Գնահատանք ու խոնարհում՝ մայրության ու գեղեցկության տոնին
Գլխավոր » Լրահոս » Գնահատանք ու խոնարհում՝ մայրության ու գեղեցկության տոնին

Գնահատանք ու խոնարհում՝ մայրության ու գեղեցկության տոնին

ՀՅԴ Արցախի կառույցի, Հայ օգնության միության Արցախի միավորի, Հայ մարմնակրթական ընդհանուր միության Արցախի մասնաճյուղի, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի, ՀՅԴ Արցախի երիտասարդական ու պատանեկան միությունների համատեղ ջանքերով ապրիլի 7-ին Ստեփանակերտում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված մայրության և գեղեցկության օրվան, Սուրբ Աստվածածնի Ավետման տոն օրվան:

Միջոցառմանը մասնակցում էին Արցախյան պատերազմներում նահատակված ՀՅԴ և ուղեկից կառույցների անդամների կանայք, մայրեր: Նպատակն էր՝ շրջափակման ու 44-օրյա պատերազմից հետո ստեղծված ծանր պայմաններում փոքրիկ տոն պարգևել նահատակ հերոսների մայրերին ու կանանց, թեկուզ կարճ ժամանակով նրանց կտրել առօրյա հոգսերից ու մտածմունքներից:

Միջոցառումը օրհնանքի խոսքով բացել է Տեր Անդրեաս քահանա Թավադյանը: Ներկաներին շնորհավորելով Աստվածածնի ավետման տոնի, մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթել է, որ հայ կանանց աչքերը երբեք արցունք չտեսնեն, ապրեն խաղաղության մեջ, ուրախանան թոռների, ծոռների ծնունդներով, և այդ բարի ավետիսները միշտ նրանց ականջները շոյեն:

«Սուրբ Աստվածածնի ավետման տոնը մեր եկեղեցու հայրերը հաստատել են որպես հաստատուն տոն ու մշտապես նշում են ապրիլի յոթին: Այս օրը մեր տոնացույցի համաձայն՝ համընկել է Քրիստոսի խաչելության և թաղման օրվան: Մարդկության պատմության մեջ տեղի ունեցած այս երկու իրողությունները՝ մեկը որպես ուրախալի տոն, մյուսը՝ որպես գույժ, մեր եկեղեցին պահում ու պահպանում է, և այսօր երկուսն էլ շատ բան ունեն մեզ սովորեցնելու: Աստվածածնի ավետման տոնին սուրբ Մարիամը ի դեմս մարդկության ստացավ Աստծո մարդացման լուրը, որ Աստված պետք է մարդանա և մարդկությանը փրկի: Այս ուրախությունը շատ մեծ է: Սակայն Մարիամը 33 տարի հետո տեսավ իր զավակին խաչին գամված, որովհետև այդ նույն մարդկությունը, հասարակությունը, ժողովուրդը չընդունեցին փրկության ճանապարհը, ճշմարիտ թագավորությունը, չընդունեցին հույսի թագավորությունը, այլ նախընտրեցին մնալ մեղքերի, հանցանքների մեջ, իրենց կյանքը շարունակել այդ հանցագործ միջավայրում և լույսը անտեսելով՝ մնալ խավարի մեջ: Մինչև օրս այդ պայքարը կա, Քրիստոսի պայքարը շարունակվում է. առաքյալները շարունակեցին այդ պայքարը, շարունակեցին տարածել լույսը խավարի մեջ, որի առաքյալն այսօր Առաքելական եկեղեցին է»,- նշել է Տեր Անդրեասը:

Նրա խոսքով՝ սուրբ Աստվածածինն ուրախ էր իր ավետման տոնին, ինչպես շատերն այդ ուրախությունն ունեցել են, երբ իմացել են, որ պիտի զավակ ունենան. «Սիրելի՛ մայրեր, քույրեր, ձեզնից շատերը զգացել են այն մեծ ցավը, որ ունեցել է սուրբ Աստվածածինը՝ տեսնելով իր զավակին խաչի վրա, ձեր սրտի միջով անցել է այդ սուրը, և այդ մեծ ցավը, վստահ եմ, որ երբեք չի ջնջվի ձեր սրտերից, սակայն այս օրերը գալիս են մխիթարելու, որ Քրիստոս հարություն է առել, նաև Հարության լույսը տարածվում է և նրանց վրա, ովքեր նվիրումով ծառայել են եկեղեցուն, հայրենիքին, ազգին: Վստահ պիտի լինեք, որ ձեր զավակներն էլ Քրիստոսի պես երկնային արքայության մեջ ցնծում և ուրախանում են ցանկացած գեղեցիկ առիթով»:

Նահատակ հերոսների հարազատներին գնահատանքի ու խոնարհումի խոսք է ուղղել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը: Շնորհավորելով մայրության ու գեղեցկության տոն օրը՝ Արթուր Մոսիյանը նշել է, որ միջոցառումն ունի ուրախության ու խոնարհումի բաղադրիչներ: «Արցախյան առաջին պատերազմի չամոքված վերքերին ավելացավ վերջին պատերազմի դեռևս չսպիացած վերքը: Այսպես միշտ եղել է, և հայ ժողովուրդը կարողացել է ինքն իրեն վերագտնել և առաջին հերթին դա կատարել է իր մայրերի, քույրերի միջոցով: Համոզված եմ, որ ապրիլի յոթին նվիրված միջոցառումները կկարողանանք ավելի լավ պայմաններում նշել և, համոզված եմ, որ Արցախ աշխարհին ու Հայաստանին պատած արհավիրքը կկարողանանք հաղթահարել: Լավագույն խոնարհումը մեր նահատակ հերոսների առջև կլինի ոչ միայն հիշելը, այլ նաև ազատ հայրենիքի, իրենց մանուկների արժանապատիվ, խաղաղ ապագայի կերտումը, հանուն որի նրանք նահատակվել են: Դա կլինի մեր՝ ապրողների կողմից ամենամեծ խոնարհումը նրանց առջև»,- նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ կաշխատեն ավելի հաճախ կազմակերպել նման միջոցառումներ:

Մայրերին ու մայր հայրենիքին նվիրված ելույթներով հանդես են եկել «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը, երգչուհիներ Տաթևիկ Բալայանը, Լիլիթ Ավանեսյանը, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, ՀՄԸՄ-ի Արցախի միավորի ու ՀՅԴ ԱԵՄ-ի, պատանեկան միության անդամներ: Ծրագիրը ֆինանսավորել է ՀՕՄ-ի ԱՄՆ Արևմտյան շրջանի շրջանային վարչությունը:

Ներկաներից Կարինե Դադայանը բոլորի անունից շնորհակալություն է հայտնել նման միջոցառում կազմակերպելու համար: «Այս միջոցառումը ևս մեկ անգամ վեր հանեց մեր զգացումները, ինչ մենք վերապրում ենք ամեն օր, ամեն վայրկյան: Տա Աստված՝ այլևս մեր երկնակամարում նման պատերազմներ չլինեն: Մենք այն ժողովուրդն ենք, ում ուղին անցել է պայքարի միջոցով, պայքարում ենք ամեն ձևով, թող մեր պայքարը խաղաղ ավարտ ունենա»,- նշել է նա:

1