Հացահատիկայինների բերքահավաքն ու պարենային անվտանգությունը
Գլխավոր » Լրահոս » Հացահատիկայինների բերքահավաքն ու պարենային անվտանգությունը

Հացահատիկայինների բերքահավաքն ու պարենային անվտանգությունը

Հայտնի են գարու բերքահավաքի ընթացքից նախնական ցուցանիշներ

Ընթացիկ տարվա մայիսի վերջին և հունիսի սկզբին հանրապետությունում մեկնարկել են աշնանացան հացահատիկայինների, մասնավորապես՝ գարու բերքահավաքի աշխատանքները:

Հունիսի 8-ին շրջաններում գարու բերքահավաքի ընթացքին հետևել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը: Փոխնախարարներ Վիլեն Ավետիսյանի, Համլետ Ապրեսյանի և ԱՀ ԳԳԱՀ տնօրեն Հրանտ Սաֆարյանի ուղեկցությամբ այցելելով Ասկերանի և Մարտակերտի հնձվող ցանքատարածքներ՝ նա զրուցել է հողօգտագործողների հետ:

Ըստ գյուղնախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի՝ գարու բերքահավաքի նախնական ցուցանիշները բավարար են. միջին բերքատվությունը կազմում է 17.9 ց/հա, իսկ որոշ տեղերում այդ ցուցանիշը հասնում է մինչև 20 ց-ի: Այնուհետև Ա. Բախշիյանն այցելել է Մարտակերտի շրջանում տեղակայված բանջարաբոստանային մշակաբույսերի, մասնավորապես ձմերուկի և վարունգի ցանքատարածքներ: Այստեղ տնտեսվարողները նախարարին են ներկայացրել ոռոգման ջրի հետ կապվա խնդիրը, ապա նշել, որ բնականոն ընթացքի պարագայում մոտ երկու շաբաթից բնակչությանը բարձրակարգ ձմերուկ կմատակարարվի:

Աշոտ Բախշիյանը նշել է, որ պետությունը միշտ էլ լինելու է գյուղատնտեսների կողքին՝ ձգտելով ցուցաբերել համակողմանի օժանդակություն: Այդ համատեքստում առաջնահերթությունների շարքում է դասվելու նաև բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքների ոռոգման ապահովումը:

Հավելենք նաև, որ ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ հունիսի 15-ի դրությամբ փաստացի կատարված բերքահավաքն ընդգրկում է ավելի քան 13 հազար 290 հեկտար ցանքատարածություն՝ նախորդ տարվա 13 հազար 400 հա-ի փոխարեն: Հունիսի 15-դրությամբ՝ փաստացի հավաքված բերքը 206 հազար 6646.9 ցենտներ է, իսկ բերքատվությունը կազմել է հեկտարից 15.5 ցենտներ: Աղբյուրի համաձայն, ըստ հանրապետության շրջանների՝ նշված ժամանակահատվածում ինչպես բերքահավաքի ենթարկված ցանքատարածությամբ, այնպես էլ բերքատվության համեմատաբար բարձր ցուցանիշներով առաջատարը Հադրութի շրջանն է, որտեղ հնձվել է 5150 հա ցանքատարածություն, իսկ բերքատվությունը կազմել է հեկտարից 20 ցենտներ:

Նշենք, որ ցուցանիշները նախնական են և հնձի ընթացքում՝ փոփոխման ենթակա:

Հնձին զուգահեռ մեկնարկել է նաև գարու մթերման գործընթացը

Ելնելով հացահատիկային մշակաբույսերի արտադրության խթանման և իրացման գործում հողօգտագործողներին աջակցելու անհրաժեշտությունից՝ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն այս տարի ևս հանրապետությունում կազմակերպում է հացահատիկայինների մթերման գործընթացը:

ԳԳԱ հիմնադրամի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ ներկայումս սկսված է գարու մթերումը: Այն իրականացվում է հանրապետությունում գործող՝ հիմնադրամի բոլոր պահեստներում, ինչպես նաև՝ ՀՀ Երևան քաղաքում: Հանրապետության պահեստներում 1կգ գարու գինը 100 դրամ է, իսկ Հիմնադրամի հանդեպ ունեցած պարտքի դիմաց՝ 105 դրամ: Երևան քաղաքում մթերելու դեպքում այդ գները համապատասխանաբար կազմում են՝ 115 և 120 դրամ:

Մթերվող գարու խոնավության թույլատրելի աստիճանը սահմանված է մինչև 12%: Հաշվի առնելով առատ անձրևների պատճառով ստեղծված խոնավ պայմանները, Հիմնադրամը կմթերի նաև 13-14 տոկոս խոնավությամբ գարի, որի դեպքում սահմանված գինը համեմատաբար ցածր է 3-4 դրամով:

Միաժամանակ, հանրապետությունից դուրս գարու իրացման գործընթացում հնարավոր խոչընդոտներից ու թյուրիմացություններից խուսափելու նպատակով:

Հիմնադրամը հորդորում է հողօգտագործողներին, որպեսզի մթերեն հնարավորիս ցածր՝ մինչև 12% խոնավությամբ գարի: Համաձայն եկամտային հարկի մասին օրենքի պահանջների՝ հողօգտագործողները պարտավոր են ներկայացնել համապատասխան համայնքի ղեկավարից տրված տեղեկանք սեփական արտադրության մասին: Հակառակ դեպքում վճարում չի իրականացվի, կամ կգանձվի հարկ՝ 6 տոկոսի չափով:

Ցորենի անհրաժեշտ պաշարները կպահպանվեն տեղում

Բերքահավաքի աշխատանքների մեկնարկին զուգահեռ որոշում է կայացվել, որ պարենային անվտանգության ապահովման համար պահանջվող ցորենի պաշարները պահպանվեն տեղում:

Այս մասին ԱՀ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը՝ 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում:

Նրա հաղորդմամբ՝ վերջին տարիներին կառուցվել և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ենթակայությամբ գործում են մի շարք պահեստներ, որոնք հնարավորություն են ընձեռում մոտ 10-12 հազար տոննա հացահատիկ պահպանել, ինչը, ըստ գյուղնախարարի, լիովին բավարարելու է պարենային անվտանգության մակարդակը: Նախատեսվում է ցորենը պահեստներում պահպանել շուրջ 1 տարի:

Անդրադառնալով գյուղատնտեսական մթերարտադրության շնորհիվ ստեղծված պարենային անվտանգության ցուցանիշներին, գյուղնախարարը տեղեկացրել է, որ մասնավորապես կաթի ինքնաբավության մակարդակը հանրապետությունում ներկայումս կազմում է 95 տոկոս, ինչին հաջողվել է հասնել ազնվացեղ ցեղատեսակների ներկրման ու գյուղատնտեսներին տրամադրելու ծրագրի շնորհիվ:

Նույն կերպ, տավարի մսի ինքնաբավության մակարդակը հասել է 85 տոկոսի: Ա. Բախշիյանը հավելեց նաև, որ խոզի մսի ինքնաբավության մակարդակը կազմում է 74 տոկոս, ոչխարի և այծի մսինը՝ 100 տոկոս, թռչնամսինը՝ 80 տոկոս, ձվինը՝ 83,4 տոկոս:

Բուսաբուծության ոլորտի արտադրանքի շնորհիվ հաջողվել է հասնել ցորենի 120 տոկոսանոց ինքնաբավության՝ գերազանցելով պահանջվող մակարդակը, իսկ բանջարեղենի ինքնաբավության աստիճանը մոտ 50 տոկոս է, պտուղ-հատապտուղ՝ 99 տոկոս, խաղող՝ 99 տոկոս, բուսական յուղ՝ 63,7 տոկոս:

Գյուղնախարարի խոսքով՝ բոլոր ապրանքատեսակների ինքնաբավությունը 100 տոկոսի հասցնելու և ավելին՝ արտահանելու համար պահանջվող ծավալների արտադրանք ապահովելու համար նախատեսված են մի շարք ծրագրեր:

Վան Նովիկով

1