Համահայկական միասնական օրակարգի ձեւավորումը եւ հետապնդումը՝ օրախնդիր
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Համահայկական միասնական օրակարգի ձեւավորումը եւ հետապնդումը՝ օրախնդիր

Համահայկական միասնական օրակարգի ձեւավորումը եւ հետապնդումը՝ օրախնդիր

Այս օրերին, երբ աշխարհը թեժ քաղաքական բախումների մեջ է, իսկ Հայաստանը՝ հարեւանների հետ  չլուծված  հարցերով, շարունակում է մնալ գերտերությունների շահերի բախման կիզակետում, համահայկական տիրույթում խորհրդավոր հանգստություն է: Երկրին սպառնացող ներկա մարտահրավերները պետք է ընկալել լրջագույն սպառնալիք` Հայաստանի պետականության գոյությանն ու պահպանմանը, համահայկականությանը: Չենք կարող շարունակել չտեսնել ազգային խնդիրները, որոնք  ուղղակիորեն վերաբերում են համայն հայությանը եւ միասնական լուծում են պահանջում:

Հայաստանի առաջ քաշած, այսպես ասած,  «Խաղաղության օրակարգ»-ը կեղծ է, Ադրբեջանը շարունակում է  սպառնալիքների տակ Հայաստանի գոյությունը վտանգի ենթարկել: «Հեծանվորդների արշավախումբը» կարծես չի նկատում իր շուրջը «եռացող կաթսան», պետականությանը սպառնացող վտանգները:

Ներկա աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բարդ իրավիճակում երկմտելու հնարավորություն չկա, պետք է ամեն կերպ գործել, ուժեղանալ, պատրաստ լինել պայքարի:

Այս իմաստով համահայկական օրակարգի ձեւավորումը օրախնդիր է, Սփյուռքը՝ ազգային բոլոր կառույցները,  անկախ հայացքներից, պետք է միավորվեն, եւ համախմբվեն ազգային միասնական օրակարգի շուրջ:

Արցախի կորուստը, ցավոք, չսթափեցրեց հայությանը, այսօր ունենք անվտանգային լուրջ սպառնալինքեր, պահանջատիրական հարցեր՝ Արցախի ժողովրդի իրավունքի պաշտպանություն, Արցախի հիմնախնդրի, Ցեղասպանության ճանաչման հետապնդում, ազգային իշխանության ձեւավորում, մարտունակ բանակ, գերիների վերադարձ, բազմաթիվ մարտահրավերներ, որոնց դիմագրավումը համայակական տիրույթում է:

Չենք կարող շարունակ կորցնել, պետք է սթափվենք, զորաշարժի ենթարկենք համահայկական ներուժը եւ գործուն ներազդեցություն ունենանք՝ ծառացած հիմնախնդիրները պատվով լուծելու եւ մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու համար:

Հասմիկ ՇԻՆԴՅԱՆ

«Ապառաժ»-ի խմբագրական

19 օգոստոսի, 2024թ.

1