Հակամարտությունը գոյություն ունի և այն պետք է կարգավորվի միջազգային նորմերի և հիմնարար սկզբունքների հիման վրա
Գլխավոր » Լրահոս » Հակամարտությունը գոյություն ունի և այն պետք է կարգավորվի միջազգային նորմերի և հիմնարար սկզբունքների հիման վրա

Հակամարտությունը գոյություն ունի և այն պետք է կարգավորվի միջազգային նորմերի և հիմնարար սկզբունքների հիման վրա

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի ելույթը՝ դեկտեմբերի 13-ին կայացած ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ․

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը, շարունակելով իր կողմից տասնամյակների ընթացքում որդեգրած հայատյաց քաղաքականությունը, այս անգամ էլ կեղծ բնապահպանական օրակարգով արգելափակել է Արցախի Հանրապետությունը  Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը՝  իրականացնելով համաշխարհային ծավալների հանցագործություն և ստեղծելով հումանիտար աղետ, որի արդյունքում փորձում է խուճապային տրամադրություններ ստեղծել մեր բնակչության շրջանում։ Հերթական անգամ խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ նրանք  ակնհայտորեն ցույց են տալիս իրենց նկրտումները Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախն հայաթափելու ուղղությամբ, որն անպատժելիության հետևանք է։ 

Այդ ամենն իրականություն չդառնալու միակ ճանապարհը Արցախի անկախությունը ճանաչելն է միջազգային հանրության կողմից։ Սակայն Ադրբեջանը ամեն գնով փորձում է խոչընդոտել այդ գործընթացին՝ ներկայացնելով աշխարհին, թե այդ հարցը լուծված է, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա, որը իրականությանը չի համապատասխանում։ Դրա մասին բազմաթիվ անգամներ խոսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային այլ դերակատարների կողմից, որ հակամարտությունը գոյություն ունի և այն պետք է կարգավորվի միջազգային նորմերի և հիմնարար սկզբունքների հիման վրա։

Միաժամանակ Ադրբեջանը, օգտվելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից, պարբերաբար խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ակնհայտորեն փորձում է ստվեր գցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վրա՝ դրանով իսկ հող նախապատրաստելով հետագայում նրանց տարածաշրջանից դուրս բերելու և եռակողմ հայտարարությունը չեղարկելու համար, որը կբերի անկախատեսելի հետևանքների։ Այդ համատեքստում կարևոր ենք համարում ՌԴ խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատի տրամադրումը անորոշ ժամկետով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, որպես միջազգային հիմնարար երաշխիք։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր գոյապայքարի բարդ ու դժվարին ճանապարհին մենք հաղթահարել ենք բազում մարտահրավերներ և այսօր էլ շարունակում ու հետհայսու ևս շարունակելու ենք պայքարել մեր հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իրավունքի համար։ Դրա համար չափազանց կարևոր է մեզանից յուրաքանչյուրի բարձր քաղաքացիական պատասխանատվությունն ու անմնացորդ սերը մեր հայրենիքի նկատմամբ։ Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք Արցախը պահել հայկական և մեր ինքնորոշման իրավունքի  իրացման արդյունքների լրիվ և անսակարկելի ճանաչման հիման վրա հասնել մեր վերջնանպատակին»։

1