Գաղափարի նորօրյա մարտիկ, դաշնակցական Արման Ստեփանյան
Գլխավոր » Գաղափարական » Գաղափարի նորօրյա մարտիկ, դաշնակցական Արման Ստեփանյան

Գաղափարի նորօրյա մարտիկ, դաշնակցական Արման Ստեփանյան

Հերոսներից շատերը, բռնելով անմահության ճանապարհը՝  սխրանքի, խիզախության և ոգեշնչման, օրինակ են դառնում ապագա սերունդների համար: Այդ նվիրյալ հերոսների շարքը 2015թ. սեպտեմբերի 4-ին համալրել է նաև ազնվության ու նվիրվածության մարմնացում, հայրենիքի, գաղափարի նորօրյա մարտիկ, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր, ՊԲ սպա Արման Վաչագանի Ստեփանյանը:

Արմանը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 7-ին:

1999-2001թթ. ժամկետային զինծառայության է անցել հրետանային զորամասերում: Սկսած 2003թ.՝ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ, իսկ 2014թ. հոկտեմբերին կամավոր տեղափոխվել է հյուսիսային պաշտպանական շրջան և նշանակվել զորամասի սպա-հոգեբանի պաշտոնում:

Ծառայության մեջ իրեն դրսևորել է՝ որպես խելացի, կարգապահ և կազմակերպչական ունակություններով օժտված սպա, մշտապես գտնվել է շարքային զինվորների կողքին, մարտական դիրքում, հոգեբանորեն նախապատրաստել մարտական խնդրի հստակ կատարմանը:

Իր առջև դրված մարտական խնդիրներն Արմանն իրականացնում էր պատասխանատվության բարձր զգացումով և մեծ նվիրումով: Բարեխիղճ ծառայության համար բազմիցս խրախուսվել է, պարգևատրվել ՀՀ Պաշտպանության գերատեսչական մեդալներով:

Ամուսնացած է, երեք զավակների հայր: 

2015թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ծառայողական խնդիրը կատարելու ժամանակ հակառակորդի դիվերսանտների արձակած կրակոցներից Արման Ստեփանյանն ընկավ քաջի մահով՝ բռնելով անմահության ճանապարհը: Նա հայրենիքի ընտրյալ պաշտպան էր, ով հանուն հայրենիքի զոհաբերեց ամենաթանկը՝ կյանքը:

Արման Ստեփանյանը 2018թ. փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ  Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության եւ ԱՀ ՊԲ-ի կողմից  հետմահու պարգեւատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով:

Արմանը ազնիվ, նվիրյալ հայի տիպար է: Նա իր կյանքի 33 կարճ, բայց բովանդակալից տարիներն ապրեց նվիրումով՝ իր հայրենիքին, իր որդեգրած գաղափարին, իր ընտանիքին: Եվ պատահական չէ, որ իր կարճ կյանքի 16 տարիներն անցկացրել է ՊԲ շարքերում:

Փառք ու պատիվ հանուն հայրենիքի հերոսացած հայորդիներին:

1