Գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացին պետք է ապահովագրված լինի. Սուրեն Շինդյան
Գլխավոր » Հասարակական » Գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացին պետք է ապահովագրված լինի. Սուրեն Շինդյան

Գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացին պետք է ապահովագրված լինի. Սուրեն Շինդյան

«Ապառաժ»-ի զրուցակիցը Արցախի խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս, գ.գ. թեկնածու, դոցենտ Սուրեն Շինդյանն է:

Կայանալիք ընտրություններում Դաշնակցության կողմից առաջադրված պատգամավորի երիտասարդ թեկնածուներից եք: Որքանո՞վ է կարեւոր երիտասարդների ներգրավվածությունը Արցախի քաղաքական կյանքում:

-Փորձառու քաղաքական գործիչների կողքին այսօր կարիք է զգացվում երիտասարդության ներկայության: Այսօր երիտասարդությունն ունի նոր մտքեր, նոր մոտեցումներ, ստեղծագործական ու նախաձեռնող մտքեր եւ ներուժ, որոնք պետք է օգտագործվեն ու պետք է տեղ գտնեն երկիրը ճիշտ ճանապարհով տանելու եւ առաջընթաց ապահովելու համար:

Որպես գյուղատնտեսության բնագավառի մասնագետ՝ նախընտրական հանդիպումների ժամանակ հաճախ եք անդրադառնում գյուղատնտեսական կրթության կարեւորությանը: Գյուղատնտեսության ոլորտում հաջողությունների արձանագրումը որքանո՞վ է կախված համապատասխան կրթություն ունենալու հետ:

-Այսօր գյուղատնտեսության ոլորտն ունի որակյալ, բանիմաց մասնագետների պահանջ: Այս պահանջն ունենալու պատճառը նախ եւ առաջ գյուղատնտեսական մասնագիտությունների ստորադասումն է ուրիշ մասնագիտությունների համեմատ: Այսօր գյուղատնտեսական մասնագիտություններով ընդունելությունն այնքան է հեշտացված, որ ընդամենը դպրոցի ատեստատ ներկայացնելը բավարար է տվյալ մասնագիտություններում ուսանելու համար, իսկ հեշտ ճանապարհով գնում են նրանք, ովքեր գիտեն, որ իրենց գիտելիքները բավարար չեն: Այս իրավիճակում տվյալ ոլորտում մենք չենք կարող ունենալ առաջընթաց: Պետությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի եւ ծրագրեր մշակի գյուղատնտեսական մասնագետների հանդեպ հետաքրքրություն եւ շահագրգռվածություն ապահովելու համար:

Իսկ այդ քայլերից մեկը, օրինակ, պետք է լինի գյուղատնտեսության տարբեր աջակցման ծրագրերում՝ կլինի դա անհատույց գումարների տրամադրում, սուբսիդիաներ կամ այլ ծրագրեր, առաջնահերթությունը պետք է տրվի գյուղատնտես մասնագետներին: Այդ դեպքում երիտասարդները շահագրգռված են լինելու գյուղատնտեսական մասնագիտություն ստանալ եւ իրենց գյուղ վերադառնալ՝ ապահովված լինելով աշխատանքով:

Գյուղատնտեսությունը պետք է ընկալվի որպես բիզնեսի տեսակ եւ կայուն ու բավարար միջոցների ապահովման աշխատանք: Գյուղացին պետք է վստահ լինի, որ կարող է արդյունքներ գրանցել գյուղատնտեսությամբ զբաղվելով:

Գյուղատնտեսական մասնագիտություն ունեցող քաղաքացիները լավագույն դեպքում աշխատում են որպես համայնք սպասարկող գյուղատնտեսներ՝ զբաղված լինելով վիճակագրական տեղեկություններ հավաքելով եւ ոչ թե գյուղատնտեսությամբ: Բայց համայնք սպասարկող գյուղատնտեսները պետք է գյուղացուն ուղղորդողի, օգնողի ու բացատրողի դերում լինեն գյուղատնտեսության ոլորտում առաջընթաց ապահովելու համար:

Դաշնակցությունն իր ծրագրային դրույթներում պարտադիր է համարում գյուղատնտեսության ապահովագրումը: Որքանո՞վ է Արցախին անհրաժեշտ Դաշնակցության առաջարկած այդ դրույթը:

-Դաշնակցությունը պարտադիր է համարում գյուղատնտեսության համակարգում ապահովագրական համակարգի ներդրումը, քանի որ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացին պետք է երաշխավորված լինի իր կատարած աշխատանքի ու միջոցների արդյունքով: Տարբեր բնական աղետների մտավախությամբ՝ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացին պետք է ապահովագրված լինի, որպեսզի շահագրգռված լինի մեծ ներդրումներ կատարելու: «Ինչքան շատ գումար ծախսենք, այնքան շատ կկորցնենք» բանաձեւը պետք է բացառվի գյուղատնտեսական երկրում, իսկ գյուղատնտեսության ապահովագրումը կերաշխավորի կատարած աշխատանքի եւ ծախսի փոխհատուցում:

-Դաշնակցությունը նաեւ գյուղատնտեսության համաչափ զարգացման եւ օժանդակության կողմնակից է: Ձեր կարծիքով՝ միջին եւ փոքր գյուղական տնտեսություններին հատկացվող օժանդակությունները բավարար չե՞ն:

-Գյուղատնտեսության մեջ պետական  ներդրումները նպատակաուղղվում են ֆերմերային մեծ տնտեսությունների եւ դրանց ենթակառուցվածքների զարգացմանը, մինչդեռ  գյուղացիական մանր տնտեսությունները մնում են ստվերում: Պետությունը պետք է կանգնած լինի մանր եւ միջին ֆերմերների կողքին՝ պետական ծրագրերում առաջնահերթությունը նրանց տալով: Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը հեղինակել է կոոպերատիվ տնտեսություններ ստեղծելու օրենքի նախագիծ, եւ այն լավ, բայց ոչ բավարար հնարավորություն է: Դրան զուգահեռ՝ պետք է մշակվեն ծրագրեր, որոնցից կկարողանան օգտվել 1, 2, 3 հեկտար հող ունեցող գյուղատնտեսները:

Բացի այդ, չեն ստեղծվում գյուղմթերքի իրացման հնարավորություններ՝ վերամշակող ձեռնարկությունների ու իրացման կետերի միջոցով: Դա նույնպես պատճառ է գյուղատնտեսության ոլորտում մեծ ներդրումներ չկատարելուն:

-Ինչու՞ կայանալիք համապետական ընտրություններում Արցախի քաղաքացիները պետք է գերադասեն ընտրել Դաշնակցության առաջադրած թեկնածուներին:

-Դաշնակցությունը տարբերվում է մյուս կուսակցություններից նրանով, որ ունի գաղափար եւ մարդիկ համախմբված են այդ գաղափարի շուրջը: Այսօր մարդիկ ընտրում են տարբեր ուղղություններ՝ մեծ մասն անձնական շահից դրդված՝ հաղթանակի իրենց չափաբաժինը ստանալու ակնկալիքով: Իսկ Դաշնակցությունը եւ դաշնակցականները հետապնդում են հանրային շահը: Դաշնակցության շարքերը համալրողները ոչ թե ինչ-որ մի բան ստանալու ակնկալիքով են տալիս իրենց երդումը, այլ Դաշնակցությանը՝ գաղափարին մի բան տալու: Ժողովուրդը Դաշնակցությանը պետք է ընտրի նրա՝ դժվար պահերին ժողովրդի կողքին կանգնելու համար: Այսօր մենք նույնպես դժվար ժամանակահատված ենք ապրում՝ կրկնելով պատմության ընթացքում բազմիցս թույլ տված սխալը՝ բազմաբեւեռացումը եւ պառակտումը: Այդ իսկ տեսանկյունից՝ Դաշնակցության ներկայությունը Արցախի կառավարման համակարգում անհրաժեշտություն է:

Լուսինե Թեւոսյան

1