«Հաղթանակի գենեզիս». Փոքր հաղթանակներից դեպի մեծ հաղթանակ

Նոյեմբերի 24-ին և 25-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Համազգային պետական թատրոնի կողմից ցուցադրվել է «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը:
Նոյեմբերի 25-ի ներկայացումը նվիրված էր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվան:
Ներկայացումը վավերագրական է՝ հիմնված Նարինե Գրիգորյանի, Արման Նավասարդյանի և Վարշամ Գևորգյանի հուշերի վրա։
Համազգային պետական թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը նշել է, որ ներկայացման մեջ դերակատարների հուշերն են, պատմությունները, հիշողությունները պատերազմի և հաղթանակի մասին: «Տարիների հեռավորությունից խոսում ենք այն երեխաների անունից, որ եղել ենք ժամանակին: Ներկայացման հիմնական ասելիքը հաղթանակն է, այն հավատը, որ մենք ենք ունեցել, որի արդյունքում հաղթանակ ունենք»,- ասել է Արման Նավասարդյանը:
«Արցախյան շարժման ժամանակ մենք Հրազդան քաղաքից տեղափոխվել ենք Արցախի Նորագյուղ գյուղ: Պատերազմի և շարժման տարիներին օրագիր էի պահում, ներկայացման հիմքում հենց իմ մանկական օրագիրն է ընկած: Սա փոքր հաղթանակների պատմություն է, քանի որ հաց բերելն էլ էր հաղթանակ, փայտ գտնելն էլ էր հաղթանակ: Հենց այդ փոքր հաղթանակներից կերտվեց մի մեծ հաղթանակ»,- ներկայացման մասին ասել է Նարինե Գրիգորյանը:

Բեմում կախված իրերը` հին գրքեր, խաղալիքներ, թեյնիկ, շաքարաման, լամպ, վառարան, կարտոֆիլ և այլն, հուշում են, որ ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին:
Դերակատարների ներկայացրած գործողությունները տեղի են ունենում երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, Շամշադինի սահմանամերձ մի գյուղում և մութուցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ: Նրանց յուրաքանչյուր պատմությունը մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է` հաղթանակ թշնամու, ծանր պայմանների և սեփական վախերի հանդեպ: Սցենարի հեղինակը Սառա Նալբանդյանն է, իսկ բեմադրության հեղինակը Նարինե Գրիգորյանը:
Վարշամ Գևորգյանը տեսարաններից մեկում ասում է, որ հոգնել է հայ ժողովրդի պատմությունից, որովհետև անընդհատ պարտություններ են, էլ չի ուզում այդպիսի պատմությունը սովորել,երբ հաղթենք, այդ դասն էլ կսովորի: Եվ «Հաղթանակի գենեզիս» պատմությունն այդ հաղթանակի դասն է:
Ներկայացմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պետական այրեր, երիտասարդներ:
