Համագյուղացիներով հավաքվենք ու հետագայում բնակություն հաստատենք նույն բնակավայրում․ Նվեր Մարտիրոսյան
Գլխավոր » Լրահոս » Համագյուղացիներով հավաքվենք ու հետագայում բնակություն հաստատենք նույն բնակավայրում․ Նվեր Մարտիրոսյան

Համագյուղացիներով հավաքվենք ու հետագայում բնակություն հաստատենք նույն բնակավայրում․ Նվեր Մարտիրոսյան

Արցախից բռնի տեղահանվելուց հետո Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի բնակիչների մի մասը հաստատվել է Տաշիր համայնքի Լեռնահովիտ գյուղում՝ համախմբվելով իրենց համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանի շուրջը, ով 2001 թվականից մինչև Արցախի անկումը ղեկավարում էր Հաղորտի գյուղը։ Արցախյան առաջին պատերազմում Հաղորտին տվել է 4, իսկ 2020-ի 44-օրյա պատերազմում՝ 1 զոհ։

Հաղորտեցիները գյուղից տեղահանվել են 2023-ի սեպտեմբերի 26-ին։ Բարեբախտաբար, առանց կորստի։

Երբ Լեռնահովիտ գյուղում հանդիպեցինք Նվեր Մարտիրոսյանի հետ, նա չցանկացավ խոսել 2023-ի սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի մասին։ Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, 3-րդ կարգի հաշմանդամ արցախցու համար ցավալիորեն ծանր էր խոսել Հայրենիքի կորստի մասին։ Փոխարենը պատմեց, թե ինչպես են դուրս եկել գյուղից և տեղավորվել Հայաստանում։

Սեպտեմբերի 23-ին արդեն հասկացել էինք, որ իրավիճակը լուրջ է, և գյուղում մնալն արդեն վտանգավոր է դառնում։ Ոչ ոք չէր մտածում առանձին հեռանալու մասին։ Կային մարդիկ, որոնք վառելիքի խնդիր չունեին, սակայն սպասում էին, որ գյուղովի դուրս գանք։ Հենց այդ է պատճառը, որ համախմբված, առանց խուճապի ու կորստի դուրս եկանք։

Երբ եկանք Հայաստան, լսեցի, որ Տաշիրում վեց ամսվա գյուղատնտեսական ծրագիր է գործում։ Եկա ու հրավիրեցի նաև իմ համագյուղացիներին։ Ինձ միացան 11 ընտանիք։ Մեզ առաջարկեցին անվճար բնակարաններ և հնարավորություն՝ ստեղծելու մեր սեփական տնտեսությունները։

Այժմ Լեռնահովտում ապրում են 160 հաղորտեցիներից 64-ը։ Գյուղաբնակներիս համար դժվար է ապրել Երևանում, կամ ուրիշ քաղաքներում։ Մենք սովոր ենք գյուղատնտեսության շնորհիվ օրվա հաց վաստակել։ Արցախցիներս պետք է հնարավորություն ունենանք աշխատելու, կրկին ստեղծելու, այլ ոչ թե նստելու և սոցիալական աջակցությունների սպասելու։

Մտածում եմ, որ ինչքան հնարավոր է համագյուղացիներով հավաքվենք ու հետագայում բնակություն հաստատենք նույն բնակավայրում։ Դեռևս չեմ կողմնորոշվել ՀՀ քաղաքացիություն ընդունելու և բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու հարցերում։ Այն, որ մնալու ենք Հայաստանում, դա հաստատ է, սակայն կոնկրետ որ բնակավայրում ենք ապրելու, դեռ չենք որոշել։

Այս տարածաշրջանում հիմնական խնդիրը զբաղվածությունն է, աշխատանք չկա։ Տեղի բնակչությունը սովորել է ու հարմարվել, որ պետք է ուրիշ երկրներում աշխատանք փնտրի, ու տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքների մեջ է։ Մտածում են, որ միակ ելքը դա է։ Կարծում եմ՝ գուցե մնան ու այստեղ որևէ գործ նախաձեռնեն, իհարկե դրա համար ներդրումներ պետք է արվեն։ Ինձ էլ են առաջարկում խումբ ձևավորել ու մեկնել արտագնա աշխատանքի, սակայն ես կտրականապես դեմ եմ դրան։ Ամեն մարդ պետք է իր ընտանիքի կողքին լինի։

Նվերը գյուղում թողել է 1․5 հա բերքատու և 2․5 հա նորատունկ նռան այգիներ, մրգերի սառնարաններ։ Ստեղծել էր ամեն մի պայման լիարժեք ապրելու համար։

Հաղորտի համայնքի ղեկավարը հիշում է, թե ինչ ներդրումներ էին կատարվում գյուղում 2020 թվականից հետո։ Իրականացված դրամահավաքի շնորհիվ գյուղում բացվել էր տեխնոդպրոց, որը մեծ աշխուժություն է առաջացրել շրջանում։ Տարբեր տեղերից սկսել են հաճախել դպրոց։ Աշակերտները շատ ակտիվ էին և ներկայացնում էին սեփական ծրագրերը, որոնցից ստացված դրամաշնորհը ներդրվում էր համայնքի զարգացման համար։

Հարցին՝ թե տեսնո՞ւմ է արդյոք վերադարձի ճանապարհ, Նվեր Մարտիրոսյանը պատասխանեց, որ միայն Արցախը թշնամուց լրիվությամբ ազատագրելուց հետո։ Ներկա պահին դա հնարավոր չէ, բայց Արցախի էջը չի կարող փակված լինել։ <<Մենք նրանց հետ համատեղ ապրել չենք կարող, դա անհնարին է։ Գուցե տարիներ հետո, բայց ես հավատում եմ, որ մեր վերադարձը իրականություն կդառնա։ Եթե ոչ մենք, ապա մեր սերունդները նորից կտնօրինեն պապենական հողերը>>,-ասում է Նվերը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1