«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն հայտարարությունը ԼՂՀ ներկայիս հանգրվանի և ձեռնարկվելիք հրատապ քայլերի մասին
Գլխավոր » Լրահոս » «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն հայտարարությունը ԼՂՀ ներկայիս հանգրվանի և ձեռնարկվելիք հրատապ քայլերի մասին

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն հայտարարությունը ԼՂՀ ներկայիս հանգրվանի և ձեռնարկվելիք հրատապ քայլերի մասին

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հարցի ներկայիս հանգրվանի և ձեռնարկվելիք հրատապ քայլերի մասին.

«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը, ներկայացնելով Արցախի Հանրապետության ժամանակավորապես օկուպացված Հադրութի շրջանի դեօկուպացիայի նպատակը՝ որպես ազգային-քաղաքական տեսլականի մաս, արտահայտում է այն կիսող մեր բոլոր հայրենակիցների ձայնը՝ համարելով Հադրութի շրջանի օկուպացիան Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների ստորագրած եռակողմ գրավոր հայտարարության հետևանք:

Չընդունելով նշված գրավոր հայտարարությունը՝ որպես միջազգային իրավունքի աղբյուր, քանզի այն հակասում է միջազգային իրավունքի jus cogens նորմերին՝ փաստացի ամրագրելով ադրբեջանական ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների հետևանքը՝ հավատացած լինելով, որ Արցախի ազատության գաղափարի հիման վրա վերանկախացած Հայաստանի Հանրապետությունն առանց Արցախի հանդեպ ստանձնած պարտավորությունների լիակատար ապահովման երկարաժամկետ հեռանկարում դատապարտված է ազգային-պետական դիմագծի կորստյան և թուրք-ադրբեջանական երկյակի կողմից ժողովրդագրական, տնտեսական ու արժեքաբանական կլանման, կոչ է անում Հայաստանի իշխանություններին.

ա․) հայտարարելու, որ Հայաստանը շարունակում է hետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը՝ համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» ՀՀ ԳԽ որոշման (համարը՝ Հ. Ն-0663-1, սկզբնաղբյուրը՝ ՀՀԳԽՏ 1992/13);

բ․) վերադառնալու Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով;

գ․) գործադրելու պետական բոլոր ուժերը՝ հասնելու համար Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների միջազգային իրավական դատապարտմանը;

դ․) «բ․» և «գ․» կետերի իրականացման ընթացքում բարձրացնելու Հադրութի շրջանի դեօկուպացիայի պահանջը՝ որպես ազգերի ինքնորոշման սկզբունքի ապահովման և Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետևանքների հաղթահարման նախագրավական;

ե․) ԱՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների եռակողմ գրավոր հայտարարության մասով ընդունելու համապատասխան ներպետական իրավական ակտ-վերապահում, որտեղ կարձանագրվի, որ այդ հայտարարությունը հումանիտար նպատակ է ունեցել՝ կանգնեցնելու արյունահեղությունը, իսկ մնացյալ կետերը թողնվում են հետագա միջազգային իրավական բանակցությունների միայն այն բանից հետո, երբ կհստակեցվի ՀՀ սահմանադրականությանը դրանց համապատասխանությունը;

զ․) հընթացս «ե» կետի իրականացման՝ չստանձնել Լեռնային Ղարաբաղի հարցով ՀՀ համար որևէ նոր միջազգային պարտավորություն և անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում՝ համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» ՀՀ ԳԽ որոշման;

է․) ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական և լուսավորչական ծրագրերի միջոցով բարձրացնել ՀՀ բնակչության շրջանում հանրային իրազեկումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների, այդ թվում՝ Հադրութի շրջանի մասին;

Հայաստանի իրավապահ համակարգին և քաղաքական ուժերին.

ա․) հանդես գալու համապատասխանաբար իրավական և քաղաքական գնահատականներով՝ կապված ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների եռակողմ գրավոր հայտարարության և Լեռնային Ղարաբաղի հարցի ներկայիս հանգրվանի մասին;

Միջազգային հանրությանը.

ա․) դատապարտելու Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և հանդես գալու դրանց հետևանքների հաղթահարման անհրաժեշտության պաշտպանությամբ;

բ․) հանդես գալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների միջոցով լուծման օգտին։

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

1