Գյուղնախարարը ներկայացրել է հանրապետության պարենային ինքնաբավության ցուցանիշները
Բերքահավաքի աշխատանքների մեկնարկին զուգահեռ որոշում է կայացվել, որպեսզի պարենային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ցորենի պաշարները պահպանվեն տեղում:
Այս մասին ԱՀ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների այսօր կայացած համատեղ նիստում ասել է գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը՝ 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում:
Նրա հաղորդմամբ՝ վերջին տարիներին կառուցվել և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ենթակայությամբ գործում են մի շարք պահեստներ, որոնք հնարավորություն են ընձեռում մոտ 10-12 հազար տոննա հատիկ պահպանել, ինչը, ըստ գյուղնախարարի, լիովին բավարարելու է պարենային անվտանգության մակարդակը: Նախատեսվում է ցորենը պահեստներում պահպանել շուրջ 1 տարի:
Անդրադառնալով գյուղատնտեսական մթերարտադրության շնորհիվ ստեղծված պարենային անվտանգության ցուցանիշներին, գյուղնախարարը տեղեկացրել է, որ մասնավորապես կաթի ինքաբավության մակարդակը հանրապետությունում ներկայումս կազմում է 95 տոկոս, ինչին հաջողվել է հասնել ազնվացեղ ցեղատեսակների ներկրման ու գյուղատնտեսներին տրամադրելու ծրագրի շնորհիվ: Նույն կերպ՝ տավարի մսի ինքնաբավության մակարդակը հասել է 85 տոկոսի: Ա. Բախշիյանը հավելեց նաև, որ խոզի մսի ինքաբավության մակարդակը կազմում է 74 տոկոս, ոչխարի և այծի մսինը՝ 100 տոկոս, թռչնամսինը՝ 80 տոկոս, ձվինը՝ 83,4 տոկոս:
Բուսաբուծության ոլորտի արտադրանքի շնորհիվ հաջողվել է հասնել ցորենի 120 տոկոսանոց ինքնաբավության՝ գերազանցելով պահանջվող մակարդակը, իսկ բանջարեղենի ինքաբավության աստիճանը՝ մոտ 50 տոկոս է, պտուղ-հատապտուղ՝ 99 տոկոս, խաղող՝ 99 տոկոս, բուսական յուղ՝ 63, 7 տոկոս: Գյուղնախարարի խոսքով, բոլոր ապրանքատեսակների ինքնաբավությունը 100 տոկոսի հասցնելու և ավելին՝ արտահանելու համար պահանջվող ծավալների արտադրանք ապահովելու համար նախատեսված են մի շարք ծրագրեր: