Google maps-ը նշել էր Արցախի սահմանները
Արցախի Հանրապետությունը նշվել է Google որոնողական համակարգի Google maps քարտեզում, ինչն ադրբեջանցիները որպես «սադրանք» են որակում։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայությունների կենտրոնին հղումով, հունիսի 18-ից Լեռնային Ղարաբաղը քարտեզին հայերենով նշված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», իսկ սեյսմոլոգիական ծառայությունը հայտարարում է, որ կենտրոնն իր պաշտոնական կայքերում օգտագործում է Google maps-ը։
«Ադրբեջանի հանդեպ միջազգային որոնողական համակարգի կողմից նման սադրանքներն անհանգստություն են հարուցում։ Քարտեզի վրա սադրիչ փոփոխությունների իրականացման հարցը քննարկվում է կենտրոնում»,-հաղորդել են սեյսմոլոգիական ծառայությունից։
Սա Google-ի առաջին նման քայլը չէ։ «Նման բան տեղի էր ունեցել նաև ավելի վաղ, և միայն մեր համառության շնորհիվ հայերենով ադրբեջանական տարածքի անվանումը հանվեց քարտեզից։ Ցավով հայտնում ենք, որ Google-ը պարբերաբար նման սադրանքների է դիմում»,-ասված է հայտարարության մեջ։
Ի դեպ, ներկա պահին Google maps-ում այլևս չի նշվում Արցախի սահմանները: Երևի ադրբեջանական բողոքները տեղ են հասել: Իսկ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել այդ ամենին: