Հացահատիկի ծավալները բավարարելու են
Շրջափակման պայմաններում Արցախի համար առավել կարեւոր է գյուղատնտեսական նշանակության ապրանքներով ինքնաապահովվածությունը: Առկա խնդիրների ու բերքահավաքի կազմակերպման աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանի հետ:
—Որքա՞ն կարևոր էր շրջափակման ընթացքում գյուղատնտեսության զարգացումն ու բարձր բերքատվության ապահովումը պարենային ապահովվածության և անվտանգության խնդրի լուծման համար, նույնքան և դժվար էր և է այդ աշխատանքների կազմակերպումը։ Որքանո՞վ է հաջողվել այդ աշխատանքների կազմակերպումը։ Որքա՞ն է կազմել հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունը։
-Շրջափակումը Արցախի Հանրապետությունում նոր տնտեսական իրողություններ է ստեղծել՝ առաջնային օգտագործման գյուղմթերքներով ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովման անհրաժեշտության առումով: Գյուղատնտեսության նախարարությունը շրջափակման դժվարագույն պայմաններում հետամուտ է եղել այդ խնդրի լուծմանը: Թե որքանով է հաջողվել իրականացնել սեզոնային աշխատանքները, կիմանանք բերքահավաքի աշխատանքները լրիվությամբ ավարտելուց հետո: Բայց պետք է հաշվի առնենք, որ արցախցու՝ դժվարագույն պայմաններում իրականացրած տքնաջան աշխատանքը մասնակի կամ ամբողջովին փչացել էր բնակլիմայական աղետներից՝ երաշտից, կարկուտից ու սելավներից, հատկապես՝ Ասկերանի և Մարտակերտի շրջաններում:
Կարող եմ ասել, որ գարնանացանի աշխատանքները շարունակվել են ընդհուպ մինչև մայիսի վերջ և իրականացվել են նախատեսված ծավալից մոտ 60 տոկոսի չափով, ինչի պատճառներից են վառելիքի, սերմերի ու այլ անհրաժեշտ գյուղատնտեսական պարագաների խիստ սղությունը, գյուղատնտեսական աշխատանք կատարողների թիրախավորման դեպքերը և այլն:
Հատկանշական է, որ ընթացիկ տարվա գարնանացանի ծավալները թեկուզ չեն իրականացվել նախանշվածի չափով, զգալիորեն գերազանցում են նախորդ տարվա ծավալները:
—Բարձր բերքատվություն ապահովելու համար կարևոր է նաև այդ ցանքատարածությունների ոռոգումը։ Արդյո՞ք ադրբեջանական կողմն ստեղծել է լրացուցիչ խնդիրներ ոռոգման հետ կապված։ Ի՞նչ թվերի մասին է խոսքը։
-Ոռոգման հետ կապված խնդիրները համակարգում է ԱՀ ջրային կոմիտեն:
—Ընթացքի մեջ է նաև բերքահավաքը։ Աշխատանքների ո՞ր մասն է արդեն կատարվել։ Բերքատվության ինչպիսի՞ ցուցանիշներ ունենք։
-Հունիսի կեսից հանրապետությունում մեկնարկել է աշնանացան հացահատիկայինների բերքահավաքը: Արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն, ինչը պայմանվորված է մի շարք օբյեկտիվ գործոններով. նախ՝ շրջափակման պատճառով չի իրականացվել ցանքսերի սնուցման գործընթացը, ինչը բացասական ազդեցություն է ունեցել բերքի վրա հենց ձևավորման փուլում, այնուհետև վիճակն էլ ավելի է բարդացել աննախադեպ երաշտի, տեղացած կարկուտի և սելավների պատճառով:
Բերքատվության ցուցանիշը առաջիկայում կբարձրանա, բայց արդյունքները վերջնական պարզ կլինեն դրանք ամփոփելուց հետո:Արդյո՞ք ունեցած արդյունքն ապահովելու է ինքնաբավություն՝ հացահատիկի առումով։
Դրա մասին խոսելը դեռ վաղ է, քանի դեռ բերքահավաքն ամբողջությամբ չի ավարտվել, բայց կանխատեսումներն այնպիսին են, որ երկար ժամանակ ապահովված ենք լինելու անհրաժեշտ ծավալի հացահատիկով:
Այժմ բերքահավաքի կազմակերպման ընթացքը բախվո՞ւմ է խնդիրների՝ կապված վառելիքի պակասի հետ, և ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրը աշխատանքներն ավարտին հասցնելու համար։
Խնդիրն առայժմ լուծվում է Արցախի Հանրապետությունում առկա պահուստային պաշարների հաշվին: Շրջափակման ընթացքում խիստ սահմանափակ բեռնափոխադրումների պայմաններում կառավարությանը հաջողվել է ապահովել վառելիքի որոշակի պահուստային պաշարի կուտակում, սակայն, բնականաբար, դա խնայողաբար պետք է օգտագործենք:
Պարենային անվտանգության ապահովման համար այս պայմաններում կարևոր է նաև ջերմոցային տնտեսությունների ակտիվացումը։ Պատերազմից հետո փորձ է արվել զարկ տալ ջերմոցային տնտեսությունների զարգացմանը։ Այսօր ի՞նչ վիճակ ունենք։ Ինչպիսի՞ ծախսարդյունավետություն է ապահովում այն և ինչպիսի՞ հեռանկար ունի ոլորտը։
Պատերազմից հետո ԱՀ տարածքային կորուսները հանգեցրել էին նաև գյուղատնտեսական տարածքների կորուսների, ինչն առաջ էր բերել քիչ տարածքներից շատ բերք ստանալու անհրաժեշտություն: Այդպես սկսվել է ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագիրը, որը, կարող ենք ասել, մեծ հաջողություն է ունեցել. վերջին 3 տարիների ընթացքում հանրապետությունում կտրուկ աճել են ջերմատնային տնտեսությունների մակերեսները: Ճիշտ է, առկա ջերմոցների մեծ մասը չջեռուցվող է, սակայն աշխատանքներ են տարվում դրանք փայտի հումքով ջեռուցվող կաթսաներով զինելու ուղղությամբ:
—Վերջին շրջանում եղանակային անբարենպաստ պայմանները՝ կարկուտն ու սելավները, իրենց բացասական հետևանքներն են թողել։ Ի՞նչ վնասներ է կրել գյուղատնտեսությունը՝ կապված դրա հետ։
-Բնակլիմայական նշված երևույթները բացասական են ազդել գյուղատնտեսության համախառն արտադրանքի վրա. տուժել են բուսաբուծության ոլորտի բոլոր ճյուղերը: Դա, բնականաբար, ազդել է նաև անասնաբուծության ճյուղի վրա, քանի որ բուսաբուծական արտադրանքը անասնաբուծական կերերի հիմնական հումքն է:
Վնասներ են կրել հիմնականում Ասկերանի ու Մարտակերտի շրջանները. հունիսի 15-ի տվյալներով՝ կարկտահարվել է 1661,4 հա տարածք:
—Որոշ գյուղատնտեսներ բողոքում են անասնակերի պակասից։ Գոյություն ունի՞ նման խնդիր։ Արդյո՞ք դրա հետ կապված տեղի է ունենում անանսնագլխաքանակի կրճատում, թե՝ ոչ։
-Վերջին ամիսներին, երբ զգացվել է անասնակերի սղություն, կառավարությունը կազմակերպել է զգալի ծավալի անասնակերի ներկրում, և առաջնահերթորեն հենց այդ պատճառով հնարավոր է դարձել խուսափել անասնագլխաքանակի անկումից: Ավելին, նույնիսկ կարողացել ենք ապահովել խոզի և մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի որոշակի աճ:
Ներկա պահի դրությամբ՝ այդպիսի խնդիր և վտանգ գոյություն չունի, քանի որ հանրապետությունում ընթանում է գարու բերքահավաքը, որը ծառայում է որպես հատիկային կեր անասնագլխաքանակի համար, սակայն շրջափակման այսպիսի սցենարի շարունակության դեպքում ձմռան ամիսներին մենք կարող ենք բախվել անասնագլխաքանակի հարկադիր մորթի խնդրին:
—Ի՞նչ վիճակ ունենք թռչնաբուծության ոլորտում։ Արցախում գործում էին խոշոր թռչնաբուծարաններ։ Արդյո՞ք շարունակում են դրանք իրենց գործունեությունը, թե այստեղ ևս խնդիրների ենք բախվում։
-Կառավարությունն արել է հնարավորը՝ ապահովելու թռչնաբուծարանների բնականոն գործունեությունը: Հանրապետությունում առկա վառելիքի սուղ քանակների զգալի մասն ուղղված է եղել ինկուբատորների անխափան գործունեության ապահովմանը: Բացի դրանից, կազմակերպվել է մեծ քանակությամբ ճտերի և ինկուբացիոն ձվի տեղափոխումն Արցախ, որոնք նախատեսված են եղել ինկուբատորային տնտեսությունների գործունեության ապահովման համար, ինչը հեռանկարային առումով պետք է նպաստի հանրապետությունում թռչնամսի պահանջարկի բավարարմանը:
Հատուկ անասնակերի ներկրման մեջ զգալի տեղ ենք տվել նաև թռչունների հատուկ կերին:
Կատարված ջանքերի արդյունքում՝ նշված ոլորտում վերջին 1-2 ամիսներին նույնիսկ թռչունների գլխաքանակի աճ է գրանցվել՝ համեմատած մարտ, ապրիլ ամիսների հետ:
Սակայն, հաշվի առնելով, որ թռչունները սնվում են բացառապես հատիկային կերերով, իսկ երաշտն ազդել է կերային մշակաբույսերի բերքատվության վրա, ինչպես նաև՝ ինկուբատորների արդյունավետ աշխատանքը պահանջում է ժամանակ առ ժամանակ հավերի փոխարինում և ձվերի ներկրում, իսկ լիակատար շրջափակման պայմաններում դա անհնար է, առաջիկա ամիսներին, ներկայիս իրավիճակի պահպանման պարագայում, ավելի սուր խնդիրների առաջացումը նշված ոլորտում անխուսափելի է:
Վահագն Խաչատրյան