«Գրքի բանկ»-ի միջոցով նվիրաբերված գրքերը Աղավնոյում են
Ապրիլի 7-ին ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության և «Ապառաժ» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ Քաշաթաղի շրջանի Աղավնո (Արիավան) համայնքում էին: Այցի նպատակը դեռևս փետրվարի 19-ին՝ «Գիրք նվիրելու օրը», ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության և «Ապառաժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրված «Գրքի բանկ»-ի միջոցով հավաքված գրքերը հասցեատիրոջը հանձնելն էր:
Մինչև մարտի մեկը Ստեփանակերտի կենտրոնում տեղադրված գրքի տաղավարին է նվիրաբերվել մոտ 1100 գիրք: ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության անդամ Վահագն Խաչատրյանն իր խոսքում նշել է, որ ծրագրի նպատակը աշակերտների մեջ ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելն է: Իսկ Աղավնոն ընտրել են որպես վերաբնակեցված համայնք, որտեղ գրքերի կարիք է զգացվում: Վահագն Խաչատրյանը հույս է հայտնել, որ նվիրաբերված գրքերը կծառայեն իրենց նպատակին:
Աղավնոյի դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը կարևորել է այսպիսի ծրագրերի իրագործումը վերաբնակեցված համայնքներում:
«Քաշաթաղի շրջանում այդ գրքերի կարիքը զգացվում է և հույս ունեմ, որ բոլոր դպրոցներին էլ այս ծրագրով կաջակցեք: Հաջորդ անգամ մենք էլ ենք մասնակցելու ծրագրին ու գրքեր նվիրելու»,- ավելացրել է Պողոս Աղաբեկյանը:
1998թ.-ից Աղավնոյի դպրոցում գրադանավարուհի աշխատող Գոհար Մարգարյանի խոսքով աշակերտները և բնակիչները հետաքրքրված են գրադարանի գրքերով և նոր նվիրաբերված գրքերը կոգևորեն նրանց: «Գրադարանը մի գանձարան է, որտեղ ոտք պետք է դնեն ցանկացած տարիքի և սեռի անձնավորություններ: Ճիշտ է, հիմա հիմնական տեղեկատվությունն ինտերնետից ենք ստանում, բայց գիրքը մեր մշտական բարեկամն է: Շնորհակալություն այս մեծ նվերի, գիտելիքի պարգևի համար»,- ասել է Գոհար Մարգարյանը:
Աղավնոյի համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը ողջունելի է համարել զարգացող համայնքին ցուցաբերված օգնությունը: Ներկայումս Աղավնո բնակավայրում շարունակվում են միաժամանակ 12 առանձնատան և դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները:
48 աշակերտ ունեցող գյուղի նոր դպրոցի շենքի շինարարությունը սկսվել է 2019թ. հոկտեմբեր ամսին ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» ներդրումային ընկերության ֆինանսավորմամբ: Ուսուցիչների պակաս դպրոցում չի զգացվում, մեծ մասը երիտասարդ մասնագետներ են: Իսկ դպրոցի շինարարությունից հետո նախատեսվում է նաև գյուղապետարանի շենք կառուցել:
Հավելենք, որ վերաբնակեցված շրջանների համայնքների դպրոցները գրքերով ապահովելու ծրագիրը շարունակական բնույթ է կրում: 2018թ. գրքի տաղավարի միջոցով հավաքվել է մոտ 1500 գիրք, որոնք փոխանցվել են ԱՀ Քաշաթաղի շրջանի Քաշունիքի դպրոցի գրադարանին: