Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ․լուծում չեն արձանագրել դրա իրավասություն ունեցող միջազգային որևէ կառույց և բանակցային կողմ․ Գևորգ Ղուկասյան
Գլխավոր » Լրահոս » Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ․լուծում չեն արձանագրել դրա իրավասություն ունեցող միջազգային որևէ կառույց և բանակցային կողմ․ Գևորգ Ղուկասյան

Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ․լուծում չեն արձանագրել դրա իրավասություն ունեցող միջազգային որևէ կառույց և բանակցային կողմ․ Գևորգ Ղուկասյան

Վերջերս Երեւանում կայացավ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների ներկայացուցիչների խորհրդաժողովը, որը քննարկեց Արցախի հայաթափումից ու դրանով պայմանավորված զարգացումների վերաբերյալ տարբեր զեկույցներ, կատարեց գործունեության հիմնական ուղղությունների և քաղաքական առաջնահերթությունների մարտավարական բնույթի փոփոխություններ՝ առաջիկա գործունեության համար։

Գործունեության եւ անելիքների շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանի հետ:

-Արցախի  հայաթափումից հետո որո՞նք են Հայ դատի հանձախմբերի և գրասենյակների գործունեության ուղղությունները և հիմնական թիրախները:

-Ե՛վ 2020 թվականի պատերազմից հետո, և՛ 2023 թվականի ցեղասպանական գործողություններից հետո Հայ դատի հանձանխմբերը և գրասենյակները ստիպված են եղել որոշակի մարտավարական վերանայումներ կատարել իրենց գործունեության մեջ  և զբաղվել այնպիսի աշխատանքներով, ունենալ այնպիսի  քաղաքական առաջնահերթություններ, որոնք մինչ այդ խորթ էին Հայ դատի հանձանխմբերի և գրասենյակների համար։ Մասնավորապես, եթե փորձենք ամբողջացնել, թե ինչ բնույթի մարտավարական առաջնահերթություններ երևան եկան, ապա դրանք հետևյալն են․ Ադրբեջանի կատարած ցեղասպանական գործողությունների համար պատասխանատվության ենթարկում և պատժամիջոցների կիրառում, արցախահայության միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրավունքի ապահովում, Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերների և այլ անձանց ազատ արձակում, Հայաստանին՝   արցախահայության կարիքները հոգալու համար հումանիտար օժանդակության տրամադրում, Հայաստանի տնտեսական և ռազմաքաղաքական, այդ թվում՝ ռազմատեխնիկական օժանդակության տրամադրում, Ադրբեջանի հերթական ագրեսիայի կանխում և Հայաստանի պաշտպանության օժանդակություն, մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրություններ, դրանցից բխող միջազգային իրավական, դատական և իրավաքաղաքական գործընթացների նախաձեռնում, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի օրինակով Արցախի իրավունքների պաշտպանությանն ի նպաստ միջազգային և տարածաշրջանային հարթակների ստեղծում և օժանդակություն, միջազգային իրազեկվածության բարձրացում տարբեր միջոցառումների միջոցով, այդ թվում՝  խորհրդաժողովներ, հայկական, միջազգային պատվիրակությունների փոխայցելություններ։ Գործունեության կարևոր ուղղությունը վերաբերում է Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը․ այս առումով ևս որոշակի քայլեր ձեռնարկվել են։

Ինչպե՞ս կգնահատեք Հայ դատի հանձանխմբերի և գրասենյակների գործունեության արդյունքները։

— Երբ  մենք փորձում ենք գնահատել Հայ դատի հանձանխմբերի և գրասենյակների աշխատանքը, ապա պետք է հաշվի առնել, որ այդ աշխատանքը միայնակ՝ առանց ՀՀ պետական դիվանագիտության դիրքորոշումների վերջնական հաջողությամբ չի պսակվի և մեր խնդիրները չի լուծի։ Հայ դատի հանձանխմբերի և գրասենյակների աշխատանքների արդյունքում հաճախ միջազգային նպաստավոր իրավիճակ է ձևավորովում, որտեղ կարելի է մեր իրավունքների պաշտպանությամբ զբաղվել։ Նախ և առաջ պետք է նշել, որ Հայ դատի հանձանխմբերի և գրասենյակների աշխատանքի արդյունքում Ադրբեջանը չի կարողանում ստեղծել միջազգային այն տպավորությունը, թե Ղարաբաղյան հիմնախնդիրը որպես այդպիսին լուծված է։ Սա ցանկանում եմ շատ հստակ արձանագրել․ Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ և հիմնախնդրի լուծում չեն արձանագրել դրա իրավասություն ունեցող միջազգային որևէ կառույց և կոնֆլիկտի բանակցային գործընթացում ներառված պետությունները և հիմնական դերակատարները։

Մյուս խնդիրն այն է, որ մենք ի պատիվ մեր հանձնախմբերի և գրասենյակների կարողանում ենք միջազգային խորհրդարանական մակարդակներում և հատկապես Եվրոպական խորհրդարանում, տարբեր պետությունների խորհրդարաններում, օրինակ՝ ԱՄՆի, Ֆրանսիայի, Կանադայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Հունաստանի, Կիպրոսի խորհրդարանական մակարդակներում ձախողել ադրբեջանական լոբբի գործունեությունը։ Վերջին շրջանում նորից սկսվեցին բացահայտվել տարատեսակ վեճեր՝ կապված ադրբեջանական ֆինանսական մեքենայությունների հետ, կոռուպցիոն դրսևորումներով ուղեկցվող․ վստահ եմ ծանոթ եք գերմանական Բունդեսթագի պատգամավորների կաշառման փորձին և որի արդյունքում դատական գործընթաց է տեղի ունենում, կա առաջադրված մեղադրանք։

Հայ դատի հանձանխմբերի և գրասենյակների աշխատանքի արդյունքում ադրբեջանական լոբբին միջազգային խորհրդարանական մակարդակներում, որպես այդպիսին ձախողվել է, սակայն նրանք որոշակի հաջողություններ ունեն գործադիր իշխանությունների հետ հարաբերություններում՝ առանձին պետությունների հետ, բայց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների քաղաքական առաջնահերթություններից մեկն էլ այն է, որ փորձենք այն վայրերում որտեղ ունենք խորհրդարանական ուժեղ աջակցություն, այդ աջակցությունը վերափոխել գործադիր իշխանության վրա ճնշման և գործադիր իշխանության ու օրենսդիր իշխանության դիրքորոշումները գոնե Ղարաբաղյան հիմնախնդրում սինխրոն լինեն։ Նման հիմնական առաջադրանքը վերաբերվում է Եվրոպական միությանը՝ համաեվրոպական մակարդակում, ԱՄՆ-ին և այլ կազմակերպությունների ու պետությունների։

-Ներկայումս ինչպիսի՞նն է Հայ դատի հանձանխմբերի և գրասենյակների  համագործակցությունը միջազգային կառույցների հետ։

— Միջազգային կառույցների հետ Հայ դատի հանձախմբերի և գրասենյակների համագործակցությունն իրականացվում է տեղում գործող Հայ դատի հանձանխմբերի և գրասենյակների կողմից։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի օրինակով կարող եմ ասել, որ գրասենյակը հրաշալի հարաբերություններ ունի Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ։ Հունիսի 6-9 համաեվրոպական ընտրություններ էին, ձևավորվել է նոր Խորհրդարան, մեր բարեկամներից ոմանք չեն ընտրվել, ընտրվել են նոր բարեկամներ, սակայն պետք է արձանագրել, որ Եվրոպական խորհրդարանը նաև շնորհիվ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների միջազգային թերևս ամենաօբյեկտիվ կառույցն է Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ և ընդհանրապես հայությանը հուզող հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումներով։ Եվրոպական խորհրդարանի հետ աշխատանքը Հայ դատի գրասենյակի շարունակելու է արդեն առաջիկա շաբաթներին։

— Ինչպիսի՞ տրամադրվածություններ և դրքորոշում ունեն միջազգային կառույցները Արցախի շուրջ տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ։

— Պետք է նկատել, որ խիստ տարբեր են՝ կախված պետությունից, քաղաքական մշակույթից, միջազգային կազմակերպության պատասխանատվության բնույթից և միջազգային հարաբերություններում ներգրավածության աստիճանից։ Միարժեք գնահատական չկա․ Եվրոպական խորհրդարանը կատարվածը համարում է էթնիկ զտում, հատկանշական է միջազգային տարբեր դատական ատյանների գնահատականներ, որոնք նույնպես բավական օբյեկտիվ են, ԱՄՆ Կոնգրեսի գնահատականները նույնպես կարելի է ասել, որ միարժեք են, բայց ներկայումս միանգամից մի քանի բանաձևերի նախագծեր են գտնվում շրջանառության մեջ, որոնց ընդունումը վերջնականապես կբյուրեղացնի Կոնգրեսի քաղաքական դիրքորոշումը Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ, բայց այն, որ Սենատի կողմից 2023թ-ի վերջին միաձայն ընդունվեց մի իրավական ակտ, որն ըստ էություն նշանակում էր 907-րդ բանաձևի կիրարկում, որով Ադրբեջանը զրկվում է ամերիկյան ռազմատեխնիկական օժանդակությունից․ դա նույնպես կարևոր քայլ էր։

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացնում Հայ դատի հանձանխմբերը և գրասենյակները Բաքվում  գտնվող հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ։

-Հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ  Հայ դատի հանձնախմբերը, գրասենյակները, Հայկական իրավական կենտրոնը, որը գործում է Հայ դատի համակարգում և տեղակայված է Վաշինգտոնում՝ համապատասխան աշխատանքներ են իրականացնում, որի մասին թույլ տվեք փակագծեր չբացել։

-Վերջերս Երևանում գումարվել է Հայ դատի  գրասենյակների ու հանձնախմբերի համահայկական խորհրդաժողով։ Ո՞րն էր խորհրդաժողովի նպատակը և ի՞նչ արդյուքներով եք այն ամփոփել։

-Այս խորհրդաժողովները ընդհանրապես  Հայ դատի համակարգում պարբերական բնույթ են կրում։ Դրանք կարևոր են մարտավարական բնույթի առաջնահերթությունները բյուրեղացնելու համար, քննարկելու նախընթաց աշխատանքները, ձեռքբերումները բացթողումները, կատարել իրավիճակից բխող և ըստ տարածաշրջանների անհրաժեշտ շտկումներ։

Համահայկական բնույթի խորրդաժողովները որպես կանոն գումարվում են 3 տարին մեկ, դրանից հետո գումարվում են խորհրդաժողովներ ըստ տարածաշրջանների։
Այս բոլոր խորհրդաժողովները մի նպատակ ունեն՝ կիսվել փորձով, քննարկել բացթողումները, հաջողությունները, գործունեության արդյունքերը, կատարել քաղաքական իրավիճակի գնահատում, ռիսկերի և հնարավորությունների վերհանում։ Խորհրդաժողովի կողմից Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները նախանշվել են և ըստ այդմ աշխատանքները կշարունակվեն։

Ապառաժ

1