«Ղարաբաղում ապրող մարդը չպետք է չքավոր լինի». Սուրեն Թովմասյան
Գլխավոր » Լրահոս » «Ղարաբաղում ապրող մարդը չպետք է չքավոր լինի». Սուրեն Թովմասյան

«Ղարաբաղում ապրող մարդը չպետք է չքավոր լինի». Սուրեն Թովմասյան

ՀՅԴ Ասկերանի կառույցի ներկայացուցիչ, Ասկերանի շրջանային վիճակագրության բաժնի պետ Սուրեն Թովմասյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է շրջանի մի շարք խնդիրների, ՀՅԴ առաջարկած լուծումների և այլ հարցերի շուրջ:

-Աշխատանքի բերումով դուք լավատեղյակ եք շրջանի համայնքների վիճակին: ՀՅԴ նախընտրական ծրագրում խոսվում է համայնքների համաչափ զարգացման մասին, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել գյուղական համայնքների զարգացումը: Դուք ի՞նչ խնդիրներ եք տեսնում գյուղերի զարգացման ճանապարհին, արդյո՞ք ներկայացված առաջարկները լիարժեք են:

-Համայնքների համաչափ զարգացումը պարտադիր պայման է: Մեր գյուղերը, հիմնականում փոքրերը, անկում են ապրում: Բոլոր ծրագրերը, ներդրումներն ուղղվում են մեծ համայնքներին, շրջկենտրոններին ու մայրաքաղաքին: Փոքր գյուղերի մեծ մասում բացակայում են համայնքային կենտրոնները, չկան աշխատատեղեր: Ասկերանի շրջանի որոշ լքված ու փոքր գյուղերում նպաստավոր պայմաններ կան այգեգործության, անասնապահության, փայտամշակման արտադրության զարգացման համար: Այդ գյուղերի գոյատևման, զարգացման, աճի համար անհրաժեշտ են որոշակի ներդրումներ, որոնց շնորհիվ հնարավոր է ապահովել գյուղերի կենսունակությունը:

-Ձեր կարծիքով, Դաշնակցության ծրագրային առաջարկները կօգնե՞ն արդյոք բարելավելու ժողովրդագրական իրավիճակը:

-Մեր առաջարկներն իրատեսական են: Դաշնակցության կից կառույցները տարիներ շարունակ մեր շրջանում տարբեր ծրագրերով աջակցում են բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքներին:

Մասնագիտական առումով ուզում եմ հատկապես նշել, որ Արցախում բնական աճը շատ դանդաղ է ընթանում: Մենք պետք է խթանենք ծնելիությունը, աջակցենք բազմազավակ ընտանիքներին: Միայն այդ ճանապարհով կարող ենք հաղթել թշնամուն: Բնակչության մեծ թիվն անվտանգության երաշխիք է. հատկապես սահմանային գյուղերում ժողովրդագրական կտրուկ աճ պետք է լինի: Այս հարցին կարևորություն է տրվել ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագրում:

-Ինչպե՞ս եք գնահատում գործազրկության և չքավորության ցուցանիշների կրճատման հնարավորությունն Արցախում:

-Ասկերանի շրջանում գործազրկության ու չքավորության ցուցանիշները բարձր չեն, քանի որ այն մոտիկ է մայրաքաղաքին, ջրովի հողատարածքներ, որոշակի բնական ռեսուրսներ կան, Ակնայի տարածքում անասնապահությամբ են զբաղվում: Այս պայմանները նպաստում են, որպեսզի գործազրկության ու չքավորության ցուցանիշները շրջանում այնքան էլ բարձր չլինեն: Ղարաբաղում ապրող մարդը չպետք է չքավոր լինի: Այս առումով առաջին հերթին շուկայի հարցը պետք է լուծել: Աշխատող գյուղացին ավելի քիչ է եկամուտ ստանում իր ապրանքից, աճեցրած բերքից, քան վերավաճառները: Այս խնդիրը ևս ինչ-որ չափով կլուծվի դեմոգրաֆիական վիճակի փոփոխության դեպքում:

-Եվ վերջում, ինչո՞ւ պետք է ընտրողն իր ձայնը տա ՀՅ Դաշնակցությանը:

-Մեր կողմից ներկայացված և՛ նախագահի, և՛ պատգամավորության թեկնածուները պետք է արժանանան ընտրողների վստահության քվեին: Դա բացատրվում է և ներքին խնդիրների լուծման ուղիների հեռանկարային առաջարկներով, և արտաքին կապերով: Հանուն ազգային շահի՝ Դաշնակցության դիրքորոշումը լավագույնս է արտահայտվում միասնական թեկնածուի առաջարկի ներկայացմամբ: Ցավոք, ՀՅԴ այդ նախաձեռնությունը հաջողություն չունեցավ, և այսօր հասել ենք այնպիսի իրավիճակի, երբ ունենք նախագահի 14 թեկնածու, 33 պատգամավորական տեղի համար պայքարող 12 կուսակցություններ ու դաշինքներ:

Այսօր ցավով եմ արձանագրում, որ գաղափարական մասսայի կողքին, ով իր ձայնը գիտակցված տալիս է ինչ-որ ուժի ներկայացրած ծրագրին, կան մարդիկ, ովքեր նյութականի հետևից են գնում:

Մենք շատ համեստ ենք, լիարժեքորեն չենք ներկայացնում մեր ավանդը, կատարած աշխատանքները: Դաշնակցությունը, որպես ավանդական կուսակցություն, Արցախում պետք է իր արժանի տեղն ունենա:

Տաթևիկ Աղաջանյան

1