել է ճակատի ղեկավար մարմին՝ գործադիր կոմիտե։ Ներկայումս իրականացվում է նաև տեղական մարմինների ձևավորման գործընթացը: Այսինքն՝ սա մի շարժում է, որն իր համար նպատակ է հռչակել՝ Արցախը պահել ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական, սահմանել այն բոլոր կարմիր գծերը, հենասյուները և ռեսուրսները, որոնք միասին պետք է աշխատեն այդ նպատակին հասնելու համար։
— Արդեն հասցրել եք հանդիպումներ ունենալ մի շարք համայնքներում։ Ինչպիսի՞ն է հասարակության արձագանքը շրջաններում։
— Հետաքրքրությունը մեծ է հանրության կողմից, ինչը նշանակում է, որ մարդիկ անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախում և Արցախի շուրջ, ու շահագրգռված են, որ համախմբվեն ճակատի կողմից նշված գաղափարի շուրջ։ Հենց սա է ճակատի նպատակը՝ համախմբել բոլոր կարող ուժերին։ Մեր հանդիպումներն ապացուցում են, որ մարդիկ սպասում են նման նախաձեռնության և պատրաստ են միանալու նախաձեռնությանը, կոնկրետ գործողությունների մասնակցելու, կոնկրետ քայլեր անելու՝ այս իրավիճակից ելքեր գտնելու համար։ Մենք, հաշվի առնելով վերջին օրերին ստեղծված իրավիճակը, մի քիչ հետաձգել ենք մեր հաջորդ հանդիպումները, քանի որ կա վառելիքի խնդիր, սակայն այդ հանդիպումները շարունակվում են Ստեփանակերտում. առաջին իսկ հնարավորության դեպքում մենք շարունակելու ենք հանդիպումները բոլոր համայնքներում ու ստեղծելու ենք ճակատի տեղական մարմիններ, որպեսզի կարողանանք ավելի համակարգված աշխատել։
— Հանդիպել եք նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Համընկնո՞ւմ են արդյոք ճակատի կողմից նշված կարմիր գծերն ու մոտեցումները իշխանությունների մոտեցումների հետ։
— Ճակատի խորհրդի անդամները հանդիպել են ԱՀ նախագահի հետ, ինչին նախորդել է ԱՀ նախագահին ուղղված նամակ, որում ճակատը իր անհամաձայնությունն է հայտնել առ այն, որ Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետով անցնելու համար կառավարությունը թույլտվություն էր տվել. վերջին օրերին միկրոավտոբուսներով էին մարդկանց տեղափոխում: Ճակատի խորհուրդը ներկայացրել է իր անհամաձայնությունը այդ կարմիր գիծը խախտելու վերաբերյալ, պնդել, որ կառավարությունը վերանայի իր այս որոշումը, որովհետև մենք համարում ենք, որ ՀՀ-ի հետ առանց որևէ խոչընդոտի կապը մեզ համար կարմիր գիծ է և այն հատել չի կարելի։ Իշխանությունները պետք է հստակ դիրքորոշում ունենան այդ անցակետը ապամոնտաժելու վերաբերյալ և դրա մասին բարձրաձայնեն։ Այդ հանդիպմանը խորհրդի անդամները պնդել են, որ այսուհետ ևս կառավարության բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են լինելու այդ կարմիր գծերը հատելուն և Արցախը տանելու են Ադրբեջանին բռնակցման, ճակատի կողմից արժանանալու են դատապարտման և համապատասխան արձագանքի։
-Ճակատը մի քանի անգամ հանդես է եկել քաղաքական հայտարարություններով, որոնք նաև ՀՀ իշխանություններին են ուղղված։ Ձեր կարծիքով՝ այդ հայտարարությունները քաղաքական իմաստով ծառայո՞ւմ են իրենց նպատակին, և ինչպիսի՞ ազդեցություն են թողնում հետագա գործընթացների վրա։
-Հայտարարությունը նախ և առաջ Ճակատի դիրքորոշման բարձրաձայնումն է։ Մենք կարևոր ենք համարում յուրաքանչյուր առանցքային խնդրի վերաբերյալ հստակ դիրքորոշման հնչեցումը, որը և պահանջում ենք ԱՀ իշխանություններից։ ԱՀ իշխանությունները պետք է հստակ խոսեն իրենց դիրքորոշումների մասին, և այն պետք է լինի միասնական ու բխի միայն ու միայն ԱՀ շահերից։ Այս դիտանկյունում համարում ենք, որ նպատակին հասնում են հայտարարությունները, որովհետև ՀՀ-ում, Սփյուռքում, միջազգային կառույցների կողմից պիտի հստակ լինի, թե ինչ է ուզում Արցախի ժողովուրդը։ Այս հայտարարություններով նախ և առաջ այդ դիրքորոշումն ենք բարձրաձայնում և ակնկալում ենք համարժեք քայլեր հասցեատերերի կողմից։
— Ճակատի անվանումից հասկանալի է դառնում, որ շարժման նպատակներից է նաև Արցախի զարգացումը։ Այս ուղղությամբ ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում։
— Տեսլականը, որը մշակվել է Ճակատի կողմից, հստակ սահմանում է մեր գործողությունները, այդ թվում և՝ զարգացման ուղղությամբ, և քանի որ կա հստակ ձևակերպված նպատակ, ուստի բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն այդ նպատակին։ Դրանք մի կողմից մեր մարտահրավերներին են ուղղված, մյուս կողմից՝ զարգացմանը: Քանի որ տեսլականը սահմանում է «Արցախ — 2035» ծրագիրը, ուստի պիտի բոլոր ուղղություններով մշակվեն ճանապարհային քարտեզներ, որոնք ցույց կտան, թե մինչև 2035թ. մենք ինչպես ենք տեսնում մեր ապագան։ Դրանք ապագային ուղղված քայլեր են, իսկ դա նշանակում է՝ ոչ միայն անվտանգություն, այլ նաև՝ զարգացում։ Ճակատը իր ծրագրերն իրականացնում է «Մենք ենք մեր սարերը տարածքային զարգացման հիմանդրամ»-ի միջոցով, որն իր ստեղծման օրից Արցախում իրականացրել է շուրջ 1 միլիարդ դրամի ծրագրեր, այդ թվում՝ ուղղված պարենային անվտանգության ապահովմանը, ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, էներգետիկ անվտանգությանը: Կրթական ծրագրեր են իրականացվում, որը նույնպես ուղղված է զարգացմանը։
— Այս իրավիճակից դուրս գալու համար որո՞նք են, ըստ ձեզ, առաջնային քայլերը։
-Հանդիպումներից պարզ դարձավ, որ մարդկանց մոտ պայքարելու կամք կա, և սա շատ կարևոր է։ Առաջինը հասարակության համախմբումն է, համախմբումը ոչ թե անձի շուրջ, այլ գաղափարի, այսինքն՝ մեր հայրենիքը փրկելու, այս իրավիճակից դուրս գալու և Ադրբեջանի՝ Արցախի հայաթափման և բռնակցման ծրագիրը չեղարկելու գաղափարի շուրջ։ Շատ կարևոր է նաև իշխանության միասնական դիրքորոշումը։ Օրինակ, վերջին օրերին, ճանապարհի լրիվ փակմամբ պայմանավորված, երբ հումանիտար բեռներ էլ չեն ներկրվում, իշխանության տարբեր ճյուղերի կամ նույնիսկ նույն ճյուղի տարբեր ներկայացուցիչների կողմից իրար հակասող հայտարարություններ են հնչում, ինչը կարող է խուճապային տրամադրություն ստեղծել Արցախում, և սա շատ վտանգավոր է։ Կարևոր է, որպեսզի ունենանք կառավարության ու իշխանության թափանցիկ գործելաոճ։ Ժողովրդին պետք է ճիշտ ներկայացվի իրավիճակը և միջոցներ ձեռնարկվեն ստեղծված իրավիճակում թե կենսապահովման և թե անվտանգության խնդիրները լուծելու համար։ Դրան զուգահետ պետք է ուժեղացվի ճնշումը արտերկրում ու աշխարհով մեկ, հուժկու ալիք բարձրացվի՝ ի պաշտպանություն Արցախի։
— Նշեցիք, որ համահայկական հուժկու ալիք բարձրացնելու անհրաժեշտություն կա։ Ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։
-Պարբերաբար այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Պետք է օգտագործենեք մեր ողջ ներուժը։ Այս առումով շատ մեծ անելիք ունի ՀՅԴ-ն, հատկապես՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը։ Ազգային կառույցների, հայտնի գործիչների միջոցով միջազգային կառույցներին ուղղված մեր ուղերձները տեղ հասցնելով՝ պետք է կարողանանք համախմբել բոլորին և այդ ալիքը բարձրացնել։ Քայլեր արվել են և արվում են, ուղղակի պետք է հաշվի առնել ժամանակի գործոնը և ավելի համակարգված ու արդյունավետ աշխատել։
— Ի՞նչ սպասի հասարակությունը Ճակատից կարճաժամկետ ապագայում։ Ի՞նչ նոր ծրագրեր են նախատեսվում իրականացնել։
— Ճակատը ներկայումս ձևավորում է աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն հստակ ուղղություններով։ Քանի որ այսօր Արցախի դեմ հիբրիդային պատերազմ է մղվում, ուստի այդ ուղղությունները շատ տարբեր են՝ սկսած հոգեբանական ճնշումից՝ մինչև ֆիզիկական անվտանգության ապահովում։ Այս բոլոր ուղղություններով պիտի կարողանանք քայլեր ձեռնարկել, որովհետև մի ուղղությամբ աշխատելը չի կարող արդյունավետ լինել։ Եթե մենք միջոցներ ենք ձեռնարկում ֆիզիկական անվտանգության ապահովման համար ու ոչինչ չենք անում տեղեկատվական դաշտում, ապա մեր քայլերը մյուս ուղղությամբ դատապարտված են ձախողման։ ճակատը փարձելու է սա ընկալելի դարձնել հասարակության համար և հնարավորինս շատ մարդկանց ներգրավել, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք առաջ գնալ նշված ուղղություններով։
— Քաղաքացիներն ինչպե՞ս կարող են անդամակցել շարժմանը։
— Բոլոր նրանք, ովքեր կիսում են ճակատի գաղափարները, սկզբունքները, և ցանկություն ունեն միանալ շարժմանը, մասնակցել Ճակատի գործունեությանը իրենց նախընտրած ուղղություններով, կարող են գրանցվել օնլայն՝ այցելելով Ճակատի Ֆեյսբուքյան էջը, կամ ներկայանալ Ս. Դավիթ 2 հասցե և տեղում՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության գրասենյակում գրանցվել։
Վահագն Խաչատրյան