Գյուղատնտեսության կրած վնասներն ու ապագա տեսլականը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Գյուղատնտեսության կրած վնասներն ու ապագա տեսլականը

Գյուղատնտեսության կրած վնասներն ու ապագա տեսլականը

Պատերազմի արդյունքում լրջագույն վնասներ է կրել Արցախի գյուղատնտեսության ոլորտը: Ոլորտի կրած վնասների, բերքահավաքի ընթացքի ու իրականացվող ծրագրերի մասին «Ապառաժ» -ի հարցերին պատասխանել է Արցախի Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը:

-Գյուղատնտեսությունը հավակնում էր դառնալ Արցախի տնտեսության գերակա ճյուղը։ Ի՞նչ կասեք այս մասին պատերազմից հետո։

— Ինչպես արդեն նշեցիք, պատերազմից առաջ գյուղատնտեսության ոլորտը համարվում էր մեր հանրապետության տնտեսության գերակա ճյուղը: Այդ ընթացքում մեծ ծավալի աշխատանք էր իրականացվել գյուղատնտեսության ոլորտում, և մենք գրեթե հասել էինք այն փուլին, որով կապահովվեր մեր ինքնաբավությունը, և որոշակի քանակի արտահանման հնարավորություն կունենայինք:

Ինչ վերաբերում է պատերազմից հետո ոլորտում առկա իրավիճակին, ապա բոլորին է հայտնի՝ գյուղատնտեսության ոլորտը կրել է շատ մեծ վնասեր: Այդ մասին վկայում են առկա  թվային տվյալները ընդհանուր գյուղատնտեսության և տնտեսության վերաբերյալ:

— Արդեն կատարվե՞լ է վնասների գնահատում և գույքագրում։

— Գույքագրումն այս փուլում էլ իրականացվում է: Կան ստեղծված 2 պետական հանձնաժողովներ: Առաջին հանձնաժողովն իրականացնում է գույքագրման աշխատանքներ գյուղատնտեսության ոլորտում  կրած վնասների, իսկ 2-րդ հանձնաժողովը՝ կորցրած գույքի սեփականատերերի աջակցության ծրագրեր:

-Այս պահին որքա՞ն են կազմում կորուստները։

-Ընդհանուր գյուղատնտեսության ոլորտում անասնագլխաքանակը կրճատվել է 50 տոկոսով, իսկ գյուղատնտեսական հողերը՝ 75 տոկոսով: Թշնամու տիրապետության տակ են անցել 21 372 խոշոր եղջերավոր անասուն, 19 386 մանր եղջերավոր անասուն, 27 677 խոզ, 247 025 թռչուն, 1 866 միասմբակ և 21 297 մեղվաընտանիք։

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ ԱՀ ներկայիս տարածքում  առկա է 105 031,0 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, որից՝ 34 554,9 հա վարելահողեր, 57 566,7 հա բնական կերհանդակներ, որից արոտները՝ 54 585,9 հա, խոտհարքերը՝ 2 980,8 հա, բազմամյա տնկարկները՝  2 582,9 հա, և10 326,5 հա այլ հողատեսքեր։

-Կա՞ն  չմշակված հողեր, որոնք պիտանի են գյուղատնտեսական օգտագործման համար:

-Մեզ մնացած տարածքներում կան գյուղատնտեսական հողեր, որոնք թփակալված են կամ ծառահատման աշխատանքներ իրականացնելու կարիք կա։ Այս ուղղությամբ արդեն իսկ գույքագրման աշխատանքներ իրականացրել ենք:

— 2020թ․ սեպտեմբերի 27-ի դրությամբ՝  նախքան պատերազմն, արդյո՞ք ավարտին էր հասցվել բերքահավաքը: Եթե՝ ոչ, ապա ինչքա՞ն է  կազմում չհավաքված բերքը։

-Բերքն ամբողջությամբ չի հավաքվել: Այս փուլում  գտնվում ենք ճշգրտման փուլում: Արդեն կան որոշակի տվյալներ աշնանացանի վերաբերյալ, որոնց համար կփոխատուցվի պետության կողմից: Ունենք խնդիրներ ծխախոտի արտադրության հետ, որոնք նույնպես գտնվում են գույքագրման փուլում: Կան փաստեր, որոնք գտնվում են բռնագրավված տարածքներում, և չենք կարողանում ֆիքսել, այլ հաշվառումն իրականացնում  ենք ըստ դիմումների:

— Որքա՞ն է կազմել հացահատիկային մշակաբույսերի ցանքսը 2021-ին։

-Ըստ նախարարության օպերատիվ տվյալների՝ 2021թ. հանրապետությունում 22 253,1 հա վրա իրականացվել է աշնանացան և գարնանացան հասկավոր հացահատիկային մշակաբույսերի ցանքս, որից ցորեն՝ 10 922,0 հա, գարի՝ 9 779,0 հա և հաճար՝ 1 552,1 հա։

-Ոռոգման առումով խնդիրներ ունե՞նք։

Ոռոգման առումով իրականացնում ենք լուրջ և մեծ ֆինանսական ներդրումներ պահանջող աշխատանքներ Սովետարխի ջրերի և Կարկառ գետի հատվածում, ինչպես նաև իրականացնում ենք արտեզյան ջրհորների հորատման աշխատանքներ: Տարեվերջին կունենանք զգալի ջրային ռեսուրսներ: Օրինակ, ժամկետի առումով՝ կարող է 2-3 ամիս հետաձգվի, սակայն Սովետարխի ջրերի տեղափոխման արդյունքում կունենանք մոտ 2200 հա ոռոգովի տարածք: Առաջիկայում նախատեսում ենք ուսումնասիրել Բերդաշենի ենթաշրջանն ու այնտեղ նույնպես իրականացնել արտեզյան ջրհորների հորատման աշխատանքներ, և հետագայում պարզ կլինի՝ ինչքան ոռոգովի տարածք կունենանք աշխատանքների ավարտին:

— Ըստ Ձեզ՝ որո՞նք են ոլորտում առկա  առաջնահերթ ու գերակա խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։

— Հրատապ խնդիրը, միանշանակ, ոռոգման  համակարգի բարելավման ծրագիրն է, քանի որ առանց ոռոգման գյուղատնտեսությունը չի կարող գոյատևել, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել արոտավայրերի կառավարման ծրագրով, բացել նոր արոտավայրեր, նախատեսել ցանկապատված տարածքներում անասունները պահելու համար բարենպաստ պայմաններ:

-Որքա՞ն գումար է նախատեսվել  2021թ բյուջեով, և արդյո՞ք բավարար է հատկացված գումարը առկա խնդիրներին լուծում տալու համար։

Բյուջեով ոլորտին հատկացված է շուրջ 13.5 մլրդ դրամ։  Երբ  2021թ․ բյուջեի նախագիծը դրվել էր շրջանառության մեջ, մեր գնահատականները մի քիչ այլ էին, քանի որ պատերազմը նոր էր ավարտվել և մենք թերահավատորեն էինք մոտենում նրան, որ մեր գյուղաբնակ ժողովուրդը պետք է աշխատի այդ ոլորտում։ Այդ պատճառով մենք գումարը քիչ քանակությամբ էինք նախատեսել՝ ըստ տարբեր ծրագրերի և ենթածրագրերի: Սակայն հետագայում մենք վերանայեցինք բյուջեն և մոտ 1 մլրդ դրամով ավելացվեց բյուջեն, քանի որ գրեթե բոլոր ծրագրերում ունենք գերակատարում:

-Արցախում արդեն սկսվել է բերքահավաքը։ Ի՞նչ ընթացքի մեջ է բերքահավաքը։ Բերքի ո՞ր մասն է արդեն հավաքվել։

-2021թ. հունիսի 30-ի դրությամբ ունենք հետևյալ պատկերը․ փաստացի հավաքված ցանքատարածությունը  կազմում է 7 688.3 հա, փաստացի հավաքված բերքը՝ 5 125.8 տ: Մեր գնահատականներով՝ բերքահավաքի ենթակա տարածքը կազմում է 22 253.1 հա: Դեռ աշխատանքները շարունակվում են, և չենք կարող գնահատականներ տալ: Միջին բերքատվությունը կազմում է 6,7 ց/հա, որը շատ քիչ է, սակայն նախալեռնային և լեռնային գոտում գտնվող դաշտերում, որտեղ համեմատաբար բարձր բերքատվություն է ակնկալվում, բերքահավաքը դեռ չի մեկնարկել:

— Համեմատած նախորդ տարիների հետ՝ ի՞նչ վիճակ ունենք բերքատվության առումով։

— Բերքատվության ներկա մակարդակը նախորդ տարիների հետ համեմատելն  այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այս տարվա ցածր ցուցանիշները պայմանավորված են պատերազմի պատճառով աշնանացանի՝ օպտիմալ ժամկետներում անցկացնելու անհնարինությամբ և անբարենպաստ եղանակային պայմաններով:

— Ի՞նչ  կասեք ինքնաբավության  և պարենային ապահովվածության մասին, քանի որ, ինչպես նշեցիք, արդեն հասել էինք ինքնաբավության մակարդակին։

-Ունենք ինքնաբավության խնդիր՝ կապված բանջարաբոստանային կուլտուրաների հետ: Այդ ուղղությամբ իրականացվում են որոշակի աշխատանքներ՝ կառուցվում են նոր ջերմոցներ, և ունենք արդյունքներ ինքնաբավության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

-Ներդրումային առումով՝ ինչպիսի՞ պատկեր ունենք։ Կա՞ն արդյոք  անհատներ, ովքեր ցանկություն են հայտնել ներդրումներ իրականացնել ոլորտում։

— Բնականաբար, անհատներ կան, որ արդեն իսկ աշխատանքներ տանում են ներդրումների ուղղությամբ: Դրսից ունենք համահայկական հիմնադրամի միջոցով իրականացվող որոշակի ծրագրեր: Ծրագրերը դեռևս կյանքի չեն կոչվում, այլ բանակցությունների փուլում ենք՝ պարզելու համար ներդրումների ձևը: Ունենք ստեղծած հարթակներ՝ «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ պետք է իրականացնենք ներդրումային ծրագրեր:

-Կիրառվո՞ւմ են արդյոք ժամանակակից մեթոդներ և մոտեցումներ, որոնք հիմնված են բերքատվության մակարդակի և արդյունավետության բարձրացման վրա։

-Ավելի ժամանակակից մեթոդներով մենք նախատեսում ենք կառուցել 4 մեծ ջերմոցներ՝ 2500 քառ. մ տարածքով: Դեռևս հայտեր չունենք, սակայն ցանկացողներ ու հետաքրքրվողներ կան:

Առաջիկայում  կունենանք պիլոտային ծրագիր, որը կլինի ամբողջությամբ թափանցիկ:

-Բավարարո՞ւմ է արդյոք առկա գյուղատնտեսական տեխնիկան բերքահավաքն ամբողջությամբ իրականացնելու համար։

— Այս պահի դրությամբ գյուղտեխնիկայի առումով որևէ խնդիր չունենք: Դաշտերի բերքահավաքին ամբողջությամբ մասնակցում են մեր տեխնիկաները: Եղել է մեկ բողոք, որը բավարարվել է, որը կապված էր ժամանակին տեխնիկայի՝ տեղից տեղ տեղափոխվելու հետ:

-Տեղահանված գյուղացիների մի մասը հաստատվել է քաղաքներում։ Ի՞նչ է արվում նրանց աշխատանքով ապահովելու համար։ Ի՞նչով պետք է զբաղվեն նրանք։

-Գյուղատնտեսական ծրագրերը, որոնք պետք է վերաբերեն տեղահանված անձանց, պետք է իրականացվի տեղահանված անձանց բնակարանով ապահովելուն զուգահեռ: Քանի որ նրանք գտնվում են քաղաքում, մենք դեռևս  չենք կարող նրանց որևէ աջակցություն տրամադրել: Եթե նա գյուղաբնակ անձ է և նախատեսում է գյուղատնտեսությամբ զբաղվել, իմաստ չունի այդ պահին քաղաքում ինչ-որ աջակցություն տրամադրել: Առաջիկայում՝ գյուղ տեղափոխվելուց հետո, կլուծվի մեր՝ այդ կարգավիճակում գտնվող քաղաքացիների զբաղվածության հարցը:

-Այս պահին աջակցության ինչպիսի՞ ծրագրեր են կյանքի կոչվում:

— Համաձայն «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման դրույթների, աջակցություն կտրամադրվի կորսված անասնագլխաքանակի (1 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ 300 000 դրամ, մանր եղջերավոր անասուն՝ 40 000 դրամ, խոզ՝ 60 000 դրամ, մեղվաընտանիք՝ 50 000 ՀՀ դրամ /մեկ մեղվափեթակ/, բայց ոչ ավելի, քան ընդհանուրը 25 000 000.0 դրամ), պտղատու այգիների (մինչև 3 տարեկան 1 հա պտղատու այգի` 2 000 000 դրամ, 3 և ավելի տարեկան պտղատու այգի` 3 000 000 դրամ, մինչև 3 տարեկան խաղողայգի՝ 2 500 000 դրամ, 3 և ավելի տարեկան խաղողայգի՝ 3 500 000 դրամ, բայց ոչ ավելի, քան ընդհանուրը՝ 50 000 000.0 դրամ) և գյուղատնտեսական տեխնիկայի դիմաց (ոչ ավելի, քան 25 000 000.0 դրամ):

-Վարձակալված և սեփականաշնորհված հողատերերին նախատեսվո՞ւմ է փոխհատուցում տրամադրել։

— Այս պահին իրականացնում ենք աջակցության տրամադրում անասնագլխաքանակի, այգիների մասով, իսկ վարելահողերի մասով չունենք որոշմամբ նախատեսված աջակցության ծրագրեր:

-Նրանք, ովքեր նախքան պատերազմն սկսել էին աշնանացանի աշխատանքները, նրանց նույնպես աջակցություն չի՞ տրամադրվելու:

-Նրանց համար դեռևս նախատեսված չեն աջակցության ծրագրեր։

— Ջերմոցային տնտեսությամբ հետաքրքրվողներ կա՞ն արդյոք։

— Այո՛, և՛ դիմումատուներ ունենք, և՛ մարդիկ, ովքեր արդեն զբաղվում են: Առաջիկայում գործընթացը կուսումնասիրվի։ Տեղահանվածներից նույնպես կան անձինք, ովքեր զբաղվում են և ապագայում ունեն մեծ ծրագրեր: Պարենային ինքնաբավության վրա նույնպես կզգանք ջերմոցային տնտեսություների դրական ազդեցությունը:

Վահագն Խաչատրյան

1