Գաղափարական անկման շեմին
Պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ հանրային հարթակներում և մամուլում նոր թափ են ստացել պատերազմի, պարտության պատճառների և մեղավորներ փնտրելու ու արդարացումներ գտնելու շուրջ շրջանառվող նյութերը: Իհարկե, անցած մեկ տարվա ընթացքում ևս չեն պակասել սխալների որոնումն ու արդարացում պարունակող վկայությունները: Ինչ-որ տեղ դա բնական է: Վերջապես, պարտությունն ու կորուստն ահռելի են և առաջին հայացքից՝ անդառնալի:
Հիմնական պատասխանատուները, բացի նրանից, որ ամեն ջանք ու եռանդ չխնայելով փորձում են արդարացումներ որոնել, գիտակցում են, որ պատմության առաջ ևս պատասխան են տալու: Նրանց մոտ «գող՝ սիրտը դող»-ի հոգեբանությունն է տիրում:
Դեպքերի և իրադարձությունների մանրամասն քննարկումները և դրանցում, մեղավոր գտնելուց բացի, պարտության հիմնական պատասխանատուները պաշտպանված լինելու համար փորձում են գտնել նաև գաղափարական հիմնավորումներ: Արդարացումներ գտնելու այս հանգրվանում ճահճի մեջ ընկածի նմանությամբ ավելի է բարդանում պատմության առաջ պատասխան տալու պարտավորությունը: Ոչ մի կերպ, քան դավաճանությամբ՝ առաջին հերթին ինքն իրեն դավաճանելով, չի կարելի բացատրել «Արցախը Հայաստան է, և վերջ» նախադասությունը բազմահազար ունկնդիրների առաջ կրկնողից հայկական գյուղերը ադրբեջանական անուններով հիշատակելը: Սա գաղափարական անկում է:
Ժամանակին Նիկոլ Փաշինյանը՝ այն հարցին, թե իրենց շարժումը ինչ գաղափարախոսության է հետևում, նշել է, որ իրենք որևէ «իզմ»-ի չեն հետևում: Այդպիսով, նա իրեն ձերբազատեց սկզբունքային լինելուց: Երբ գաղափարակիր չես, հնարավորություն ունես այս ճյուղից այն ճյուղը թռչել ճնճղուկի թեթևությամբ: Սակայն այդ թեթևությունը երբեք չի ներվել: Պատմության ընթացքում շատ անգամ դավաճանության խարան է դաջվել այդ թեթևամիտների ճակատին:
Պարտությունից հետո հայ իրականության մեջ առկա գաղափարական անկումը նկատելի է ամենուր: Հայտարարվում է խաղաղության դարաշրջան: Իհարկե, խաղաղությունն ունի իր արժեքը, սակայն հայրենիքի կորուստը հետ բերելու ուղղությամբ պատերազմը ևս արժեք է և առավել գերակա արժեք, քան նվաստացնող խաղաղությունը: Չմոռանանք, որ մեր թշնամին 30 տարի իր սերունդներին դաստիարակեց պատերազմի միջոցով իր «հայրենիքի» վերանվաճման ոգով:
Նվաստացուցիչ խաղաղության առաջին գաղափարախոսներից մեկը մերօրյա պատմության մեջ եղել և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ասպարեզ նետեց «Մեր պաշտպանվածությունն անպաշտպանության մեջ է» տեսակետը, արտաքին քաղաքականության պետական օրակարգից Ցեղասպանության հարցի բացառումը, ինչպես նաև Արցախը որպես ադրբեջանական տարածք ճանաչելը: Չմոռանանք 1990-ական թվականներին Արցախի իշխանությունների նկատմամբ Լևոն Տեր-Պետրոսյանի արհամարհանքն ու նրա պարտադրանքը Քարվաճառի շրջանի հանձնման ստորագրման հարցում:
ԼՏՊ-ին այցելությունը դարձել է Արցախի նախագահի՝ Երևան ուղևորության աշխատանքային մշտական օրակարգի մշտական կետերից մեկը: Վերջերս ավելացել է նաև Արցախի իշխանությունների այլ ներկայացուցիչների այցը Տեր-Պետրոսյանին: Պարտությունն արդարացնելու համար այս ընթացքը՝ կնքահայր որոնելու և գաղափարական առաջնորդի փնտրտուքը, չի կարող այլ տեղ տանել, քան սեփական երդումը դրժելու դավաճանական ուղի:
«Ապառաժ»-ի խմբագրական
30 սեպտեմբերի, 2021թ.