«Ղողանջ հիշատակի, երախտիքի ու վերապրումի...»
Գլխավոր » Գաղափարական » «Ղողանջ հիշատակի, երախտիքի ու վերապրումի...»

«Ղողանջ հիշատակի, երախտիքի ու վերապրումի…»

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ստեփանակերտի մշակույթի պալատում կայացավ «Ղողանջ հիշատակի, երախտիքի ու վերապրումի» խորագրով համերգային ծրագիրը։ Համերգին ելույթ են ունեցել Շուշիի «Վարանդա» երգչախմբի երիտասարդական կազմը, շվիահար, դուդուկահար, «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար, լիբանանահայ, դաշնակցական Զաքար Քեշիշյանը՝ դաշնակահար Նադեժդա Սարգսյանի նվագակցությամբ։

Զաքար Քեշիշյանը, էլ հավատարիմ մնալով ՀՅԴ «Դեպի երկիր» կոչին, 30 տարի առաջ եկավ Շուշի, որտեղ և հիմնեց «Վարանդա» երգչախումբը

Համերգին ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, հոգևոր հայրեր, արվեստագետներ և արվեստասերներ:

Համերգի մեկնարկին Զաքար Քեշիշյանը հանդես եկավ ելույթի խոսքով և նշեց, որ Շուշիի «Վարանդա» երգչախմբի հետ վերջին անգամ բեմում է եղել 2 տարի առաջ այս օրերին, երբ նշում էին Կոմիտասի, Թումանյանի և Լևոն Շանթի ծննդյան 125-ամյակը:

«Այսօր, կոտրած սրտով թեև, սակայն ձեզ նման տոկուն կամքով ձեզ հետ եմ կրկին ձեզ հետ համատեղ ապրելու, արարելու, ոգևորվելու, զորանալու ու մեր հավաքական ու ավանդական լավատեսությունը, պայծառամտությունը, հույսն ու հավատը, պայքարելու ու կորցրածը հետ բերելու կամքն ու կորովը վերագտնելու»,-ասել է Զաքար Քեշիշյանը:

Նրա խոսքով այսօրվա համերգը առաջին հերթին իր հոգու ճիչն է, իր հարգանքի ու երախտագիտության, իր խոնարհումի արտահայտությունն է բոլոր այն նահատակների հիշատակի առջև, որոնք գերագույն զոհողությամբ, կյանքի գնով զենքերը ձեռքներին ելան պաշտպանելու մեր հայրենիքն ու արժանապատվությունը:

«Իմ խոնարհումն ու հպարտությունը նաև բոլոր այն քաջերին, որոնք ընկածների զենքն ու զրահը վերցրած, այսօր էլ խրոխտ կանգնած են մեր հայրենիքի եզերքի անվեր պատվի պաշտպանությանն ի խնդիր: Եվ վերջապես, իմ խոնարհումն ու հպարտությունը առ Արցախում ապրող, հայրենի հողը չլքող, մեր վաղվա պայծառ օրվա նկատմամբ հույսն ու հավատը չկորցնող, ատամները պինդ սեղմած, անպարագծելի կորուստն ու ցավը արժանապատվորեն գրկած, բայց արցախցու անկոտրում ու հնավանդ կամքն ու ոգին իր մեջ ամբարած, կռո ճուղուպուր իմ պաշտելի հայրենակիցներիս նկատմամբ»,- նշել է նա:

Համերգին հնչել են Կոմիտասի կատարումներից, երգեր, որոնք գրվել են անցած տարիներին՝ Շուշիի համար, ազգային ու հայրենասիրական երգեր:

Համերգի վերջում Լուսինե Ղարախանյանը շնորհակալություն հայտնեց և բարձր գնահատեց անցնող 30 տարիների ընթացքում Զաքար Քեշիշյանի ներդրումը Արցախի մշակութային կյանքում: Նա ԱՀ ԿԳՄՍ նախարարության անունից նվերներ հանձնեց Զաքար Քեշիշյանին և համոզմունք հայտնեց, որ հայոց ազատագրական պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ Շուշին, որտեղ 30 տարի առաջ ստեղծվել է «Վարանդա» երգչախումբը, մի օր անպայման ետ կվերադարձնենք:

Զաքար Քեշիշյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը, աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս համերգի կայացմանը:

Զաքար Քեշիշյանը հայտարարեց, որ համերգի վերջին երգը հնչելու է Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում՝ զոհված հայորդիների հուշապաստառների մոտ, այդպիսով հարգանքի տուրք մատուցելով նրանց անմար հիշատակին:

1