Գուցե հենց մտածված են թուլացնում ազգային դիմադրողականությունը
Գլխավոր » Լրահոս » Գուցե հենց մտածված են թուլացնում ազգային դիմադրողականությունը

Գուցե հենց մտածված են թուլացնում ազգային դիմադրողականությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ 168.am-ը զրուցել է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ու դրանց պատճառների ու նպատակների մասին:

– Երկար տարիներ եղել եք Ազգային ժողովի պատգամավոր: Ձեր` պատգամավոր եղած տարիներին մտաբերո՞ւմ եք որևէ պատգամավորի, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին կարող էր արտահայտվել կամ արտահայտվել է նույնքան քամահրանքով, որքան որ դա արեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

– Իհարկե՝ ոչ: Նույնիսկ այն պարագայում, որ Խորհրդարանում կային մարդիկ, ովքեր քաղաքական կամ օրենսդիր գործունեությունից մղոններով հեռու էին, այնուամենայնիվ, իրենց պատկերացումներում և համոզումներում Հայաստանյաց Առաքելական եկեղեցին բացառիկ արժեք էր, իսկ նրա Հայրապետի նկատմամբ որևէ ոտնձգություն գիտակցվում էր որպես անարգանք մեր հավատի և ինքնության նկատմամբ: Սա հավաքական, ազգային վերաբերմունք է, արժեք, անքննելի իրողություն յուրաքանչյուր հայի համար:

Ցավալին և անթույլատրելին էլ հենց դա է, որ նման վարքագիծ դրսևորվում է բարձր պաշտոնյայի կողմից: Սա քաղաքական, բարոյական, ազգային ու պետական մտածողության հատակն է, անգամ՝ բացակայությունը:

– Ո՞րն է իշխանությունների նպատակը, ինչո՞ւ է արդեն որերոդ անգամ թիրախավորվում հայոց եկեղեցին, ի դեմս Վեհափառի:

– Նույնիսկ սարսափում ես բարձրաձայն մտածել: Մեր ազգային ինստիտուտների դեմ այս աննահանջ ու ցինիկ հարձակումը, կասեի՝ հերձվածողների հարձակումը առաջին օրից է սկսվել: Թիրախում են այն բոլոր ազգային ինստիտուտները, որոնք ազգային, պետական կարևորագույն հենարաններ են՝ ընտանիք, եկեղեցի, ազգային մշակույթ, բանակ: Դժվար չի տեսնել այն քաղաքական տեխնոլոգիաները, որոնցով թիրախավորում, նսեմացնում, ոչնչացնում են մեր ինքնությունը ամրապնդող արժեքները: Վեհափառն ու եկեղեցին այս շարքում են… Կոտրում եմ մեր ազգային հավաքական դիմադրողականությունը, այն ընդհանրական արժեքները, որոնք միացնում են մեզ իբրև հավաքականություն: Մտածենք՝ ո՞ւմ է սա ծառայում: Մի՞թե սա մեր կորուստների ճանապարհը չէ՞… Զգացողություն ունեմ, թե տանս մեջ օտար է մտել:

Նրանց հիվանդագին երևականությունն այնքան է սրվել, որ Վեհահափառի նոր ընտրություններից են խոսում: Այսպես պատմության մեջ իրենց պահել են մեր հակառակորդները՝ Տիզբոնից մարզպան բերելով:

– Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել եկեղեցու նկատմամբ: Դաշնակցական դրսի կառույցների արձագանքն ինչպիսի՞ն է ստեղծված իրավիճակին:

– Այո, և բնական է, պետականություն, բանակ, հավատ. սրանք դաշնակցության համար անբաժանելի արժեքներ են: Հայաստանի Գերագույն մարմինը քաղաքական հայտարարություն տարածեց այս առիթով` տվյալ վարքագիծը համարելով թշնամական հարված մեր պետականությանը: Դրսի կառույցները ներկայացնող շատ գործիչներ գնահատականներ հնչեցրին՝ իրողությունը դիտելով որպես երկիրն ու ազգը տկարացնող քայլ:

– Անթիլիասը ինչո՞ւ որևէ կերպ չի արձագանքում կաթողիկոսի շուրջը տեղի ունեցողին:

– Կդժվարանամ Անթիլիասի անունից ինչ-որ բան ասել: Գուցե գնահատականն առջևում է… Բայց այսօր ադեն երկու թեմերից բավական ծանր գնահատականներ են հնչել: Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ու Կանադահայոց Թեմի Հոգևորականաց Դասը հրապարակային բավական ծանր գնահատականներ են հնչեցրել:

– Համարո՞ւմ եք, որ Գարեգին 2-րդը միջամտում է քաղաքականությանը կամ զբաղվում է քաղաքականությամբ:

– Իհարկե, ոչ: Ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը: Նույնիսկ այս պիտակավորմամբ են մոլորեցնում հասարակությանը: Վեհափառը հենց այդպես պիտի խոսի իր Հայրապետական դիրքերից: Նա շատ հստակ ձևակերպել է՝ ՉՄԵՐԺԵԼՈՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ, հորդորել և խնդրել է գթասրտություն դրսևորել: Մի՞թե սա չի տեղավորվում քրիստոնեական և քաղաքակրթական վարքականոնի մեջ: Այս օրերին մարդասիրական լրացուցիչ ճիգի, բարեսիրության և գթասրտության կոչեր են հնչեցնում միջազգային մի շարք կազմակերպություններ՝ ներառյալ ԵՄ խոշտանգումներին դեմ հանձնաժողովը:

– Ինչո՞ւ իշխանություններն այդքան սուր արձագանքեցին կաթողիկոսի կոչին: Չէ՞ որ ըստ էության Վեհափառի խոսքը դատական իշխանությանն էր ուղղված, ինչո՞ւ գործադիրն ու օրենսդիրը դա այդքան ցավոտ տարան:

– Ցավոք սրտի, քաղաքական իշխանությունը տառապում է ամբարտավան մեծամտությամբ և անսխալականության բարդույթով: Քաղաքական և պետական մշակույթի ժառանգականություն չկա նրանց մեջ: Առհասարակ ցավոտ են տանում այն ամենն, ինչ չի տեղավորվում իրենց պատկերացումների մեջ, և դիմում են պիտակավորման և հրեշայնացման զինանոցին: Ըստ էության, սա նաև հոգեբանական ահաբեկչության ձև է, դատական իշխանությանը լրացուցիչ կաշկանդելու և ուղղորդելու գործիքակազմից:

– Ինչո՞վ կավարտվի այս փոխհրաձգությունը: Կկարողանա՞ արդյոք եկեղեցին դիմագրավել այս ճնշմանը:

– Մեր եկեղեցին իր հազարյոթհարյուրամյա պատմության մեջ հերձվածողներ շատ է տեսել: Վստահ եմ՝ հավատավոր ժողովրդի հետ սա էլ կհաղթահարի, բայց կմնան վերքերն ու վիրավորանքը: «Հպարտ ու նոր» Հայաստանի այսպիսի դեմքը դժվար էր երևակայել… Սրանք չեն պատկերացնում, իսկ գուցե հենց մտածված են թուլացնում ազգային դիմադրողականությունը, դժվար հաղթահարելի դարձնում առաջիկա մարտահրավերները…

arfd.am

1