Հաղթող տեսակը Արթուրի նման է լինելու
Գլխավոր » Շաբաթվա հյուրը » Հաղթող տեսակը Արթուրի նման է լինելու

Հաղթող տեսակը Արթուրի նման է լինելու

Դասընկերներից Սերգեյ Սաֆարյանի հետ Արթուրը վերջին շրջանում հաճախակի էր հանդիպում: Սերգեյի կարծիքով՝ եթե մինչև 2016թ. զինվորական ծառայությունն Արթուրի համար զուտ երկու տարվա պարտականություն էր, ապա դրանից հետո առաքելություն է դարձել. «Արթուրին ճանաչելով՝ կարող եմ փաստել, որ անկախ նրանից, թե ինչ պարտականություն է իր վրա վերցրել՝ քաղաքացիական կյանքում, զինվորական ծառայության մեջ, նա նվիրումի ետևից գնացող մարդ էր: Հիշում եմ, երբ մենք մի անգամ Մատաղիսում էինք, նրա զինվորներն Արթուրի մասին առանձնակի ոգևորությամբ էին պատմում, խոսում էին, որ Աղասյանն իր ամբողջ աշխատավարձը զինվորների վրա է ծախսում, որ նա, չնայած բավականին խիստ է, բայց նրանց ավագ ընկերն է: Նույնիսկ տարիքով իրենից ավագներն ասում էին, որ Աղասյանն իրենց ընկերն է: Սա բացառիկ երևույթ է: Աղասյանն իր ապրած տարիների ընթացքում կարողացավ ձևավորել այնպիսի մի կերպար, որը դեռ հազարամյակներ շարունակ սերունդներ է կրթելու»:  

«Ինքը չափազանց ազնիվ տղա էր: Իմ մանկության ամենալուսավոր կերպարն է Արթուրը, ում հետ ցանկացած հարց կարելի էր կիսել, ցանկացած հարցի շուրջ կարելի էր քննարկում ծավալել: Երբ արդեն զինվորական ծառայության մեջ էր, մենք բնականաբար ավելի ուշ-ուշ էինք հանդիպում, բայց ամեն այցը տոն էր ինձ համար, որովհետև գիտեի, որ պիտի գար, մինչև ուշ գիշեր զրուցեինք: Մեր վերջին հանդիպման օրը, մինչև ուշ երեկո մեր տանն էինք, հետո իջանք Մարտունու Հաղթանակի հրապարակ՝ զբոսնելու: Ուժեղ անձրև էր տեղում, բայց մեզ չէր խանգարում:

Այդ օրը ես Արթուրին հարցրի, թե չի՞ պատրաստվում արդյոք ամուսնանալ: 2016թ. այսկողմ մի գեղեցիկ խոսք կար, որ շատ է տարածվել, երբ ինքն ասում էր՝ սիրահարվել եմ համազգեստիս: Իմ հարցին կես կատակ-կես լուրջ պատասխանեց, որ մարդ պետք է մի անգամ սիրահարվի, և ինքն արդեն իսկ սիրահարվել է: Ծիծաղում էինք, որովհետև չափազանց ճոխ հայրենասիրություն էր ընկալվում, բայց Արթուրը հենց այդ նախադասությամբ ու ապրած կյանքով պատմության մեջ արձանագրեց նոր փաստ: Այո՛, նա սիրահարվեց իր համազգեստին, իր գործին և ինչպես հայտնի երգի տողերում է ասվում՝ «նա զենքի հետ պսակվելու գնաց»: Ի ծնե առաջնորդ էր Աղասյանը, ամեն գործում նախաձեռնող: Ռուսները շատ ավելի հաջող են ձևակերպում` «прирожденный лидер»,- պատմում է Սերգեյը:

Նրանք հաճախ էին խոսում ռազմական գործից հեռանալու մասին, որովհետև Արթուրն ուներ բոլոր հնարավորությունները նաև քաղաքացիական կյանքում դրսևորվելու, բայց միշտ ասում էր, որ ուրիշ ոլորտում իրեն չի պատկերացնում: «Մենք ընկերներով վստահ էինք, որ Արթուրը շատ կարճ ժամանակահատվածում պիտի դառնա մեր բանակի առանցքային դերակատարներից մեկը, և չսխալվեցինք: Ճիշտ է, մենք բոլորս ուզում էինք, որ նա կենդանության օրոք դառնա այդ առանցքային դերակատարներից մեկը, բայց ես նրան այսօր էլ համարում եմ ողջ, մենք նրան երբեք բացակա չենք դնի: Նա դարձավ մեր համազգային պայքարի խորհրդանիշներից մեկը: 2016թ. այսկողմ աշխարհի ցանկացած ծայրում, որտեղ հայ կա, երևի լսել է «Արթուր Աղասյան» անուն-ազգանունը»,- ասում է Սերգեյ Սաֆարյանն ու ավելացնում, որ Արթուր Աղասյանը մարդ-բարոյականության գիգանտ է:

Երբ 2016թ. հեռուստաէկրանին ու սոցիակական մեդիայում հաճախակի հայտնվում էին արդեն լեյտենանտի կոչում ստացած Աղասյանի մասին պատմող կադրերը, շատերը զարմանում էին, թե ինչպես այդ փոքրամարմին տղան կարողացավ այդպիսի հերոսություն կատարել, բայց նրան լավ ճանաչողները շատ նորմալ էին համարում, որովհետև Արթուրն իր տեսակով այդպիսին էր՝ զինվոր, հրամանատար, ով երբեք թիկունքում չի, ով միշտ առաջնագծում է: Ընկերոջ խոսքով՝ Արթուրը քաղաքացիական կյանքում էլ էր այդպիսին, ընկերության մեջ էլ, ընտանիքում էր:

«Այս պատերազմի ժամանակ, երբ հոկտեմբերի 7-ին՝ իմ ծննդյան օրը, մեր հայրենիքի համար զարկվածների ցանկում հայտնվեցին Արթուրի և իր կրտսեր եղբոր՝ Արսենի անունները, ինձ համար ապրելը նաև վերածվեց պարտադրանքի, և ես այդ ժամանակ մի փոքրիկ գրառմամբ ասացի, որ իմ առաջնեկը պետք է Արթուրի անունը կրի: Ես համոզված եմ, որ Արթուրի անունը դեռ շատ երեխաներ կկրեն, ես համոզված եմ, որ Արթուր Աղասյանի անունով կկոչվեն փողոցներ, կկոչվեն դպրոցներ, որովհետև մենք սերունդներին պարտավոր ենք փոխանցել Արթուրի տեսակը, նրանից շատ բան կա սովորելու»,- ասում է Սերգեյը՝ համոզմունք հայտնելով, որ հաղթող տեսակը Արթուրի նման է լինելու:

Իսկ Արթուրի անձնական հատկանիշները նա առաջին հերթին պայմանավորում է ընտանիքով. «Նա ավանդական հայկական լավ ընտանիքում դաստիարակված զավակ էր: Որքան էլ ասենք, որ հասարակությունն է կոփել Աղասյանին, միևնույնն է, ես համոզված եմ, որ Աղասյանն այդպիսին առաջին հերթին կոփվել է իր ընտանիքում, իր ծնողների դաստիարակությամբ, հետո նոր արդեն հասարակության մեջ: Նրա բնույթն անփոփոխ էր: Մարդիկ սովորաբար տարիների ընթացքում մի քիչ այսկողմ, մի քիչ այնկողմ փոխվում են: Արթուրը մեր առաջին հանդիպումից՝ 2003-ից մինչև վերջին պահը նույն մարդն էր՝ ժպտերես, աշխույժ, ամեն ինչի նկատմամբ լավատեսորեն տրամադրված, իր գործին հավատացող: «Աղասյան» տեսակը պիտի արմատանա մեր մեջ, մենք եկող սերունդներին անընդհատ պիտի սրսկենք, որպեսզի նմանվեն Աղասյանին ոչ միայն զինվորական գործում, այլ նաև որպես մարդ տեսակ»:

Սերգեյի կարծիքով՝ այժմ կոմպլեքսներից դուրս գալու խնդիր ունենք: Անհրաժեշտ է բոլոր այն անհատականություններին՝ լինի զինվորական, մանկավարժ կամ բժիշկ, ովքեր կարողանում են հայրենիքի համար ինչ-որ առավելություն ապահովել, մեր բռի մեջ պահել, որպեսզի վաղն այսպիսի պատերազմներ չունենանք, որպեսզի վաղը նորից այսպիսի ցավի չհանդիպենք.  «Մեր ժողովուրդը շատ է պայքարել. սերունդ չկա, որ պատերազմ տեսած չլինի: Պարտավոր ենք կերտել այնպիսի հայրենիք, որ պատերազմը մեզնից կիլոմետրերով հեռու մնա և եկող սերունդները միայն անցյալով խոսեն պատերազմի մասին: Դա հնարավոր է, և դրա ամենալավ բանալին տնտեսապես հզոր երկիր ունենալն է: Եթե երկիրդ տնտեսապես հզոր է, հզոր է նաև քո բանակը, արտաքին ու ներքին քաղաքականությունը»:

1