Գրիգոր Զոհրապն ու 250 հայ մտավորական հավատացել էին, որ երիտթուրքը այլ թուրք է. այդ սխալի համար նրանք կյանքով վճարեցին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Գրիգոր Զոհրապն ու 250 հայ մտավորական հավատացել էին, որ երիտթուրքը այլ թուրք է. այդ սխալի համար նրանք կյանքով վճարեցին

Գրիգոր Զոհրապն ու 250 հայ մտավորական հավատացել էին, որ երիտթուրքը այլ թուրք է. այդ սխալի համար նրանք կյանքով վճարեցին

Քամելիոնի այլակերպություններեն կը վախենամ, ամեն ճաշակի պատշաճելու դեմ ջանադիր թերթ մը՝ իմ սիրածս չէ:

Այսօր նշվում է արևմտահայ արձակագիր,հրապարակախոս, իրավաբան, հայրենանվեր գործիչ՝ Գրիգոր Զոհրապի 160-ամյակը։

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: Գրողի հայրը՝ Խաչիկ էֆենդին սարաֆ էր, վաճառական ու բնիկ անեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը Մալաթիայից էր: Նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ Հետագայում ուսումը շարունակել Օրթագյուղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում. հենց այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։ Արդեն 1876թ.-ին ապագա գրողն ընդունվել է այդ ժամանակի Թուրքիայի միակ բարձրագույն հաստատություն՝ Կալաթասարայի վարժարան և երկրաչափական գործի բաժինն ավարտում գերազանցությամբ:

Պեշիկթաշից Օրթագյուղ ընտանիքը տեղափոխվում է 1870թ.-ին, երբ մահանում է Զոհրապի հայրն ու մայրը ամուսնանում է  նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ: 1880 թվականին սկսում է աշխատել հոր իրավաբանական գրասենյակում իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը փակվում է, իսկ  փաստաբան-իրավաբանի վկայականը գրողը ձեռք է բերում 1884թ.-ին Էդիրնե քաղաքում մասնագիտական քննություն հանձնելով:

Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ ընդամենը 17 տարեկան էր: Նա՝ հանդիպելով  Նիկողայոս Թյուլպենճյանին, դառնում է վերջինիս հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը: Առաջին վեպը՝ «Անհետացած սերունդ մը» տպագրվել է «Երկրագունդ» հանդեսում 1885 թվականին: Զոհրապի նորավեպերի թիվը հասնում է շուրջ 40-ի, որոնք հիմնականում Պոլսի կենցաղային թեմաներով են:

1891 թվականին Զոհրապն ընտրվում է թուրքական պառլամենտի երեսփոխան,  սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։

1906 թվականին արդարադատության նախարարի կարգադրությամբ հայտնի փաստաբանին արգելվել է թուրքական դատարաններում աշխատել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։

Թուրքիայում սահմանադրական կարգերի հաստատումից հետո՝ 1908 թվականին Զոհրապն ընտրվել է թուրքական Պառլամենտի պատգամավոր և 1904 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը:

Երբ 1915 թվականին ձերբակալվում էր հայ մտավորականությունը, Զոհրապը ջանքեր չխնայեց նպաստելու նրանց ազատման գործին, սակայն շուտով նրան էլ ձերբակալեցին: 

Անկախության փողոցում՝ «Cercle d’Orient» ակումբում, Գրիգոր Զոհրապը Թալեաթ փաշայի հետ թղթախաղ էր խաղում: Վեր կացավ տուն գնալու: Ոտքի կանգնեց նաև Թալեաթը, մոտեցավ Զոհրապին, համբուրեց այտը:

Դա Հուդայի համբույր էր. երկու օր առաջ ինքն անձամբ էր ստորագրել Զոհրապի ձերբակալման հրամանը:

106 տարի առաջ աքսորի ճանապարհին դաժանաբար սպանվեցին Գրիոգոր Զոհրապն ու ևս 250 հայ մտավորական։ Նրանք հավատացել էի, որ թուրքի հետ ընկեր լինելով ապահովագրված են նրանց վայրագություններից։ Նրանք հավատացել էի, որ երիտթուրքը այլ թուրք է, համիդյան թուրքը չէ։ Նրանք սխալվեցին ու սեփական կյանքով վճարեցին այդ սխալի համար։ 106 տարի անց նույն սխալը կրկնում ենք մենք։

yerkirmedia.am

1