Ղարաբաղի հարցը համազգային է, այս պայքարը պիտի ավարտենք հաղթանակով. Արթուր Մկրտչյան
Արթուր Մկրտչյանը ծնվել է Հադրութի Ուխտաձոր գյուղում 1959 թվականի փետրվարի 16-ին: 1976 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1981 թվականին ավարտել է համալսարանը եւ աշխատանքի անցել Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: 1983-86թթ. սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1986 թվականին վերադարձել է հայրենիք եւ աշխատանքի անցել Հադրութի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում` որպես տնօրեն: 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ: Արցախի ազատագրական պայքարի առաջամարտիկներից եւ կազմակերպիչներից է, զինված ազատագրական պայքարի ջատագով: 1991 թվականի դեկտեմբերին ընտրվել է Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1992 թվականի հունվարին` Գերագույն Խորհրդի նախագահ:
Արթուր Մկրտչյանը՝ որպես անկախ Արցախի ազգային ժողովի առաջին նախագահ, մարմնավորել է բարոյական արժեքներն իր մեջ խտացնող քաղաքական գործչի տիպարը՝ հավատարիմ մնալով դաշնակցականի տված երդմանը՝ ազատ ու անկախ հայրենիքի կերտման գործում։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա գիտակցում էր, որ Արցախն Ադրբեջանի կազմում գոյատևել չի կարող, որն էլ մղել է նրան թողնելու մանկավարժի գործն ու ու լծվել հայրենիքի պաշտպանության ու ազատագրության սուրբ գործին։
Մեծ է նրա դերը Արցախյան շարժման նախաձեռնման և զարգացման գործում։ Հայրենի Հադրութում նա էր առաջին ցույցերի նախաձեռնողներից մեկը, իսկ դրանից հետո մասնակցել է Հադրութի ինքնապաշտպանության կազմակերպման գործին։
Արթուր Մկրտչյանի համար հասկանալի էր, որ միայն ժողովրդի համախմբումը կարող էր փրկել Արցախը․
«Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում է եւ պաշտպանում է այդ հողը»,- այս համոզումն էր Արթուր Մկրտչյանին մղել ազգային-ազատագրական պայքարի։
Այո՛, պետք էր ապրել արցախյան սուրբ հողի վրա, պետք էր պաշտպանել այն։ Մինչ ինքնապաշտպանական ուժերը կռիվ էին մղում թշնամու դեմ, դաշնակցական Արթուր Մկրտչյանը 1992 թվականի հունվարին ընտրվում է Գերագույն Խորհրդի նախագահ։ Ժողովրդի համար այդ դժվարին ժամանակահատվածում նա իր ուսերին է վերցնում երկրի առաջնորդի պարտականությունները՝ ղեկավարել նորաստեղծ կառավարությունն ու վարել երկրի արտաքին քաղաքականությունը։
Արթուր Մկրտչյանը պատվով է կարողանում կատարել իր առջև դրված պարտականությունները։ Նա դարձավ Արցախի պատմության մեջ այն ղեկավարը, որը վայելում էր ժողովրդի մեծ համակրանքը։
Ըստ Արթուր Մկրտչյանի՝ պետության գոյատևման համար առաջնայինը կանոնավոր բանակի ստեղծումն էր, երկրի սահմանների ամրացումը, իսկ դրանից հետո արդեն ժողովրդի կենսապայմանների բարելավումը։
Ցավոք, 1992 թվականի ապրիլի 14-ին կտրվեց նրա կյանքի թելը:
Թեև 32-ամյա Արթուր Մկրտչյանը հասցրեց երկրորդ հայկական պետությունը ղեկավարել ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագույն պատմության մեջ:
