Հայրենասիրությունը, ինչպես ամուսնությունը, հեռակա չի լինում
Գլխավոր » Լրահոս » Հայրենասիրությունը, ինչպես ամուսնությունը, հեռակա չի լինում

Հայրենասիրությունը, ինչպես ամուսնությունը, հեռակա չի լինում

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի կողմից ամիսներ առաջ հրատարակվել էր «Հնչող ձայներ» ժողովածուն, որը ներկայացնում է 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ստեղծագործությունները։

Գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ, գրող Դավիթ Գասպարյանը վերջերս Արցախում էր՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից կազմակերպված «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակներում:

«Հնչող ձայներ»-ի առաջաբանը նա վերնագրել էր «Կանչող ձայներ»: «Այդ ձայնը ինձնից է գալիս: Այդ ապրող ձայնն էլ այստեղից է գալիս: Այո՛, դա ապրող ձայն է: Իրենց կյանքը հայրենիքին տված մարդիկ չեն հեռացել, նրանք հավերժ ապրում են: Փախչողները, դավադիրները, ցածրերն են, որ կմոռացվեն, կկորչեն-կգնան, գուցե անձնական ապահովություն գտնեն հայրենիքից դուրս որևէ տեղ, բայց նրանք տեսակ պահպանող չեն, ազգային տեսակի համար կռիվ տվող չեն: Նրանց մահն անմխիթար մահ է, իսկ այս տղաների մահն ուրիշ մահ է»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Դավիթ Գասպարյանը: 

Նրա խոսքով՝ այս գաղափարն էր նաև իրենց բերել Արցախ, որովհետև պետք է գալ, այցելել, հանդիպել, նաև կենսական լիցքեր բերել: «Միայն մահը չէ, մահվան կողքին ապրելու հույսը պիտի լինի, մարդ իրեն պաշտպանված ու ապահովված պիտի զգա, իսկ դրա սատարներից մեկն արվեստն է, բարձր արվեստը և արվեստների մայր գրականությունը»,- կարծում է գրականագետը: 

Ահա այդ զգացողությամբ է նա միացել Արցախ այցելող խմբին և եկել, որ նորից Արցախում լինի, նորից հանդիպի իր ծանոթներին, ընկերներին, ի վերջո՝ իր ներկայությունը լինի այս հողի վրա: «Հայրենասիրությունը, ինչպես ամուսնությունը, հեռակա չի լինում»,- ասում է Դ. Գասպարյանը:  Նա տպավորված էր կազմակերպված միջոցառումներով, Նոր Շեն ու Աշան կատարած այցելություններով: 

Դավիթ Գասպարյանն Արցախի հետ շատ է կապված, նախկինում տարիներ շարունակ գրողների, պատմաբանների, արվեստագետների խմբով գալիս էին, այցելում զորամասեր, կամ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ էր անցկացնում: «Պատերազմից հետո իմ երրորդ այցն է Արցախ, վաղն էլ առիթ լինի, էլի կգամ: Եղբորդ տուն չգնացիր, եղբայրդ չեկավ, օտարանում եք. այդպես էլ այցելություններն են: Իհարկե, ծանր էին զգացողությունները. մեր հայրենիքում ճանապարհ գնալիս ութ տեղ կանգնեցնում են, ստուգում: Բացի դրանից, նոր ճանապարհը տեսա, որը նոր աղետ է: Ճանապարհ է փոխվում, կյանքի դասավորություն է փոխվում»,- ասում է գրականագետը: 

Նա մեծ հմտություն, խելք, դիվանագիտական կարողություն մաղթեց մեր քաղաքական ղեկավարներին: Ասում է՝ գոնե խելոք մարդկանց հետ զրուցեն, ոչ թե իրենց թերի պատկերացումներով երկրի ու ժողովրդի ճակատագիր որոշեն:

Անվանի գրականագետը նաև մի այսպիսի պատմություն հիշեց. «Անապատում ուղտերի քարավանից մի ուղտ ճանապարհի կեսին չոքում է, թե մեռնում եմ: Քարավանապետը խնդրում-աղաչում է՝ գոնե մինչև մոտիկ օազիս հասնել, հետո մի հնար կգտնեն: Ուղտը թե՝ ոչ, իմ տերն ես, իրար հետ դժվար օրեր ենք տեսել, իրար հետ սոված ենք մնացել, քանի անգամ ես ինձ մտրակել: Դրանք բոլորը հեչ, բայց քեզ չեմ ներում միայն մի բան. մի անգամ էշին իմ առջև կապեցիր, որ ես էշի հետքերով գնամ: Այ դա քեզ չեմ ներում, ես ավանակի հետքերով պիտի գնա՞մ: Ուրեմն մեր «ուղտերին» մաղթում եմ, որ երբեք իրենց առջև ավանակներ չթողնեն, իսկ եթե անգամ լինում են, արագ շրջանցեն ու անցնեն»:

Անդրադառնալով արդի գրողներին՝ նա նշեց, որ կան գրողներ, ովքեր զարգացնում են այսօրվա գրականության գործը, կան, որ կրկնում են, կան, որ ավելորդ ներկայություն են: «Գրականություն «անելը» մի բան է, գրականություն ստեղծելը՝ մի ուրիշ բան: Այսօր մեծամասնությունը գրականություն «անող» են»,- կարծում է գրաքննադատը:

Դավիթ Գասպարյանը գրականությունը, գրողներին բարձր է գնահատում, բայց ուզում է, որ գրողներն իրենց երևակայական աշխարհից իջնեն բուն, առարկայական իրականություն, ոչ թե գրեն գեղեցիկ թվացող բաներ. «Այս դաժան իրականության պատկերը պետք է արտացոլվի գրականության մեջ, հակառակ դեպքում դառնում է ավելորդություն. իրականությունը մնում է գետի մի ափին, գրականությունը՝ մյուս ափին, թվում է, թե իրար զուգահեռ են, բայց տարբեր ափերում են»: 

 Տ. Աղաջանյան

1