Համահայկական համախմբում եվրոպական ավելի քան 50 քաղաքներում՝ ի զորակցություն Արցախի. «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Համահայկական համախմբում եվրոպական ավելի քան 50 քաղաքներում՝ ի զորակցություն Արցախի. «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժում

Համահայկական համախմբում եվրոպական ավելի քան 50 քաղաքներում՝ ի զորակցություն Արցախի. «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժում

Ի աջակցություն Արցախի՝ Եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի կունենան տարբեր միջոցառումներ, մասնավորապես՝ Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում:

Եվրոպայի հայությունը, ինչպես նաև տասնյակ եվրոպական կազմակերպություններ, հունվարի 27-28-ը հավաքների և զանազան այլ գործողությունների միջոցով, իրենց ազգային կառավարություններին, ինչպես նաև համաեվրոպական ղեկավար կառույցներին հորդորելու են.

1. Հստակորեն դատապարտել Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը։

2. Անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, որը պատասխանատու է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման, հրադադարի խախտումների, սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի և Արցախում իրականացրած էթնիկ զտման համար։

3. Օգտագործել առկա բոլոր լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ձերբակալված բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերից ի վեր առևանգված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

4. Նպաստել շոշափելի միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրմանը` արցախահայությանը հնարավորություն տալով օգտվելու հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքից, Արցախին տրամադրել միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակ։

5. Արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորում և Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող ցանկացած գործողություն։

6. Հայաստանին տրամադրել համապատասխան օգնություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները պատշաճ կերպով հոգալու համար:

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն էին տարածել այս միջոցառումների վերաբերյալ՝ նշելով, որ համազգային համախմբումը և նրա սահմանների ընդլայնումը, Հայրենիքում պահանջված ու սպասվող աշխատանքի իրականացման հետ մեկտեղ կարող են ստեղծել այն նախադրյալները, որոնք անհրաժեշտ են մեր գլխավոր խնդրի՝ անվտանգության միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն իրականացնելու համար:

1