Հաղթե՛լ ենք միասին, չե՛նք զիջի միասին, կզարգանա՛նք միասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Հաղթե՛լ ենք միասին, չե՛նք զիջի միասին, կզարգանա՛նք միասին

Հաղթե՛լ ենք միասին, չե՛նք զիջի միասին, կզարգանա՛նք միասին

Մարտի 31-ին Արցախում կայանալու են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Ավարտին է մոտենում ընտրությունների քարոզարշավի փուլը: Մի քանի օրից Արցախի ժողովուրդն առիթ կունենա քվեարկության միջոցով իր կամքն արտահայտել՝ նախագահի եւ կուսակցությունների նախընտրած թեկնածուներին հանձնելով երկրի կառավարման ղեկը:

Վերջապես կավարտվի հանրության մեջ տիրող այն լարված մթնոլորտը, որը ծայր առավ 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո եւ որը շարունակվեց ու իր գագաթնակետին հասավ վերջին օրերին:

Այժմ յուրաքանչյուրի համար խոսքից գործին անցնելու պահն է մոտենում, գործի ստանձնման պատասխանատվության ծանր բեռը կրելու պահը: Դաշնակցությունը միշտ էլ հանձնառու է եղել այն պատասխանատվությանը, որն իր ուսերին է դրվել ժողովրդի կողմից: Ընդունված է ասել, որ քվեարկության պահին ժողովուրդն արտահայտում է իր վստահությունը, սակայն կա շատ ավելի խորքային զգացողություն՝ հույսը, որը ժողովուրդը կապում է յուրաքանչյուր քաղաքական ուժի կամ քաղաքական առաջնորդի հետ: Դա չի չափվում քվեով: Դա թե՛ պատմություն է, թե՛ հիշողություն եւ թե՛ հոգեկան ապրում: Դաշնակցությունը վայելում է այդ վստահությունը:

Քարոզարշավի ընթացքում զանազան առիթներով ականատեսն ենք եղել լարված մթնոլորտի առկայության: Հանդիպումների ընթացքում դաշնակցական գործիչներին հանրության ներկայացուցիչները դժգոհել են թեկնածուների առատությունից, կուսակցությունների եւ դաշինքների բազմազանությունից: Շատերը դժվարացնում են ընտրություն կատարել, քանի որ ներկայացված խոստումներն ու ծրագրերը հիմնականում նույնանման են: Հարկ ենք համարում հիշեցնել, որ այս կացությունը մեզ համար կանխատեսելի էր: Ժամանակին Դաշնակցությունը հանդես եկավ միասնական օրակարգի եւ համաձայնեցված նախագահի թեկնածուի առաջարկով: Քաղաքական ուժերը չընկալեցին պահի լրջությունը: Մենք մեր ջանքը գործադրեցինք՝ միավորելու համախոհ քաղաքական ուժերին, սակայն իշխանատենչությունն ու անձնական ցանկություններին հագուրդ տալը չթույլատրեց հեռատես լինել: Նույն իրավիճակն էր նաև 2017թ.        Սահմանադրության ընդունման նախօրեին: Ավաղ այն օրերին էլ քաղաքական ուժերն անտեսեցին մեր հորդորները: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Այժմ եւս մնում ենք նույն համոզմանը: Յուրաքանչյուրս էլ գիտակցում ենք, որ կայանալիք ընտրություններից հետո մեր հայրերի, եղբայրների արյամբ սրբագործված հայրենի պետության զարգացման գործում ամեն ոք պետք է ստանձնի իր դերակատարությունը:

Անկախ ընտրությունների արդյունքներից, որեւէ քաղաքական ուժ՝ թե՛ ընդդիմության եւ թե՛ իշխանության դիրքերում, պարտավոր է հիշել միասնության ուժը: Անցյալ, ներկա եւ ապագա քաղաքական ղեկավարները, ժողովրդին առաջնորդելու հավակնություն ունեցող յուրաքանչյուր ոք եւ ժողովրդի յուրաքանչյուր մասնիկ պարտավոր է անսալ իր ներքին ձայնին, երբեք թույլ չտալ, որ առօրեական շահերը պատճառ դառնան մեր երկրի հզորության հիմքը հանդիսացող հավաքական ուժի եւ արժեքների խաթարման:

Հաղթե՛լ ենք միասին, չե՛նք զիջի միասին, կզարգանա՛նք միասին:

«Ապառաժ»-ի խմբագրական,

27 մարտի, 2020թ.

1