Գարեգին Բ-ն հանդիպել է ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների հետ
Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուների հետ։
Ներկաների անունից ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն ուրախություն արտահայտեց հանդիպման առիթով՝ նշելով, որ տարածաշրջանային քսաներկու պատասխանատուներն ուխտավորաբար եկել են Սուրբ Էջմիածին իրենց սերն ու հավատարմությունը հայտնելու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ և զորանալու Սուրբ Էջմիածնի օրհնությամբ։ Հայր Սուրբը տեղեկություններ փոխանցեց հանրակրթական դպրոցների տնօրենների, մանկավարժների և աշակերտների հետ ամենօրյա աշխատանքում տարածաշրջանային պատասխանատուների կարևոր դերակատարության մասին, անդրադարձավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման գործընթացում արձանագրված հաջողություններին և առկա մարտահրավերներին։
Այնուհետև ՔԴԿ աշխատակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց ներկաներին նվիրյալ և ժրաջան ծառայության համար, ինչի շնորհիվ նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան անցնող տասնհինգ տարիների ընթացքում իր հաստատուն և կարևոր տեղն է ամրագրել հանրակրթական դպրոցի առարկայացանկում։ Նորին Սրբությունն իր խոսքում արձանագրեց, առարկան, լրացնելով խորհրդային աստվածմերժության տարիների բացը, անհրաժեշտ գիտելիքի մատուցմամբ ոգի և դաստիարակություն է ջամբել մատաղ սերնդին, ծանոթացրել Հայոց Եկեղեցու առաքելությանը, պատմությանը, կերտած հարուստ ժառանգությանը, դավանած հոգևոր արժեքներին, ծեսին ու բարեպաշտական սովորություններին։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ «Հայոց Եկեղեցու պատմությունը» ազգային նկարագիր և ինքնություն կերտող առարկա է, որ սերմանում է ազգային-հոգևոր արժեքներ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց, որ Եկեղեցու ճանաչողությունը, աստվածճանաչողությունը, հաղորդակցությունը քրիստոնեական արժեքներին նպաստում են անձի ձևավորմանը, հայրենասիրության և ազգասիրության ոգու զորացմանը։
Կարևորելով ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների առաքելությունը՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց ներդրումը բերել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանատուներին տեղեկացրեց նաև առաջիկայում տեղի ունենալիք Մայր Աթոռի և ԿԳՄՍ նախարարության կրթական հարցերով ենթախմբերի հանդիպման մասին՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի շահեկան եզրահանգման գալ կրթական բարեփոխումների, այդ թվում և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ բարձրաձայնված մտահոգությունների և առաջարկությունների հարցում։
Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ՔԴԿ տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետին նվիրյալ և հետևողական աշխատանքի համար։
Զրույցի ընթացքում տարածաշրջանային պատասխանատուները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին ծառայության հետ առնչված իրենց դիտարկումներն ու մտահոգությունները։
yerkirmedia.am