Համաշխարհային հանրությանը պետք է ներկայացնել պատմական ճշմարտությունը
Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանի խոսքով` մյունխենյան Փաշինյան-Ալիև հանդիպումից տպավորությունն այն է, որ Ադրբեջանը շարունակում է պաշտպանել իր առավելապաշտական ցանկությունները, և նրա հետ բանակցություններ վարելը, հարցին լուծում գտնելն այս պահին անհնարին է:
Նա նաև դիտարկում արեց՝ անդրադառնալով փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչների կողմից կազմակերպած ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը նվիրված քննարկմանը, որին մասնակցում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ալիևը նորից խոսեց Երևանի մասին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին և այլն: Տպավորություն էր, որ այս տարածքներն իրենց պապական հողերն էին, մենք էլ վարձով ապրողներ ենք»,- նշեց նա:
Վահրամ Բալայանի խոսքով` այս քննարկումից հետո էլ ինքը վերստին համոզվեց, որ մեզ մնում է միայն հզորանալ և ուժեղի դիրքերից հանդես գալ: «Մենք Արցախի հարցը մեկընդմիշտ ճիշտ ճանապարհով լուծել ենք, պարզապես պետք է մեր պետականությունը պահպանենք»,- ասաց նա:
Անդրադառնալով քննարկմանը Նիկոլ Փաշինյանի խոսքին, արձագանքներին և հակափաստարկներին, Արցախի փոխնախագահը նշեց, որ լավ կլիներ, որ վարչապետն իր խոսքում օգտագործեր «Արցախի Հանրապետություն» եզրույթը: «Նա պետք է շեշտեր դա և ներկայացներ համաշխարհային հանրությունը, որ գոյություն ունի Արցախի Հանրապետություն»,- ասաց նա:
Ալիևի ներկայացրած պատմական իրադարձություններին Փաշինյանը համարժեք չի արձագանքել: Ըստ Վահրամ Բալայանի՝ երբ Ալիևը խոսում էր Խոջալուից, Նիկոլ Փաշինյանն էլ պետք է խոսեր Սումգայիթից և Բաքվից: «Պետք է միջազգային հանրությունն իմանար, որ եթե Խոջալուի դեպքերը տեղի են ունեցել պատերազմի ժամանակ, ապա Բաքվինը, Սումգայիթինը տեղի են ունեցել իշխանությունների կազմակերպման և թողտվության պայմաններում: Ցեղասպանություն էր: Բայց տպավորություն էր ստեղծվել, որ հայերն են ցեղասպանություն իրագործել: Այսպիսի բան չկա»,- ասաց նա` միևնույն ժամանակ նկատելով, որ տեղին էր Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի խոստովանությունները:
Վահրամ Բալայանը նշեց, որ քննարկումից հետո նա նորից համոզվեց, որ Հայաստանի կառավարության այն մոտեցումը, որ Հայոց պատմության դասավանդումը պարտադիր չպետք է լինի, սխալ է: «Ես կարծում եմ, որ իսկապես այն պարտադիր պետք է լինի, որովհետև բազում հարցեր կան, որտեղ պատմագիտությունը նաև քաղաքագիտություն է դառնում»,- ասաց նա:
Բալայանը նկատեց, որ չնայած Ալիևը անընդհատ պատմությունն էր հիշատակում, բայց այնուամենայնիվ, լավ պատմություն իմանալու դեպքում հնարավոր էր հակադարձել, քանի որ չկա մի պատմական փաստ, որ խոսի հօգուտ իրենց:
«Պետք էր նրան հարցնել, թե կարելի է գտնել մի 20-րդ դարի քարտեզ, որտեղ Ադրբեջան հասկացություն լինի: Կամ վերջիվերջո, մենք 1917 թվականի սեպտեմբերի 24-ին հայկական պետականություն ձևավորեցինք, որը Ադրբեջանի հետ ընդհանրապես կապ չուներ, և այն մնաց մինչև 1920-ը` մինչև խորհրդայնացումը: Նման փաստեր պետք է ներկայացվեին,- ասաց նա` նշելով, որ չի կարող ասել, թե ինչու էր Հայաստանի ղեկավարը թերացել պատմական հակափաստեր ներկայացնելիս,- գուցե վարչապետը անակնկալի եկավ: Անընդհատ խոսվում է, որ պետք է առաջ նայել: Իհարկե, պետք է առաջ նայել, բայց մյուս կողմից էլ չենք կարող մեր պատմական փաստերը ճիշտ չներկայացնել»:
Անդրադառնալով քննարկմանը երկու երկրների ղեկավարների խոսքից բանակցային գործընթացի մասին տեղեկատվության բացահայտմանը՝ ԱԺ փոխնախագահը նկատեց` Ալիևը խոսում էր կարգավորման փուլային տարբերակից, իսկ Փաշինյանը՝ կարծես փաթեթայինից: «Ես ընդհանրապես կողմ եմ, որ Արցախի կարգավիճակը հստակեցվի Սահմանադրությամբ հռչակված իր տարածքներով,- ասաց նա` նշելով, որ սխալ էին նաև Ալիևի այն պնդումները, որ ազատագրված տարածքներում հայեր չեն ապրել,-եթե չեն ապրել, ապա Դադիվանքը ո՞վ է կառուցել: Թող գա, մեկ անգամ տեսնի, թե այնտեղ ովքեր են ապրել. ամբողջ տարածքը խաչքարեր են»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ ինքը ցանկանում է «մինիհեղափոխությունների» միջոցով հասնել հիմնահարցի կարգավորմանը` Վահրամ Բալայանը նշեց, որ ինքը չհասկացավ՝ խոսքը ինչի մասին է: «Մենք պետք է խոսենք կարգավորման մասին»:
Դիտարկմանը, թե պարզ է` ինչ է ցանկանում Ադրբեջանը, իսկ հայկական կողմի պահանջը պարզ դարձա՞վ, Վահրամ Բալայանը պատասխանեց. «Հստակ է այն տեսանկյունից, որ խոսվեց, որ Արցախում ապրող հայ մարդու ապրելու իրավունքը պետք է պաշտպանվի, և այդ խոսքն ուղղված էր ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև համաշխարհային հանրությանը»:
Մեկ այլ դիտարկմանը, թե ինչ կարծիք ունի վարչապետի այն հայտարարության վերաբերյալ, որ Արցախի դեպքում չկան տարածքներ, կա անվտանգություն, Արցախի ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես համաձայն չեմ դրա հետ: Հնարավոր է, որ պատերազմի սկզբից այդպես է եղել, բայց իրականում մենք ազատագրել ենք մեր պատմական տարածքները, որտեղ հայերը դարեր շարունակ ապրել են, եկեղեցի են կառուցել: Ի՞նչ անենք, որ ինչ-որ մի պահի իրենք ուժեղ են եղել, նվաճել են այդ տարածքները: Հիմա եկել է ժամանակը, որ այդ տարածքներին մենք տիրություն անենք»:
Այնուամենայնիվ, այս իրավիճակում էլ, երբ Ադրբեջանը առավելապաշտական քաղաքականություն է վարում, ըստ Վահրամ Բալայանի, պետք է խոսել, պետք է շփումներ ունենալ, բայց պետք է դա անել Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ: «Պետք է բանակցել, դրա այլընտրանքը պատերազմն է լինելու: Պետք է նաև համաշխարհային հանրությանը ներկայացնել, թե որն է պատմական ճշմարտությունը»:
Հռիփսիմե Հովհաննիսյան
tert.am